Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նոյեմբերի 18-ի նիստում հրապարակվեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Ներկայացվեցին «ԴԱՐ-21» հեռուստաընկերություն», «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ-ների «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ», «ՇԱՆԹ» ՍՊԸ-ների («Շանթ սպորտ» ծրագիր) հայտերը:
«Դար 21» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը վստահեցրեց՝ պահպանելու են երաժշտական, ժամանցային հեռուստաալիքի ձևաչափը. «Կմնանք երաժշտական, ժամանցային հեռուստաալիք, ծրագրային քաղաքականության հիմնական ուղղությունն ուզում ենք դարձնել կրթական և դաստիարակչական, քանի որ հիմա առավել շատ է կարիք զգացվում այդ հաղորդումների»:
«Մո թիվի մեդիա հոլդինգ» ՓԲԸ ներկայացուցիչ Գագիկ Մկրտչյանը ներկայացրեց «Նոր Հայաստան» հեռուստատեսությունը: Նշեց, որ տեխնիկապես վերազինված են ու շարունակեց. «Օրինակ՝ տեխնիկական հնարավորությունների շնորհիվ ստուդիա հրավիրված հյուրին կարող ենք տեղափոխել մեկ այլ ստուդիա և մասնակից դարձնել որպես լոկալ հյուր: Հեռուստաընկերությունը հիմնադրում է սեփական թղթակցային բյուրոներ ԱՄՆ-ում, Սիդնեյում, Կանադայում, Բրյուսելում, Մոսկվայում»:
«ԱՌՓԻ մեդիա» ՍՊԸ ներկայացուցիչ, հեռուստապրոդյուսեր Ռուբեն Թումանյանը ներկայացրեց իրենց կողմից ստեղծվելիք «Նուռ» հեռուստաընկերության տեսլականը. «Ուզում ենք նոր հեռուստաալիք ստեղծել ամբողջ ընտանիքի համար՝ ամբողջ ընտանիքով յուրաքանչյուր ժամի կարգախոսով: Քաղաքականացված մեդիա դաշտում ժամանցային հեռուստաընկերությանը քիչ տեղ է հատկացվում, ինչի բացը փորձելու ենք լրացնել»:
Կարդացեք նաև
«ՇԱՆԹ» ՍՊԸ ներկայացուցիչները ներկայացրին «Շանթ սպորտ», «Շանթ նյուզ», «Շանթ մյուզիք» ծրագրերը և վստահեցրին՝ «Շանթ» հեռուստաընկերությունը հետևել է տեխնոլոգիական բոլոր թրենդներին ու տեղեկացրին. «Շանթ հեռուստաընկերությունը նախաձեռնեց նոր մայրաքաղաքային ալիքի ստեղծումը, որը կլինի մեծ պահանջարկ ունեցած ալիքների համադրում՝ «Շանթ սպորտի», «Շանթ նյուզի» և «Շանթ մյուզիքի»: Հետուստաալիքը թիրախավորելու է 12+ տղամարդկանց»:
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց՝ վաղը ՀՌՀ նիստը կվերսկսվի, և հանձնաժողովը կլսի մարզային հեռուստաընկերությունների հայտերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ