«Ի՞նչ են մտածում, վե՞րջ, պատերազմը վերջացա՞վ, խաղաղությո՞ւն է, խաղաղություն կերտենք, երկիր զարգացնենք։ Խաղաղությո՞ւն է հիմա Հայաստանում, խաղաղությո՞ւն է հիմա տարածաշրջանում․ թուրքական զորքը Ադրբեջանում է՝ տուրիստ ե՞ն եկել, իրանական զորքը սահմանին է՝ բան ու գործ չունե՞ն, դրա համար են սահման դուրս եկել, ռուսական զորքը Ղարաբաղում ու Հայաստանում է՝ պարզ չէ՞, որ այստեղ կաթսա է եռում»,- Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում ունեցած ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը:
Ըստ բանախոսի, տարածաշրջանը վաղը կարող է պայթել և Հայաստանը կարող է դառնալ մեծ պետությունների պատերազմի թատերաբեմ, Հայաստանը կարող է ոտնատակ տրվել. «Այս պայմաններում, մենք է՞դ վարչապետին էինք արժանի։ Է՞դ վարչապետին էինք արժանի, որ երկուսուկես տարի որևէ բան չարեց։ Կարդացեք այդ վարչապետի ծրագիրը՝ երջանկություն էր ձեզ խոստանում․ երջանի՞կ եք դուք հիմա այստեղ։ Քանի՞ երջանիկ մարդ կա այստեղ։ Քաղաքում քայլում ես՝ մի մեծ հոգեհանգիստ է, սեւ լենտեր են… Երեկ Գյումրի էի գնացել՝ ՀՅԴ գումարտակի զոհված ընկերների հոգեհանգստին, ամբողջ Գյումրին սև լենտեր են, երջանիկ մա՞րդ դուք տեսաք այնտեղ»:
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոստումները՝ կառուցելու եւ երկիրը շենացնելու մասին. «Հայկական հեռուստացույցներ պետք է արտադրեին․ քանի՞սն է ձեզանից հայկական հեռուստացույց տեսել, քանի՞սն է ձեզանից նրա խոստացած հայկական լվացքի մեքենան տեսել։ Ի՞նչն է կառուցել, ճանապա՞րհ է ասֆալտապատել․ դե էդ սաղ ասֆալտապատ ճանապարհը դրեք կշեռքի մի նժարին, Քարվաճառի կորցրած ճանապարհը դրեք մյուս նժարին։ Դե վայելեք այդ ճանապարհը: Կորցրեցինք Քարվաճառի ճանապարհը, որը դարակազմիկ շինություն էր»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ, միակ բանը, որ Փաշինյանը կարողանում է անել՝ դա շոուն է ու նա նույնիսկ իր աշխատանքի գնալն էր շոու սարքել եւ հեծանիվով էր գնում աշխատանքի: Նա Նիկոլ Փաշինյանին հորդորեց՝ հիմա էլ գնալ, բայց արդեն ուրիշ տեղ գնալ:
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը տարակուսած է, որ Նիկոլ Փաշինյանն իր ու իր կառավարության ձախողումներում մեղադրում է բոլորին՝ սեփական մեղքի բաժինը չտեսնելով: Նա տարակուսած է անգամ այն փաստից, որ 30 տարի կամավորական ջոկատներից հայկական բանակ է ստեղծվել, իսկ այս պատերազմում Նիկոլ Փաշինյանը բանակից նորից կամավորական ջոկատներ էր ուզում սարքել ու դարձյալ մեղադրանքներ էր հնչեցնում մարդկանց հասցեին՝ պատերազմում պարտվելու համար, որովհետեւ ինչ-որ մեկը տեղեկանք է գնել. «Տեղեկանք Սարդարապատի ժամանակ էլ են գնել, բայց պարտվե՞ց ժողովուրդը: Հաղթեց, որովհետեւ կար կազմակերպիչ: Հազարավոր մարդիկ գնացել էին զինկոմիսարիատներ, ինչի՞ չզորակոչեցիք: Չզորակոչեց, որ այսօր ասի՝ դուք չգնացիք կամավոր, մեղքը ժողովրդի վրա բարդի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած ճանապարհային քարտեզին էլ, Արթուր Խաչատրյանն ասաց. «Գրել է՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում… է, բանակցեիր, ո՞վ էր քեզ խանգարում: Երկու տարի բանակցություններից թռնում էիր, ժողովուրդը ինձ չի ասել՝ ես ի՞նչ խոսեմ, ղարաբաղցիք ինձ չեն ասել, որ ես գնամ՝ բանակցեմ, բանակցություններում միկրոհեղափոխություններ պետք է անենք… անեիր, ո՞վ էր քեզ բռնում, վիժեցրեցիր բանակցությունները, դրա համար կռիվ բերեցիր ժողովրդի գլխին: Հիմա ո՞ւմ հետ ես գնալու բանակցես, Ալիեւի՞ հետ: Տո նա քո հետ կբանակցի՞: Ստատուս փոզմիշլա՞ր: Պուտինի հետ պիտի գնաս բանակցե՞ս: Երեկվա դիագնոզը՝ Պուտինի դրած, լսեցի՞ք, բառացի չասա՞ց ո՞վ բերեց այս վիճակին: Գլխավոր շտաբի պետի տված դիագնոզը կարդացեք: Բա բանակցեիր, այն ժամանակ չարեցիր, հիմա ի՞նչ ես անում»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիներին ուղղված հորդորներին՝ վերադառնալ իրենց բնակավայրեր, ՀՅԴ-ական գործիչը հարցնում է. «Լավ, ստեփանակերտցին գնաց, բա հադրութցին ո՞ւր է գնալու»: Նրա կարծիքով՝ նախ պետք է պայմաններ ապահովել, այդ մարդկանց վերադարձնել իրենց կորցրած տունն ու ունեցվածքը, հետո առաջարկել ապրել այնտեղ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ