Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանին ու Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրվեց

Նոյեմբեր 18,2020 19:25

Հատուկ քննչական ծառայություն հրավիրված «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին  եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին մեղադրանք առաջադրվեց: Այս մասին հայտնեցին նրանք՝ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում: Արթուր Վանեցյանն ասաց, որ մեղադրանքն անհիմն է. «Սա ամբողջությամբ քաղաքական հետապնդում է»:

Նախքան ՀՔԾ մտնելն Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չգիտի ինչի համար են իրեն հրավիրել Հատուկ քննչական ծառայություն, իր հասկանալով՝ մեղադրանք առաջադրելու:

«Սա Նիկոլ Փաշինյանի բեմադրած թատրոնն է՝ փորձելով ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալել, հետապնդել: Հավանաբար, Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ նման քայլերով կկարողանա մեզ հետ պահել այս գործընթացից, բայց նա լրջորեն սխալվում է, որովհետեւ չի կարող այդպես լինել, սա հայրենիքի փրկության պայքար է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ ինչ ուզում են՝ անեն, նույնիսկ, եթե ձերբակալեն, դատեն:

Անդրադառնալով վարչապետի հրապարակած երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզին, ասաց՝ ուզում եմ հասկանալ ի՞նչ չի արել Նիկոլ Փաշինյանը, որ հիմա ուզում է անել. «Ինքն ուներ 2,5 տարի ժամանակ, որպեսզի երկրում ե՛ւ բարեփոխումներ անելու ե՛ւ բարեկեցիկ ու պաշտպանված երկիր ստեղծելու համար: Ինքը ձախողել է, որեւէ հաջողություն չի արձանագրել, բայց արձանագրել է մեծ պարտություն, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր եւ իր գործունեության արդյունքում կորցրել ենք մեր հայրենիքը: Հիմա եւս վեց ամիս ինչի՞ համար է ուզում, ինչ ունի հանձնելու, որ չի հանձնել»:

ՀՔԾ էր հրավիրվել նաեւ ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:  Նա, նույնպես կարծում էր, որ իրեն հրավիրել են մեղադրանք առաջադրելու:

«Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ինչ ասես կարելի է սպասել, այնպես որ ոչինչ պետք չէ բացառել, կարող է Քենեդիի սպանության համար էլ փորձեն մեղադրել»: Ըստ պարոն Մինասյանի, արդեն մեկ անգամ ոչ իրավաչափ է ճանաչվել ձերբակալումը. «Այդ հոդվածն ընդհանրապես կիրառելի չէ: Ես կարծում եմ, որ ապօրինություններն այնքան ցցուն են, որ թե՛ Սասուն Խաչատրյանը որպես ՀՔԾ տնօրեն, թե՛ գլխավոր դատախազը պետք է գիտակցեն, որ գալու է իրենց պատասխանատվության պահը»:

Վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի առնչությամբ էլ Արծվիկ Մինասյանն ասաց՝ ես նրա որեւէ խոսքի արդեն լուրջ չեմ վերաբերվում. «Նրա դրական խոստումներից ո՞ր մեկն է իրականացել, ոչ մեկը: Նա փորձում է դրանով քաղաքացիական լապշա պատրաստի»:

Արծվիկ Մինասյանը վստահ էր, որ առաջնագծից եկած տղաները որեւէ թթու խոսք ընդդիմությանը չեն ասի, իսկ որոնք որ այս օրերին բախումներ կհրահրեն՝ կապ չունեն առաջնագծի հերոսական պայքարի հետ:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ տեղին չէ Նիկոլ Փաշինյանին դավաճան ասելը, պարոն Մինասյանն ասաց, որ այդ պիտակը նրան ժողովուրդն է տվել. «Իհարկե Ռուսաստանի դաշնության նախագահը չէր կարող Հայաստանի ժողովրդի կողմից «դավաճան» պիտակավորված անձի վերաբերյալ այլ բան ասել, բայց այն փաստերը, որոնք հնչեցվեցին եւ որոնց ներքո ակնհայտ էր դառնում, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով պետք է պատասխանատվության ենթարկվի, սա փաստ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30