Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք եք, որ նրան բերել եք իշխանության եւ դուք եք, որ հեռացնելու եք». Արա Հակոբյան

Նոյեմբեր 18,2020 18:55

Ազատության հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով  ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքի մեկնարկին ոստիկանությունը բարձրախոսով հաղորդում է, որ ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելված են, իսկ սահմանված կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության: Հանրահավաքը վարող ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց ոստիկանությանը՝ իսկ ուժային կառույցները հարցեր ուղղո՞ւմ էին Նիկոլ Փաշինյանին, թե ի՞նչ էր անում նա՝ անցնող երկու ամիսների ընթացքում, ռազմական դրության պայմաններում: Ապա հիշեցրեց, որ նստած զանգահարում էր զինվորներին եւ սպաներին եւ ռազմական գաղտնիքներ պարունակող բաների մասին հարցեր տալիս: Երեկ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի բացահայտումներից հետո, Գեղամ Մանուկյանն առնվազն թեթեւամտություն է որակում Նիկոլ Փաշինյանի այդ եւ հետագա օրերի պահվածքը:

Նա հանրահավաքի մասնակիցներին հորդորեց ամուր լինել՝ սադրանքների չտրվել, քանի որ առավոտից իշխանական շրջանակներից, այսպես կոչված, հակընդդեմ հանրահավաքի մասին է հայտարարվում եւ սադրանքները բացառված չեն:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանն էլ իր ելույթում ասաց, որ դժվարին օրեր են սպասվում եւ անցնելիք դժվար ճանապարհ, բայց այդ իրավիճակը կարելի է հաղթահարել՝ համախմբելով համայն հայության ներուժը, սակայն, այդ ճանապարհին ունենք արգելք՝ վարչապետն իր իշխանախմբով, որը ջանում է անգամ այս պայմաններում պառակտում մտցնել հանրության շրջանում: Արա Հակոբյանը խոստանում է՝ պառակտում թույլ չեն տալու:

«Դուք եք, որ նրան բերել եք իշխանության եւ դուք եք, որ հեռացնելու եք: Հայությունն է, որ փոխելու է այս իրավիճակը»,- ասաց նա: Բանախոսի համոզմամբ, միայն այս իշխանախմբի հեռացմամբ է հնարավոր հարաբերություններ կարգավորել տարբեր երկրների հետ եւ փորձել իրավիճակը փոքր-ինչ հայանպաստ դարձնել:

«Քաղաքական ուժերը իշխանության հավակնություն չունեն, քաղաքական ուժերը հավակնություն ունեն՝ իրավիճակի փոփոխության»,- ասաց Արա Հակոբյանը՝ հավելելով, որ ճանապարհային քարտեզ են հրապարակել, որը ճանապարհ է բացելու: Նա հավաքվածներին հավաստիացրեց, որ խաբկանք չի լինելու եւ ընտրական փուլում միայն ու միայն ժողովուրդն է ընտրելու իր իշխանությանը, ձեւավորելու իր կառավարությունը. «Հավատացեք մեզ՝ համախմբվենք եւ լուծենք այս խնդիրը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30