Դիլիջանի գիշերօթիկ հաստատությունում այս պահին ժամանակավոր ապաստան են ստացել Արցախից եկած մոտ 70 ընտանիք։
Առաջին հայացքից գորշ թվացող շինության ներսում անվերջ վազվզող երեխաների ձայնը միայն դրական զգացողություն է առաջացնում։
Բնակիչներից բոլորը վստահաբար պնդում են, որ իրենք իրենց հողում միայն կարող են ապրել և մոտակա օրերին պատրաստվում են վերադառնալ և նորից վերակառուցել իրենց տունը։
Արդեն երեք պատերազմ տեսած արցախցիները չեն էլ ուզում մտածել, իրենց հողը լքելու մասին։
Կարդացեք նաև
Պնդում են՝ ինչքան էլ դժվար է , բայց իրենց տունն ու կյանքն այնտեղ է. պետք է վերադառնան։
Ամեն անկյունում իրենց իրերը կոկիկ դասավորած Գրիգորյանների ընտանիքը Արցախի Ասկերանի շրջանի Խաչման գյուղից է։
Հասմիկը իր ամուսնու մոր, տալի և չորս երեխաների հետ մոտ մեկ ամիս ապրել է Երևանում, իսկ մեկ շաբաթ առաջ տեղափոխվել է Դիլիջան։
Նրա խոսքով չնայած դժվարությանը իրենց որոշումը Արցախ վերադառնալն է.
«Դեռ չենք որոշել, թե հետագայում ինչ ենք անելու, բայց այս պահին որոշել ենք վերադառնանք ու ընթացքում կհասկանանք հնարավոր է այնտեղ մեր կյանքը շարունակել թե ոչ»։
Հասմիկի խոսքով միակ բանը, որ իրենց անհանգստացնում է՝ դա թշնամուն ավելի մոտ գտնվելու փաստն է. «Հիմա կարելի է ասել, որ բոլորս առաջնագծում ենք գտնվում։ Ճիշտ է խաղաղապահների տեղակայումը ինչ-որ չափով հանգստություն է բերում, բայց երբ լսում ենք, որ խաղաղությունից հետո մարդիկ են գերեվարվել արդեն անհանգստանում ենք։ Եթե իմանանք, որ հարյուր տոկոս ապահովություն ունենք միանշանակ ավելի շատ նախընտրում ենք մեր հողում ապրել»։
Կարինե Գրիգորյանը տղաների կանանց ու թոռների հետ է այստեղ: Չնայած նրանց գյուղը գրավված չէ, սակայն թշնամին վերցրել է գյուղից մեկ կիլոմետր հեռավորությամբ գտնվող տարածքները։
«Ամուսինս ու տղաներս այնտեղ են եղել ամբողջ պատերազմի ընթացքում։ Հիմա պետք է գան մեզ վերցնեն ու գնանք նորից կառուցենք մեր տունը։ Գրադի հարվածից վնասվել է տան մի մասը, երևի պահպանված հատվածում կապրենք՝ մինչև մյուս մասը վերակառուցվի»,- ասում է Կարինեն։
Երկար միջանցքի խառնաշփոթում Ստեփանակերտից Դիլիջան եկած 13 ամյա Անին և Սրբուհին գիշերօթիկում իրենց համար հանգիստ սենյակ են առանձնացրել, որպեսզի միասին կարողանան պատրաստել իրենց դասերը։
Սրբուհին պատմում է, որ այստեղ իրենց լավ են վերաբերվում, բայց իրենց ավելի շատ տանն են լավ զգում. «Մայրիկս ու քույրիկս արդեն Ստեփանակերտում են, ես տատիկի հետ սպասում եմ, որ հաստատ ապահով լինեն ճանապարհները ու մենք էլ միանանք իրենց»։
Սրբուհու խոսքով՝ Ստեփանակերտում ապրելու որոշումը իրենք են կայացրել.
«Հայրիկը մեզ հարցրեց, թե որտեղ ենք ուզում ապրել՝ Երևանում, թե Ստեփանակերտում, ու մենք ընտրեցինք Ստեփանակերտը»։
Մարտունու շրջանի Շեյխեր գյուղի բնակիչ տիկին Ռոզան պատմում է, որ իր տանից դուրս գալուց մեկ ժամ հետո թշնամին գրավել է գյուղը. «Ես չէի ուզում տանից դուրս գալ, իմ հարևանն ասեց արի գնանք հետո հետ կգանք։ Մենք փրկվել ենք, որովհետև մեր դուրս գալուց մի ժամ հետո թուրքերը մեր գյուղ են մտել։ Ես ոչ մի բան հետս չէի վերցրել, որովհետև մտածում էի՝ հետ եմ գնալու, բայց հիմա մեր ամեն ինչը մնաց թուրքի ձեռքը»։
Սաթենիկ Հովսեփյան