Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատում բարձրացվել է հայ ժողովրդին քաղաքական եւ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբեր 18,2020 18:44

«Ամերիկայի ձայն». «Մենք պետք է հստակ իրազեկենք Անկարային, Բաքվին եւ Մոսկվային, որ Հայաստանի վրա ճնշումը արեւելյան եւ արեւմտյան սահմաններից չի հանդուրժվելու», ԱՄՆ-ի Սենատում իր ելույթի ընթացքում հայտարարել է սենատոր Բոբ Մենենդեզը: Միացյալ Նահանգների Սենատում բարձրացվել է հայ ժողովրդին քաղաքական եւ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: «Սա հայերի համար ողբերգական օրեր են», այս խոսքերով սկսեց իր ելույթը ԱՄՆ-ի սենատորը, ավելացնելով՝ խոսքերն ի զորու չեն փոխանցելու այս ընթացքում հայերին հասցված վնասը. « Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձան Հազարավոր հայեր, քաղաքացիական բնակչություն եւ զինվորականներ:

Տեղի բնակչության կեսից ավելին ստիպված է եղել հեռանալ իրենց տներից: Ադրբեջանի ագրեսիան հսկայական մարդասիրական ճգնաժամ է ստեղծել, որը կանխելու համար լրջագույն քայլեր կպահանջվեն, հատկապես կորոնավիրուսի վարակի պայմաններում: Պատմականորեն եւ կրոնական տեսանկյունից, Շուշին, այժմ ադրբեջանական ձեռքերում է հայտնվել, եւ բազմաթիվ քրիստոնեական սրբավայրերի անվտանգությունը թողնված է նախագահ Ալիեւին եւ նրա աջակից Էրդողանին: Այս սրբավայրերը կարող են կործանվել ամբողջ աշխարհի աչքի առաջ»:

Սենատորի խոսքով, Միացյալ Նահանգների գործադիրը բավարար չափով չի ներգրավվել հակամարտության կարգավորման մեջ, արդյունքում զիջելով սեղանի շուրջ իր տեղն այլ ուժերին. «Ցավոք, այս պայմաններում սեղանի շուրջ հավաքվեցին նրանք, ովքեր ունեին անմաքուր նպատակներ: Նախագահ Էրդողանը հրահրել է ադրբեջանական ագրեսիան՝ մահացու դրոններ եւ սիրիացի վարձկաններ մատակարարելով: Նախագահ Պուտինն ու արտգործնախարար Լավրովը հակամարտության առաջին օրերից կողմերի հետ հեռախոսակապի մեջ էին, արդյունքը՝ Ռուսաստանը նոր հենակետ ստացավ Կովկասում: Ռուսաստանն, ինչպես պարզ դարձավ, երբեք նվիրված չի եղել Մինսկի Խմբի գործընթացին, եւ հիմա ձեռք է բերել այն, ինչին իրականում ձգտում էր 1990-ականներից ի վեր»:

Արդյունքում Հարավային Կովկասում բոլոր գործընթացների կառավարումը հանձնվել է փաստացի բռնապետների եռյակին՝ մի իրավիճակ, որը պետք է անհանգստացնի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու խաղաղությունը գնահատող մարդկանց, համոզված է Մենենդեզը. «Հայ ժողովրդի անվտանգությունը, որն արդեն իսկ նախագահներ Ալիեւի եւ Էրդողանի ձեռքերով գործած անմարդկային բռնությունների զոհ է դարձել, այժմ Վլադիմիր Պուտինի կողմից ուղարկված այսպես կոչված խաղաղապահների ձեռքում է: Մինչդեռ այդ տխրահռչակ պայմանավորվածության մեջ չկա նույնիսկ մեկ բառ Թուրքիայի կողմից այնտեղ ուղարկված վարձկանների մասին, որոնք, եթե նրանց թույլատրվի մնալ այնտեղ, հետագա բռնություններ կարող են իրականացնել քրիստոնյա հայերի դեմ:

Առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ որեւէ պարտավորությունների, Ադրբեջանը պատճառ չունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու: Կտեսնե՞նք էթնիկ զտումների եւս մեկ դեպք ապագայում, մնալո՞ւ ենք մենք լուռ»: Ստեղծված իրավիճակում սենատորի կարծիքով Միացյալ Նահանգների գործող վարչակազմը պետք է մի շարք կարեւոր քայլեր ձեռնարկի, որոնցից առաջինը հայերին խոշոր մարդասիրական օգնության հատկացումն է. «Հատկապես սա վերաբերում է տասնյակ հազարավոր հայերի, որոնք բռնի կերպով զրկվել են իրենց տներից այս վեց շաբաթյա պատերազմի արդյունքում: Կոնգրեսը եւ Թրամփի վարչակազմը պետք է արագ գործեն՝ փրկելու այս ընտանիքներին:

Միացյալ Նահանգները պետք է խոշոր հատկացում կատարի՝ մարդասիրական եւ զարգացման ոլորտներում: Խոսքը 100 միլիոն դոլարի չափով գումարի մասին է գնում»: Երկրորդը, սենատորի խոսքով, անհրաժեշտ է արգելափակել ամերիկյան բոլոր տեսակի ռազմական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային կամ Ադրբեջանին. «Միացյալ Նահանգները պետք է անմիջապես, կրկնում եմ, հենց այս պահից, արգելափակի պաշտպանական բոլոր տեխնոլոգիաների տրամադրումը Թուրքիային եւ Ադրբեջանին: Մենք չենք կարող եւ չպետք է թույլ տանք ապագա որեւէ դաժանությունների իրականացում այդ ավտորիտար երկու երկրներից որեւէ մեկի կողմից»: Վերջապես, Թուրքիայի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի պատերազմ հրահրելու համար, նշում է Բոբ Մենենդեզը. «Այս հակամարտության ընթացքում Թուրքիայի ագրեսիվ գործողությունները պետք է արձագանք ստանան: Նախագահ Էրդողանը անթաքույց փորձում է դառնալ մեր օրերի Օսմանյան սուլթան, միջամտելով Լիբիայում, Սիրիայում, իսկ այժմ եւ Հարավային Կովկասում: Այս Թուրքիան իրեն դրսեւորեց որպես անհուսալի գործընկեր ՆԱՏՕ-ի համար: Այն ժողովրդավար երկիր չէ եւ համաշխարհային մակարդակով այն պատասխանատու դերակատար չէ»: ԱՄՆ-ի սենատորի կարծիքով, տեղի ունեցածը շատ ծանր կլինի փոխել, սակայն, անհրաժեշտ է սկսել աշխատանքը. «Մենք պետք է հստակ իրազեկենք Անկարային, Բաքվին եւ Մոսկվային, որ բռնությունը, որպես հակամարտության լուծման միջոց, չի անցնելու: Եւ որ Հայաստանի վրա ճնշումը արեւելյան եւ արեւմտյան սահմաններից չի հանդուրժվելու»:

Սենատորը կոչ արեց նաեւ ԱՄՆ հաջորդ վարչակազմին լուրջ քայլեր ձեռնարկել: Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է տարածել, ըստ որի ԱՄՆ-ը 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ես համաձայն ենք, որ Թուրքիայի վերջին գործողությունները շատ ագրեսիվ են եղել»,-ասաց Պոմպեոն՝ վկայակոչելով վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, ինչպես նաև Լիբիայում և Միջերկրական ծովում ռազմական գործողությունները:

«Եվրոպան և ԱՄՆ-ն պետք է միասին աշխատեն՝ համոզելու Էրդողանին, որ նման գործողությունները չեն բխում իր ժողովրդի շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30