Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրանք թելադրում էին ժամանակի նորաձևությունը․ 2 խենթ կին ու 2 հանճարեղ տղամարդ

Նոյեմբեր 18,2020 22:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք 2 հանճարեղ նկարիչների՝ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի ազդեցությանը նորաձևության վրա, ինչպես նաև այն կարևոր համագործակցություններին, որոնց շնորհիվ այսօր նորաձևության աշխարհը շատ ավելի բազմազան ու հետաքրքիր է։

Պաբլո Պիկասո և Կոկո Շանել

20-րդ դարասկզբին ֆրանսիական կերպարվեստում սկսվեց «կուբիզմի դարաշրջանը»․ երկրաչափական պատկերները, դետալներն ու գույները հատկապես կարևորվեցին արվեստում․ նկարիչները կյանքին սկսեցին նայել կարծես վերևից, երբ անգամ ամենաբարդ կառույցները սովորական քառակուսիներ են հիշեցնում։

Կուբիզմի հիմնադիրն ու թերևս ամենահայտնի ներկայացուցիչը Պաբլո Պիկասոն է, որի ներդրումը ժամանակակից արվեստի զարգացման գործում անուրանալի է։ Կուբիզմն իր ազդեցությունը գործեց արվեստի ամենատարբեր ճյուղերի վրա։ Նորաձևությունը նույնպես կրեց այն փոփոխությունները, որոնք թելադրում էր մոդեռնիստական այդ նոր ուղղությունը։

Պաբլո Պիկասո

Առաջին համաշխարհային պատերազմից հետո կանանց կենսակերպը կտրուկ փոխվեց, կանայք ստիպված էին ավելի շատ աշխատել, իսկ դրա համար ավելի հարմարավետ հագուստ էր հարկավոր, իսկ տնտեսական ճգնաժամի պատճառով սուղ էր ամեն ինչ, այդ թվում՝ կտորեղենն ու արդուզարդի պարագաները։

Դարասկզբին նորաձևության աշխարհում փոփոխությունները նաև կանանց հոգեբանական վիճակով էին պայմանավորված, ինչպես նաև պակաս դեր չէր խաղում 19-րդ դարավերջից սկսված արդյունաբերական հեղափոխությունը։

Գաբրիել Շանել

1910-ական թթ․ նորաձևության աշխարհ է մուտք գործում նիհարակազմ մադմուազել Կոկո Շանելը, որը կանանց ազատեց բարդ ու ճոխ զգեստներից՝ նրանց առաջարկելով ուղիղ ու պարզ եզրագծեր, ազատություն ու էլեգանտություն։ Պաբլո Պիկասոն այն բազմաթիվ արվեստագետներից մեկն էր, որը սերտ մտերմություն ուներ մադմուազելի հետ, և երկու չափազանց տաղանդավոր արվեստագետները չէին կարող չստեղծագործել միմյանց հետ։ 1924 թ․-ին նրանք երկուսով հեղինակում են Ժան Կոկտոյի «Կապույտ էքսպրես» բալետի դեկորացիաներն ու բեմական կերպարները։

1955 թ․-ից գործվածք արտադրող ընկերությունները սկսեցին օգտագործել Պիկասոյի աշխատանքները՝ կտորեղենի վրա տպագրելով Պիկասոյին բնորոշ մոտիվներ ու նկարազարդումներ։

Կուբիզմի ազդեցությունը նորաձևության վրա բավականին երկար շարունակվեց, երկրաչափական պատկերներն ու շատ պարզ ուրվագծերը ոգեշնչեցին բազմաթիվ դիզայներների, օրինակ 1960 թ․-ին բրիտանուհի Մերի Քուանտը առաջարկեց կարճ փեշ ունեցող ուղիղ շրջազգեստը, որը մեծ սիրով սկսեցին կրել հազարավոր կանայք ամբողջ աշխարհում։

1960-ական թթ․ դիզայներ Պիեռ Կառդենը սկսեց օգտագործել ոչ սովորական նյութեր՝ մետաղ, պլաստիկ և այլն՝ սուրանկյուն ուրվագծեր ստանալու համար։ Ֆրանսիացի դիզայների նորարական աշխատանքները սկզբնավորեցին նորաձևության աշխարհում նոր՝ ֆուտուրիստական դարաշրջանը։

Պիկասոյի ստեղծագործությունները մեկ անգամ չէ, որ հետաքրքրել են հայտնի դիզայներներին։ Օսկար դե լա Ռենտան զգեստների շարք է ստեղծել՝ ոգեշնչված նկարչի կոլաժներով, իսկ Ժան-Շարլ դե Կաստելբաժակը ստեղծել է հավաքածու, որտեղ մոդելները բառացիորեն կրում էին Պիկասոյի կտավները։

Ժան-Շարլ դե Կաստելբաժակ

Սալվադոր Դալի և Էլզա Սկյապարելլի

Պաբլո Պիկասոյի ու Կոկո Շանելի նորաձև միությունը, սակայն, այդ ժամանակաշրջանի միակ աղմկահարույց համագործակցությունը չէր։ Կար ևս մեկ ինքնատիպ զույգ՝ էքսցենտրիկ իտալուհի Էլզա Սկյապարելլին ու հանճարեղ սյուրռեալիստ Սալվադոր Դալին։ Ի տարբերություն Կոկո Շանելի, «Շոկի թագուհու»՝ Սկյապարելլիի առաջարկած հագուստներն ու աքսեսուարները ամենևին էլ հարմարավետ չէին, այնպես, ինչպես ամենևին «նորմալ» չէր այն ամենը, ինչ կարող էր ծագել Սալվադոր Դալիի գլխում։

Էլզա Սկյապարելլի, Սալվադոր Դալի

Դալին պաշտում էր նորաձևությունը։ Էլզան՝ ոգեշնչվում նրա ավեստով։ Երկու սյուրռեալիստների փոխըմբռնումը շատ արդյունավետ էր։

Նրանց միավորում էր ընկալման սովորական շրջանակից դուրս գալու մղումը։Նրանց համատեղ աշխատանքը կարճատև, բայց շատ արյունավետ էր։

Օրինակ՝ 1937 թ․ Էլզա Սկյապարելլին Վինդզորյան դքսուհու համար կարում է սպիտակ շրջազգեստ, որի փեշին օմար էր պատկերված՝ նկարչի «Հեռախոս օմար» հայտնի կտավի մոտիվներով։

Նրանց համագործակցության արդյունքում ստեղծվում են նշանավոր «կմախք» զգեստը, «արցունք-շրջազգեստը», որի համար Դալին գործվածքի վրա տպագրության հատուկ տեխնիկա էր մշակել․ այս զգեստները մինչ օրս ոգեշնչում են դիզայներներին։

Նկարչի արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում ոսկերչական աշխատանքները։ Նրա համարձակ գաղափարները կյանքի էր կոչում Դալիի ընկերը, Կարլոս Ալեմանին։ Աշխատանքների մեծ մասը մինչ օրս պահպանվում են Դալիի թանգարանում։ Ռուբինե շրթունքներ, հեռախոս-ականջօղեր, աչքի տեսքով ժամացույցներ․ այս ամենը Դալիի ոճով է, սակայն նրա  գլուխգործոցը արքայական սիրտն է, որը բաբախում է մարդու սրտի պես։

 

Նորաձևության գլխավոր ամսագրի՝ Vogue-ի շապիկը մի քանի անգամ զարդարել են հայտնի սյուրռեալիստի նկարները։ Սալվադոր Դալին նկարել է Vogue ամսագրի 4 շապիկ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30