Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Առնվազն ՀՀ-ում որեւէ կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության»

Նոյեմբեր 18,2020 17:50

«Այսօր հրապարակած Ձեր ճանապարհային քարտեզում նշել եք, որ պատրաստվում եք նախանշված աշխատանքների կատարման վերաբերյալ 2021թ.-ին հաշվետվությամբ հանդես գալ: Պատրաստվո՞ւմ եք այդ աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների: Կառավարության անդամների փոփոխություն ասելով՝ ո՞ր ոլորտները նկատի ունեք: Կառուցվածքային փոփոխություններ էլ են նախատեսվո՞ւմ: Ձեր քաղաքական թիմն ունի՞ այդ փոփոխություններն իրականացնելու վստահության պաշար»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարցադրումներ հղեց անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Փաշինյանը նշեց. «Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ: Գրված է, որ մեր համար առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունը, այսինքն՝ կայունությունը, անվտանգությունը եւ երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում: Դա մեր կարեւոր առաջնահերթությունն է: Երկրորդը պատերազմի հետեւանքների վերացումն է: Վեց ամիս անց՝ հաջորդ տարվա հունիսին, կամփոփենք կատարված աշխատանքը եւ ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, կարող եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում որեւէ կառավարություն չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդի թույլտվության: Այդպես լինելու է միշտ: Այսօր մենք կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա»:

Կառավարության կազմի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ էլ վարչապետը մատնանշեց, որ քննարկումների շրջանում են. «Բնականաբար, որոշումները կհրապարակվեն, երբ դրանք կայացվեն»:

Արման Բաբաջանյանը հարցը կրկնեց՝ կառուցվածքային փոփոխություններ հնարավո՞ր են, եւ, պատկերացնո՞ւմ եք ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը եւս կարող է իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այս պահին կառուցվածքային փոփոխություն չի քննարկվում, իսկ, ընդհանուր առմամբ, այժմ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ: Մեր խնդիրն է՝ հիմա ձեւավորել համաձայնության մթնոլորտ, ինչի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն: Հանրության պահվածքը, ըմբռնումներն ու դիրքորոշումը դրա վառ ապացույցն են: Կայունությունը եւ անվտանգությունը, որոնց խորքային նպատակը ժողովրդավարության երաշխավորումն է, մեր առաջնահերթություններն են եւ մենք ունենք բավարար ներուժ՝ այդ հարցը լուծելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30