Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավիճակն ավելի կվատթարանա, եթե չդադարենք երկխոսության համար համախոհներ փնտրել. Ալեքսանդր Իսկանդարյան

Նոյեմբեր 18,2020 17:34

«Մարդիկ էմոցիոնալ շոկ են ապրում, չէին սպասում այն, ինչ եղավ: Բողոքի այդ ալիքը կմեծանա»,-այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նրա խոսքով, մարդիկ, որոնք թողել են իրենց բնակավայրերը, տները տեղ չունեն վերադառնալու, քանի որ դրանց մի մասը ադրբեջանցիների հսկողության տակ են, մի մասն էլ՝ ավերված. «Նրանց մեծ մասը կանայք են երեխաներ, ծերեր, առջեւում տնտեսական ճգնաժամ է, իրավիճակը չի կարող ծանր չլինել: Առաջին նախանշաններն արդեն կան, ճգնաժամը կշարունակվի: Պետք է համախմբվել որքան հնարավոր է շուտ, որպեսզի այդ խնդիրները կարողանալ լուծել»:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով, երկրում իրավիճակը կախված է նրանից՝ արդյոք կկայանա՞ երկխոսություն. «Այսօր ամենահիմնարար պայմանը, որպեսզի կայունություն ապահովի եւ երկիրը գնա զարգացման ճանապարհով, լարվածության թուլացման ճանապարհով եւ խնդիրների լուծման ճանապարհով, երկխոսության կայացումն է»:

Ըստ քաղաքագետի, պետք չի արհեստական երկխոսություն իրականցանել, դա չի լինի երկխոսություն: Լավ կլինի գործընթացներն ավելի բնական կերպով ընթանան. «Հանրապետության նախագահը ուղերձով հանդես եկավ եւ հղում արեց նրան, որ ինքը տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ խորհրդակցություններ է անցկացրել եւ նրանց մեծամասնությունն ասել է, որ պետք է հրաժարական տա եւ արտահերթ ընտրություններ լինեն եւ այլն: Հարցն այն է, ովքե՞ր են այդ մարդիկ, արդյոք այդ շրջանակը, որի հետ նախագահը հանդիպել է, ներկայացուցչակա՞ն են, արդյոք այն ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ ակտիվ գործունեություն են ծավալել՝ ժողովրդավարական օրակարգ են առաջ քաշել, կոնկրետ խնդիրներ են կարողացել լուծել, արդյոք նրանց հետ հանդիպումներ եղե՞լ են եւ արդյոք նրանց տեսակետն էր այդ ամենը»:

Էդգար Վարդանյանի խոսքով, իր դիտարկումները ցույց են տալիս, որ այն ՀԿ-ները, որոնք տարիներ շարունակ ակտիվ են եղել եւ, հատկապես ժողովրդավարական օրակարգ են առաջ քաշել, նրանց ներկայացուցիչների հետ հանդիպում չի եղել:

Ըստ նրա, մյուս կողմից կառավարող ուժն էլ պետք է ինչ-որ չափանիշ ունենա, ասի՝ ես այս կամ այն խմբի հետ հանդիպել եմ եւ այս կամ այն խումբը հստակ գնահատական է տվել. «Բայց հիմա կառավարող ուժն էլ չունի այդ չափանիշը: Եթե նա ասում է, որ պետք է երկխոսության ճանապարհով գնա, պետք է հստակ ասի՝ ինչպես է ներկայացնում այդ երկխոսությունն, ի՞նչ մեխանիզմների միջոցով է պատկերացնելու»:

Էդգար Վարդանյանի խոսքով, ելնելով այսօրվա բողոքի ցույցերի ուսումնասիրությունից, քաղաքացիների մեծամասնությունը հարցերը լուծելու ձեւ չի դիտարկում փողոցային պայքարը՝ չնայած, որ դեմ է տեղի ունեցածին: Ըստ նրա, պատճառն այն է, որ բողոքի ցույցերը հիմնականում կազմակերպվում են 17 կուսակցությունների ձեւաչափում: Իսկ բողոքի արտահայտման հիմանական գործընթացները, Էդգար Վարդանյանի խոսքով, տեղի են ունենում սոցիալական ցանցերում: «Փողոցային պայքարում փաստացի ակտիվություն են ցուցաբերում 2018-ին իշխանությունից հեռացված ուժերը»:

Պարոն Իսկանդարյանի կարծիքով՝ չհասկանալ ինչ իրավիճակում ենք հիմա գտնվում, ուր ենք գնում, կարող է լուրջ աղետի հանգեցնել՝ սոցիալական, քաղաքական: Նա գտնում է, որ իրավիճակն ավելի կվատթարանա, եթե չդադարենք երկխոսության համար համախոհներ փնտրել. «Երկխոսությունը համախոհների միջեւ այնքան էլ պարտադիր չէ եւ չպետք է սպասել, որ մեր սիրելի մարդկանց միջեւ տեղի ունենա երկխոսությունը, որքան շատ ժամանակ կորցնենք, այնքան դրա հնարավորությունն էլ չենք ունենալու: Այսպիսի իրավիճակում բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուս է պետք»:

Քննարկմանը պետք է մասնակցեր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, սակայն այդպես էլ չմիացավ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30