«Շատ քաղաքացիներ չպարզաբանված հարցեր ունեն՝ հիմնադրամի գումարներն իրենց նպատակին ծառայեցի՞ն, դրանք ուղղվո՞ւմ են պատերազմի խնդիրները լուծելուն, վիրավորներին, փախստականներին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հետաքրքրվեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Հիմնադրամի միջոցների մի մասը, բնականաբար, դեռեւս ծախսված չէ: Մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը՝ ասեմ, ինչ նպատակով եւ որն է հիմնադրամի հետ մեր գործակցության տրամաբանությունը: Այս իրավիճակում, մասնավորապես՝ սկզբնական ընթացքում, մենք ճիշտ համարեցինք ջանքերը միավորել եւ ծախսային նախապատվությունը որոշել մեկ կենտրոնում, որովհետեւ բոլորիս համար հասկանալի է՝ 45 օրում ծախսերի նախապատվությունները որոշելն ամենակարեւոր հարցն էր»:
Ըստ այդմ, Գրիգորյանի խոսքով, առողջապահական, սոցիալական եւ ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշել են քննարկել միասին եւ իրականացնել համագործակցաբար, որպեսզի ծախսերը լինեն արդյունավետ:
Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ «Հայաստան համահայկական հիմնադրամն» առաջիկայում կներկայացնի մանրամասները եւ ծախսերի լուծումները մանրակրկիտ:
Կարդացեք նաև
Արթուր Մանուկյանը նկատեց. «Կուզենայի, որ կառավարությունն ավելի փութաջան լինի ծախսերը հանրայնացնելու հարցում եւ հանրամատչելի կերպով դա անի, որպեսզի բոլորը տեղյակ լինեն, թե իրենց գումարներով ինչ կարիքներ են հոգացել»:
Մհեր Գրիգորյանը վերահաստատեց. «Բնականաբար, այլ կերպ լինել չի էլ կարող: Մոտ ժամանակներս ըստ ծախսերի կլինեն հրապարակումները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ