ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե ճիշտ չի համարում փողոցներում իշխանության ձևավորման քայլերը: ՀՔԾ շենքի դիմաց լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Վլադիմիր Պուտինը իրե՞նց նկատի ունի, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Ճիշտ չեն համարում փողոցում իշխանության ձևավորումը, որովհետև մտածում են, որ իշխանությունն այնքան ողջամիտ ու խելացի է լինում, որ դավաճանելուց, պարտվելուց հետո ինքնակամ հեռանում է: Մեր իշխանությունն ի տարբերություն աշխարհում հայտնի բոլոր այն իշխանությունների, որոնք նման խայտառակ փաստաթուղթ են ստորագրել, թեև չկան էլ, հեռացել են կամ այլ միջոցների դիմել. օրինակ՝ Հիտլերի պատմությունը: Կարիք չեմ տեսնում արձագանքելու ՌԴ նախագահի հայտարարությանը, քանի որ մեր գործընկեր պետության ղեկավարի հայտարարությունն է: Իրենք ունեն իրենց մոտեցումները, մենք՝ մերը: Ի վերջո, սա ՀՀ-ի հարցն է, և դավաճանությունը կատարվել է ՀՀ-ի և հայի նկատմամբ»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հակասություն չի՞ տեսնում այն հարցում, որ մեկ ասում են, թե դավաճանություն է հողերի հանձնումը, մեկ ասում են, եթե հանձնելու էր, թող շուտ հանձներ, Արսեն Բաբայանը պատասխանեց. «Որևէ հակասություն չկա, քանի որ պետք է վերլուծել վերջին մի քանի օրերի տեղեկությունները: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարում է, որ պատերազմից չորս օր հետո հայտարարել է, որ պատերազմի շարունակությունը շատ վատ է լինելու, եղել է առաջարկ առանց Շուշին հանձնելու որոշ գործողությունների գնալ և զինադադար: Եթե չորրորդ օրը գիտես, որ վիճակը ծանր է, ինչո՞ւ ես խաբել, ստերով կերակրել հասարակությանը, ինչո՞ւ չես խոսել հանրության, ԱԺ-ի, ՀՀ նախագահի հետ: Այս ամենն ինձ ամբողջությամբ թույլ է տալիս համոզվելու, որ այս գործարքը տեղի է ունեցել անձամբ նրա հետ և Շուշիի հանձնման օպերացիան անձամբ ինքն է ղեկավարել: Այս ամենը ապացուցում է, որ դավաճան իշխանությունը րոպե առաջ պետք է հեռանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ