Այսօր քաղաքացիները բողոքի ցույց էին անում ԱԺ-ի մուտքի մոտ՝ պահանջելով խորհրդարանի անդամներից անվստահություն հայտնել ՀՀ վարչապետին:
Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանին ցուցարարները փոխանցեցին պահանջը՝ կանգնեք ձեզ ձայն տված ժողովրդի կողքին ու արեք այն, ինչ ասում է ժողովուրդը, դուք էլ եք չէ՞ մտածում, որ ժողովուրդը չի ընդունում իր քայլը: Նա պատասխանեց. «Ես մտածում եմ, որ մի մասը չի ընդունում: Ես ասեմ՝ մի մասը, դուք ասեք՝ մեծամասնությունը: Ժողովուրդ ջան, հիմա արտահերթ ընտրություններ, այս վիճակում, որ հիվանդանոցները լեփ-լեցուն են…»:
Ցուցարարների դիտարկմանը, որ Փաշինյանին ավելի լավ առաջարկներ են եղել, չի ընդունել, դրա մասին խոսեց նաեւ ՌԴ նախագահը մինչդեռ միայն ԱԳՆ-ից են հրաժարականներ տալիս՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ մեկս չէր ընդունի: Եթե բանակը դեռ մարտունակ է եղել, ուժեղ է եղել, ինքը ո՞նց կարար ընդուներ: Վլադիմիր Պուտինն ասաց, որ ինքն ասել է՝ ոչ, անընդունելի է, գնում եմ մինչեւ վերջ: Այսինքն, մարդը պարտվողական չի եղել, դավաճանություն չկա այստեղ, մինչեւ վերջ պայքարել է, բայց հաջողության չենք հասել»:
Արմեն Խաչատրյանը ցուցարարներին հարցնում էր՝ ի՞նչ անենք, ո՞նց հետ բերենք այդ ամեն ինչը, ձեւն ասեք, ցուցարարները ելք ցույց տվեցին՝ անցնցում հեռացում. «Մենք գիշերները լացում ենք, որովհետեւ հայրենիք չունենք, մեր Շուշին մեր ցավն է, ո՞վ է դրա պատասխանատուն, եթե ոչ պարոն Փաշինյանը»:
Կարդացեք նաև
Ցուցարարները մեկ առ մեկ հիշեցնում էին Փաշինյանի՝ նախկինում տված խոստումները, թե ժողովրդի թիկունքում որեւէ պայմանավորվածության չի գնա: Արմեն Խաչատրյանն արդարացրեց. «Որ ժողովրդին հարցներ, կարող է շատ ուշ լիներ արդեն»:
Ցուցարարները դժգոհում էին. «Մեզ ֆեյքապետ պետք չի, մեզ հրամանատար է պետք»:
Հարցին, թե ինչո՞ւ դուրս չի գալիս խմբակցությունից՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ կտա դա մեզ, ասում են՝ հաղթանակն ունի հազար տեր, պարտությունն անտեր է, հիման ինչ այս նեղ պահին պիտի բոլորս ասենք՝ վայ…Իսկ որ հաղթեինք դո՞ւրս էին գալու, ո՞վ էր դուրս գալու, սաղ կուրծք էին ծեծելու ու ասելու էին՝ այ, էն որ «բռոնիժիլետները» ուղարկեցինք, դրա համար կրեցինք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ