Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ նախագահը, ինչպես նաեւ մեր ԱԱԾ նախկին ղեկավարներից մեկը՝ գրեթե նույն տեքստն էին տալիս, որ Փաշինյանը դավաճան չէ, բայց նա մոտավորապես անգործունակ է». Գորգիսյան

Նոյեմբեր 18,2020 15:41

«Ակնհայտ է դառնում, որ վարչապետը հերթական անգամ խաբել է մեր ժողովրդին, ինչպես պատերազմի ողջ ընթացքում էր խաբում: Ինչպես կարելի է այսքանից հետո երես ունենալ ու շարունակել մնալ քաղաքականության մեջ առհասարակ, ես զարմացած եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն այսպես մեկնաբանեց Պուտինի հայտարարությունը, որից հաստատվում է ՀՀ ԱԳ նախարարի խոսքը առ այն, որ Շուշին տալու հարցը բանակցությունների ժամանակ չի եղել:

Պուտինի այն խոսքը, որ Փաշինյանի քայլի մեջ պետք չէ դավաճանություն փնտրել, Երեւանում ընկալվեց որպես ուղերձ, որ Փաշինյանը մնալու է; Հարցին՝ սա նաեւ ընդդիմության համար ազդակ չէ՞, որ այսպես ասած՝ «հանգիստ նստեք ձեր տեղը»՝ Գորգիսյանը պատասխանեց. «ՌԴ նախագահը, ինչպես նաեւ մեր ԱԱԾ նախկին ղեկավարներից մեկը գրեթե նույն տեքստն էին տալիս, որ նա դավաճան չէ, բայց նա մոտավորապես անգործունակ է: Այսինքն, նա չի հասկացել, որ սխալներ է գործում, մոտավորապես այսպես: Գիտեք, որ գնում եք ոտքի կոտրվածքով բժշկի մոտ, բժիշկը բռնում ու ոտքդ կտրում է, հետո ասում է՝ կյանքդ փրկեցի: Հիմա էական չի, բժիշկը դա միտումնավո՞ր է արել, թե՞ իր գիտելիքները չէր ներում, որ գիպս դներ ու կտրել է ոտքը: Այդ բժիշկն իրավունք չունի մարդուն մոտենալ՝ բուժելու նպատակով: Հիմա եթե տապալել է վարչապետը, քննությունը կպարզի՝ նա դա միտումնավո՞ր է արել, թե՞ չուներ համապատասխան հմտություններ»:

Փաշինյանն այսօր հրապարակել էր ճանապարհային քարտեզը, որով մտադիր է մինչեւ 2021-ի հունիսը մնալ ու այդ 6 ամսվա ընթացքում ապահովել կայունություն, անվտանգություն, հանդես գալ հաշվետվությամբ: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան, թե որքանով է ընդդիմության համար ընդունելի սա՝ Գորգիսյանն ասաց. «Ժամանակ է ձգում՝ հույս ունենալով, որ կրքերը կհանդարտվեն եւ նա կկարողանա մնալ իշխանության: Ցանկացած պարագայում նա այլեւս Հայաստանի քաղաքական դաշտում անելիք չունի»:

Գորգիսյանն ասաց, որ բացառվում է հիմա ընտրություններ լինեն, նախ պետք է Փաշինյանը հեռանա, ձեւավորվի ազգային համաձայնության կառավարություն՝ պրոֆեսիոնալներով, որովհետեւ եթե հիմա կազմակերպվեն ընտրություններ, կկրկնվի 90-ականների վատ փորձը՝ քվեատուփեր գողանալ, մարդ առեւանգել, ծեծել, սպանել, այդ ամեն ինչը մենք հիմա թույլ տալ չենք կարող:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30