Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական ԶԼՄ-ները ներառված են մեդիացանցերի մեջ, Վրաստանում վճարվում են SOCAR-ից». Բորիս Նավասարդյան

Նոյեմբեր 18,2020 15:23

«Պետք է արձանագրենք, որ այն գործոնները, որոնք ազդում էին լրատվամիջոցների վրա պատերազմի ընթացքում,շարունակում էին իրենց դերն ունենալ նաեւ եռակողմ հայտարարությունից հետո: Ուղղակի պետք է հիշատակենք այդ գործոնները, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի միտումներ կան»,- նոյեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Միջազգային մամուլը՝ ԼՂ շուրջ ստեղծված նոր իրավիճակի մասին» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով. «Առաջին հերթին պետք է առանձնացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը բավականին լուրջ քաղաքական ճնշում էր գործադրում տարբեր պետությունների վրա, որպեսզի իրենց լրատվամիջոցները` մասնավորապես հանրային լրատվամիջոցները ներկա չլինեն պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի կողմից: Մենք հիշում ենք հայտարարությունները, որ դա ապօրինի է, եւ այն լրագրողները, որոնք կհայտնվեն Արցախում, կհայտնվեն նաեւ Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Որոշների վրա դա իրական ազդեցություն թողել է: Օրինակ` գերմանական պետական կամ հանրային լրատվամիջոցները հրաժարվում էին գնալ Արցախ:

Քանի որ այսօր տեղի են ունենում այնպիսի գործողություններ, որոնք Ադրբեջանը կցանկանար, որ լուսաբանվեին միջազգային գլոբալ լրատվամիջոցներում, կարծես թե այդ ճնշումը մի փոքր նվազել է: Սակայն, ամեն դեպքում, մենք պետք է նկատի ունենանք, որ ընդհանուր այդ ճնշումը լուսաբանման վրա ազդեցություն է թողել եւ ստեղծել անբարենպաստ տեղեկատվական իրավիճակ Հայաստանի համար»:

Երկրորդ կարեւոր գործոնն` ըստ ԵՄԱ նախագահի, թուրքական լրատվամիջոցներն են, որոնք ներառված են միջազգային մեդիացանցերի մեջ` բիզնես եւ այլ կապեր ունեն առաջատար երկրների այլ լրատվամիջոցների հետ, ինչը նույնպես բովանդակության վրա որոշակի ազդեցություն է թողնում. «Այսօր մենք կանգնած ենք իրացված փաստի առջեւ, այն խնդիրները, որ հուզում էին միջազգային հանրությանը` եւ հումանիտար աղետը, եւ ռազմական հանցագործությունները, կարծես մոռացության են մատնվել: Եվ թուրքական առաջատար ԶԼՄ-ները, որոնք ինչպես նշեցի, մտած են գլոբալ ցանցերի մեջ, բովանդակություն ձեւավորելու առումով որոշակի դերակատարություն են ունենում, լավագույն օրինակը Euronews-ն է, որտեղ Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունն ունի մասնաբաժին եւ սեփականատերերից մեկն է»:

Ռուսաստանյան ԶԼՄ-ների մասին էլ խոսելիս` Բորիս Նավասարդյանը հետեւյալն ասաց. «Ռուսական լրատվամիջոցներն ամեն դեպքում ամենաակտիվն էին պատերազմի լուսաբանման ընթացքում: Այստեղ մենք կարող ենք երկու հիմնական ճամբարի մասին խոսել: Դրանք են պետական լրատվամիջոցները, որոնք տատանվում էին ամբողջ ընթացքում` կախված նրանից, թե ինչպիսի դիրքորոշում ուներ Ռուսաստանը այս կամ այն հարցի եւ դրվագների առումով:

Այսօր իրենց հիմնական նպատակը ներկայացնելն է, որ Ռուսաստանը խաղաց վճռական դեր, լուծեց իր աշխարհաքաղաքական խնդիրները եւ միեւնույն ժամանակ լիովին կատարեց Հայաստանի առջեւ դաշնակցի իր առաքելությունը: Ռուսաստանի` պայմանականորեն ասած լիբերալ ԶԼՄ-ները, որոնք ենթադրաբար պատերազմի ժամանակ ունեին շատ լուրջ ֆինանսական, տնտեսական կախվածություն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության առումով, հաղորդում էին նույն բովանդակությունը, ինչ ներկայացվում էր ադրբեջանական քարոզչության կողմից:

Այսօր այդ լիբերալ լրատվամիջոցների հիմնական ուղերձն այն է, որ Ռուսաստանը ձախողվեց այս պատերազմում, դավաճանեց իր դաշնակցին, թուլություն ցուցաբերեց առաջին հերթին Թուրքիային առերեսվելով այս կոնֆլիկտի ընթացքում: Կարծում եմ, որ դա որեւէ կերպ Ադրբեջանի շահերին չի հակասում, Ադրբեջանն էլ փորձում է նախ իր հասարակության առաջ արդարանալ, թե ինչու թույլ տվեց, որպեսզի արտասահմանյան զորքերը հայտնվեն այն տարածքում, որն Ադրբեջանը համարում է իրենը: Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը հետխորհրդային այն առաջին պետություններից է, որը բացառեց Ռուսաստանի ռազմական ներկայությունն իր տարածքում: Բնականաբար, այս զարգացումները հարցեր են առաջացնում, մանավանդ որ ադրբեջանական հասարակությունը ավելի շատ թուրքական քաղաքականության ազդեցության տակ է, քանի իր իսկ պետական ղեկավարության»:

Բորիս Նավասարդյանը եւս երկու երկրի հիշատակեց` Ուկրաինա եւ Վրաստան, որոնց լրատվամիջոցները, ընդ որում առաջին հերթին Վրաստանինը, նույնպես ունեն ֆինանսական կախվածություն ադրբեջանական փողերից: Նրա խոսքով, Վրաստանում շատ ԶԼՄ-ներ լուրջ գումարներ են ստանում Ադրբեջանի նավթային SOCAR ընկերությունից, եւ դրանով է պայմանավորված նրանց մատուցած բովանդակությունը: Ըստ բանախոսի, Ուկրաինայում ֆինանսական կախվածության աստիճանը շատ ավելի փոքր է, բայց առանձին լրագրողներ եւ բլոգերներ հստակորեն վարձված են եղել պատերազմից առաջ, հիմա էլ շարունակում են իրականացնել Ադրբեջանի քարոզչության տարածումը իրենց անունից, այդպիսով ուկրաինական լսարանը ավելի շատ վստահում է ուկրաինացի լրագրողներին ու բլոգերներին, քան Ադրբեջանից ուղիղ տարածվող քարոզչությանը:

Նրա խոսքով, եւ Ուկրաինայում եւ Վրաստանում հետպատերազմական իրավիճակը հիմնականում դրական է մատուցվում եւ ընկալվում, քանի որ դա երկու երկրների համար էլ օրինակ է, թե ինչպես կարելի է պայքարել անջատողականության դեմ, որովհետեւ այդ երկու երկրների համար էլ շատ կարեւոր էին նման խնդիրները. «Այդպիսով, մենք ունեինք տեղեկատվական առումով Հայաստանի համար ոչ բարենպաստ իրավիճակ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30