Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ասել էր, որ առաջնագծից վերադարձած զինծառայողները պատրաստվում են հանրահավաք անել ի աջակցություն Փաշինյանի ու հորդորել էր դա չանել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը սադրանք որակեց դա. «Այն, ինչ անում է հիմա կառավարությունը, այն, ինչ անում է Աղաջանյանը, սա սադրանք է, սա հրահրում է քաղաքացիական բախումների, քաղաքացիական պատերազմի եւ ես կոչ եմ անում, որ որեւէ կերպ, որեւէ կերպ այս քայլին չգնալ: Առաջին իսկ օրվանից վարչապետը հրահրում է քաղաքացիական բախումներ: Սա անընդունելի է, կարող է ունենալ շատ վատ հետեւանքներ: Երբ ես ասում էի, որ նման քայլերը կարող են բերել ցնցումների եւ ցնցումներով վարչապետը հեռանա, սա այդ քայլերից մեկն է»:
Գորգիսյանը հորդորեց հետ կանգնել նման սադրանքներից. «Եթե վարչապետը մտահոգված է մեր երկրի ապագայով, մեր երկրի մարդկային կյանքերով, նա ուղղակի պետք է հետ կանգնի նմանատիպ քայլերից: Ես սա գնահատում եմ որպես սադրանք՝ ՀՀ-ի դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ