«Վլադիմիր Պուտինը բազմաթիվ այլ բաներ էլ է ասել, որոնք ցանկության դեպքում հերքում են ձեր մյուս հարցի կոնտեքստում եղած հանգամանքը»,- «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց հարցադրումներին՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների հետ:
Մեր հարցին՝ Վլադիմիր Պուտինն ասաց, որ հոկտեմբերի 18-19-ին այլ առաջարկ են արել, Ալիեւը համաձայն է եղել այդ պայմանով հրադադարի, Նիկոլ Փաշինյանն ինքը չի համաձայնել՝ Սիմիդյանը միանգամից պատասխանեց. «Հիմա դրա վերաբերյալ մեկնաբանություններ կլինեն, բայց Վլադիմիր Պուտինն արել է նաեւ այլ հայտարարություններ»: Հարցրեցինք կոնկրետ ո՞րն է ձեր սրտով՝ նա պատասխանեց. «Սրտովի խնդիրը չի, ժողովուրդ»: Դիտարկմանը, որ փաստն այն է՝ Շուշիի հետ կապված մի շարք գործիչները նույն բանն են ասում, այդ թվում՝ Պուտինը եւ միայն Նիկոլ Փաշինյանն է այլ բան ասում՝ Սիմիդյանը պատասխանեց. «Ասում եմ՝ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների մեջ կար նաեւ պատասխաններ, բազմաթիվ այլ հանգամանքներ է ասել Շուշիի հետ կապված, որ Շուշիի հարցը չի եղել, բայց այս պատերազմի ընթացքում առաջ են եկել, դրանք կպարզաբանվի: Շատ հարցեր են մտահոգում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ Մարուքյանն առաջարկել է փաստահավաք հանձնաժողով ստեղծել, որը կքննի ամեն մի դետալ՝ պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո, համաձա՞յն եք առաջարկի հետ՝ Սիմիդյանը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ առաջարկի մասին, բայց կարծում է, որ պարզաբանելու կարիք կա:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ասում են, որ ձեր խմբակցությունից շատերն են դժգոհ այս իրավիճակից, ուզում են դուրս գալ, պարզապես աշխատում եք իրենց վրա՝ Սիմիդյանն արձագանքեց. «Ոչ մեկը ոչ մեկի վրա չի աշխատում: Մեր խմբակցությունը հանրության շրջանում եղած մտահոգություններն ունի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ