Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞վ, ինչպե՞ս եւ երբ պետք է դուրս բերի երկիրն այս իրավիճակից». Վարազդատ Հարությունյան

Նոյեմբեր 18,2020 13:22

Aravot.am-ի զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, իրավաբան Վարազդատ Հարությունյանը

-Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված համաձայնության վերաբերյալ մեկնաբանությունները տարբեր են, տարբեր են նաեւ իրավիճակից դուրս գալու մասին պատկերացումները: Ձեր կարծիքով՝ ո՞րն է ելքը:

-Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչախմբի ամբողջական հեռացումն այլևս բացարձակ անհրաժեշտություն է։ Մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք, երբ իշխանության նկատմամբ դժգոհությունները պայմանավորված են ոչ սոսկ կառավարման ապաշնորհության, այլ պատերազմը կապիտուլյացիայով ավարտելու փաստի հետ։ Սա նշանակում է, որ գործող իշխանություններն ի զորու չեն իրականացնել ոչ համախմբման գործառույթ և ոչ էլ պատրաստել հասարակությանը որևէ տեսակի հաղթանակի։

Բոլորին այժմ հուզում է մեկ հարց՝ ի՞նչ անել։

Միակ լուծումը, որն այժմ առաջարկվում է՝ 17 կուսակցությունների հրապարակած ճանապարհային քարտեզն է՝ իշխանության հեռացում, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Պետք է արձանագրել, որ ոչ միայն մեկ ուրիշ ավելի լավ լուծում չի առաջարկվում, այլ ընդհանրապես որևէ այլ լուծում չի առաջարկվում։ Ընդ որում՝ այս տարբերակի շուրջ որոշակի կոնսոլիդացիա կա, օրինակ՝ հանրապետության նախագահն, ըստ էության այս տարբերակի օգտին խոսեց։

Վարազդատ Հարությունյան

-Ինչո՞ւ գործընթացը չի համախմբում ավելի լայն շերտերի։

-Տեսեք, տեղի ունեցողի կապակցությամբ իմ անձնական դիտարկումը հետևյալն է. մեծամասնությունը համամիտ է, որ երկիրը կապիտուլացրած Նիկոլ Փաշինյանն իր կառավարությամբ պետք է հեռանա, սակայն բոլորը հարցնում են, իսկ ո՞վ պետք է գա իշխանության։ Այս հարցի հիմքում է թաքնված գործընթացից դուրս գալու բանալին։ Մենք 30 տարի շարունակ փնտրել ենք «փրկչի», որը ստեղծված իրավիճակից պետք է հանի երկիրը և «փրկի» ժողովրդին գործող իշխանությունների «ճիրաններից»։ Այժմ էլ այդ մտայնությունը հետևողականորեն կամ միամտորեն շարունակում է իշխել քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների հռետորաբանության մեջ։ Պետք է վերջ տալ այս մոդելին։

Ներքաղաքական առումով այժմ, առավել քան աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ չկա մեկ կոնկրետ ուժ, որը գործող իշխանությունների նկատմամբ ժողովրդի դժգոհությունը մաքսիմալ կարողանում է կապիտալացնել ու վերածել ընտրաձայների։ Ի՞նչ է սա նշանակում, որ այս իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք կարող ենք ձևավորել բազմաշերտ և իրականում ներկայացուցչական ազգային ժողով, որտեղ կլինեն և հները և նորերը, սակայն չի լինի մոնոպոլ իշխանական խմբակցություն, որը կկարողանա միանձնյա ընդունել օրենքներ, անգամ հաղթահարելով սահմանադրական օրենքների համար նախատեսված ձայների 2/3-ի շեմը։ Բոլոր քաղաքական գործընթացները կտեղափոխվեն խորհրդարան, ինչը խորհրդարանական կառավարման երկրների համար միակ առողջ տարբերակն է։ Ավելին՝ արդյունքում կձևավորվի նաև կոալիցիոն գործադիր մարմին, որը ստիպված կլինի առանց ավելորդ ինքնագոհության աշխատել՝ հենց իր ներսում ապահովելով հակակշիռներ և մրցակցություն։ Նկատեք, որ իրերի և իրադարձությունների նման դասավորվածության պարագայում երկրի առաջնորդի դերը ստորադասվում է ձևավորվող քաղաքական համակարգին, ինչը նշանակում է, որ եթե առաջնորդի հարցում մեր բախտը չբերի (ու օրինաչափորեն կարելի է պնդել, որ հենց այդպես էլ լինելու է), ապա դա առնվազն չի հանգեցնի այնպիսի կատաստրոֆիկ հետևանքների, ինչի միջով անցնում ենք արդեն 30 տարի։

-Խնդիր է նաեւ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմը և դրա ղեկավարը. ժամանակավոր վարչապետն ո՞վ է լինելու:

– Այստեղ մոտեցումները հակասական են։ Որոշները կարծում են, որ այդ կառավարությունն արդեն իսկ պետք է ունենա իր դեմքը, այսինքն` առնվազն հրապարակվի ընդդիմության առաջարկած վարչապետի անվանումը։ Մեկ այլ հատված էլ արդարացիորեն կարծում է, որ կոնկրետ անուն հրապարակելը կարող է խոչընդոտել համախմբման գործընթացին և բերել փակուղու։ Կարծում եմ կոմպրոմիսային տարբերակ կլինի հրապարակել այն չափանիշներն ու որակները, որին պետք է համապատասխանի ժամանակավոր կառավարության ղեկավարն ու անդամները, դա որոշակիություն կմտցնի գործընթացի մեջ և ինչ որ առումներով կցրի ինտրիգներն ու վերջ կտա ոչ մի տեղ չտանող գուշակություններին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30