«Ի գո՛րծ» ազգային համախմբման նախաձեռնության հայտարարությունը
Հարգելի հայրենակիցնե՛ր և համայն հայությու՛ն,
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի համար ստեղծվել է ծանր դրություն: Վտանգված է հայրենիքի գոյությունը: Բայց մենք դեռևս հնարավորություն ունենք դուրս գալու այս իրավիճակից, պահելու մեր պետությունը և փրկելու մեր արժանապատվությունը:
1.Առաջին հերթին պետք է արձանագրենք հետևյալ իրողությունները:
• Հայկական իշխանություններն ընդունել են իրենց կապիտուլյացիան, որն այս պահին իրագործվում է։
• Ունենք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ, հաշմվածներ, տեղահանվածներ, մեծ թվով ավերված բնակավայրեր, կորցնում ենք Արցախի Հանրապետության տարածքի մեծագույն մասը։
• Պարտությունը կարող է կոտրել մեր ժողովրդի ողնաշարը, ինչը սոցիալ-հոգեբանական շատ ծանր հետևանքներ կունենա։
• Պարտությունը տնտեսական լրջագույն հետևանքներ է առաջացնելու։
• Հայաստանի նախկին և ներկա ոչ մի իշխանություն ի վիճակի չէ համախմբել ժողովրդին և դիմակայել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին։
• Կապիտուլյացիայի հայտարարությունը պառակտել է հանրությանը, իրավիճակը հղի է քաղաքացիական բախումների վտանգով։
• Կապիտուլյացիայի հայտարարությունը ոչ միայն խաղաղության երաշխիք չէ, այլև նոր ու էական սպառնալիք է հայրենիքի անվտանգությանը:
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է գիտակցել, որ այս իրավիճակից ելքը կախված է ոչ թե կոնկրետ անձից, այլ բոլորիս համախմբումից:
2.Պարտության հիմնական պատճառները։
Պարտության պատճառներն առաջին հերթին երկրի ներսում են: Ոչ մի այլ երկիր պատասխանատու չէ և չի կարող լինել մեր անվտանգության համար: Հիմնական պատճառն այն է, որ երկրի բոլոր ղեկավարները վարել են տնտեսական, ռազմական, արտաքին, կրթական, սոցիալական սխալ քաղաքականություն: Ոչ իրատեսաբար է գնահատվել երկրի ներքին սոցիալ-քաղաքական ու տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը։
Մասնավորապես․
• Բնակչությունը չի նախապատրաստվել պատերազմի ո´չ զինվորական-զորահավաքային պատրաստվածության, ո´չ հոգեբանական, ո´չ կրթական տեսակետից:
• Մեր տնտեսությունը կառուցվել է սխալ գաղափարախոսության վրա, որը հանգեցրել է տնտեսական ոլորտում ահռելի կոռուպցիայի և կարգավորման բացակայության։
• Պետական կառավարման անարդյունավետ և կոռումպացված համակարգը հանգեցրել է պաշտպանական կարողությունների նվազմանը։
• Տարիների ընթացքում նվազել է երկրի գիտական ներուժը:
3.Հետագա անհրաժեշտ քայլերը։
1.Մարտունակ բանակի ստեղծում, զինվորական ծառայության, զորահավաքի և պահեստազորի պատրաստության արմատական բարեփոխում:
2.Մոբիլիզիացիոն տնտեսության կառուցում՝ պետության լուրջ ներգրավվածությամբ, պետության անվտանգային կարիքները դնելով տնտեսության առանցքում (ռազմական արդյունաբերության գերակայություն) և լայնորեն քարոզելով ու կիրառելով կամավորական աշխատանքները:
3.Կրթության և գիտության կառավարման համակարգի ու փիլիսոփայության արմատական վերանայում:
4.Ոչ արդյունավետ պետական կառավարման համակարգի արմատական վերանայում, վերահսկողության ու պատասխանատվության մեխանիզմների կիրառում։
5.Իրատեսական արտաքին քաղաքականության իրականացում՝ հիմքում ունենալով ազգային-պետական շահերի և միջազգային ու տարածաշրջանային գործընթացների համադրումը։
6․Ժողովրդագրական խնդիրների վերհանում և բարելավման քաղաքականության մշակում:
7․Հասարակական բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում՝ «սև ու սպիտակ» տարբերակումների վերացմամբ և ազգային համընդհանուր նպատակների քարոզմամբ։
8.Հայրենիք-սփյուռք հարաբերությունների իրատեսական ըմբռնում և վերաիմաստավորում:
Այս քայլերի (որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է առանձին ծրագիր և ռազմավարություն) իրականացման արդյունքում մենք հնարավորություն կունենանք ապահովելու մեր հայրենիքի հնարավորինս պաշտպանված լինելը և հինգ տարուց ունենալու կենսունակ պետություն:
Արձանագրենք, որ կապիտուլյացիա ստորագրած անձը չի կարող լինել պետության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար։
26 տարիների ընթացքում մեր հաղթանակը վերածվեց պարտության: Այժմ պետք է պարտությունը վերածենք հաղթանակի:
Հարգելի՛ հայրենակից, կոչ ենք անում լինել ակտիվ և միանալ այս նախաձեռնությանը:
Մեր նախաձեռնությունը չի ներկայացնում ոչ մի քաղաքական առկա ուժի: Այս հայտարարությունը բաց է ստորագրության համար:
Ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու միակ ելքը բոլորիս ամենօրյա աշխատանքն է, համախմբվածությունը և հստակ ծրագրի իրագործումը:
Ի գո՛րծ:
• Կարին Տոնոյան, մանկավարժ, լրագրող
• Արսեն Ջուլֆալակյան․ միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, սպորտի վաստակավոր վարպետ
• Շամամ Գևորգյան, բիզնեսի զարգացման մասնագետ,
• Վահե Հովհաննիսյան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
• Մովսես Դեմիրճյան, փիլիսոփայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
• Ալեն Ղևոնդյան, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու
• Գևորգ Էմին-Տերյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու,
• Արթուր Ավագյան, բժիշկ, գենետիկ,
• Լևոն Հովսեփյան, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
• Մանե Թորոսյան, հանրային կառավարման մասնագետ, ԵՊՀ շրջանավարտ,
• Արմեն Եղոյան, միջազգայնագետ, ԵՊՀ շրջանավարտ,
• Արշալույս Գալստյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
• Արսեն Թավադյան, փաստաբան, իրավագիտության թեկնածու, դոցենտ,
• Սամվել Ամիրխանյան, ռեժիսոր, վավերագրող,
• Արմեն Խաչիկյան, սոցիոլոգ,
• Սայադ Բադալյան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
• Էմիլ Մելիք-Վրթանեսյան, գործարար, իրավագետ,
• Մենուա Սողոմոնյան, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու,
• Անահիտ Նալբանդյան, միջազգայնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու,
• Նորայր Գևորգյան, մաթեմատիկոս,
• Արմեն Սարգսյան, փիլիսոփայագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ,
• Սաթենիկ Ավետիսյան, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
• Վահագն Դալլաքյան, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու,
• Լիանա Սարգսյան, լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
• Նարեկ Հարությունյան, աշխարհագետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ,
• Ֆրունզ Հարությունյան, գինեգործ,
• Նաիրա Երիցյան, ֆինանսական կառավարման մասնագետ,
• Աղասի Թավադյան, տնտեսագիտության թեկնածու