Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան. «Ամեն ինչ թող էստեղ ավերվեր՝ պատուհանի եւ դռան մակարդակով, բայց մենք հայրենիք չկորցնեինք». «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2020 11:28

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը վարչապետի հայտնի սկանդալային գրառումից հետո, որտեղ նա ակնհայտ քաղաքացիական պատերազմ է հրահրում, հայտարարեց խմբակցությունից դուրս գալու մասին։ Երեկ էլ ԱԺ ամբիոնից ընդգծեց՝ իր այդ քայլով ինքը որեւէ քաղաքական օրակարգ չի սպասարկում։ Թե որն է եղել նրա՝ խմբակցությունից դուրս գալու հիմնական պատճառը, մեզ հետ զրույցում Թովմասյանն այսպես մեկնաբանեց․ «Երբ որ ես Արցախը հանձնելու գիշերային փաստաթղթին ծանոթացա, այն ինձ համար մահու չափ վիրավորական էր, եւ ես այդ պահին գիշերով գրել էի երկու դիմում, մեկը՝ մանդատից հրաժարվելու, մյուսը՝ խմբակցությունից դուրս գալու։ Այդ պահին չուղարկեցի, մտածեցի, որ գուցե ինչ-որ այլ քայլ կա անելու։ Հավաքեցի ինձ, եթե էմոցիաների տակ անեի, արդեն մանդատից զրկված կլինեի եւ էլ հետքայլ չէի անի։ Բայց էմոցիաների տակ չարեցի ու հետո հասկացա, որ գուցե ճիշտը դա էր, գուցե պետք էր ինչ-որ իրավիճակ շտկել կամ փորձել ինչ-որ բան վերադարձնել, եւ սկսեցի իմ հանդիպումների շարքը։

Հանդիպել եմ բոլորին՝ ընդդիմություն, իշխանություն, ռազմաքաղաքական ղեկավարություն, ՀՀ նախագահին, վարչապետին, հոգեւոր առաջնորդին, ՌԴ դեսպանին, քաղաքական տարբեր գործիչների, որպեսզի հասկանամ՝ ինչ կարող ենք անել մենք։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, անդառնալի է, ցավոք սրտի, որեւէ բան չենք կարողանալու ուղղել, շտկել կամ խմբագրել։ Սա ինձ համար ամենացավալի իրողությունն է։ Բայց, այնուամենայնիվ, ունենք այս վիճակը եւ հիմա պետք է մենք կարողանանք մեր ներքաղաքական իրավիճակի կայունացմամբ եւ հետագա վիճակի առողջացմամբ գոնե եղած մեր հայրենիքը չկորցնենք»։

– Ձեզ դո՞ւր են գալիս «Իմ քայլի» Ձեր գործընկերների ելույթները, երբ նրանք ափսոսանք են հայտնում, որ ինչ-որ մարդիկ մտել են ԱԺ եւ դռների բռնակներն են կոտրել։ Արդյոք կարո՞ղ է դռան բռնակ կոտրելն ավելի ծանր կորուստ լինել, քան Արցախը հանձնելը։

– Ես, օրինակ, կուզեի, որ ամբողջ խորհրդարանի դռների բռնակները կոտրվեին, բայց մենք Շուշին չհանձնեինք։ Թող ամբողջ խորհրդարանի պատուհանները կոտրվեին, բայց մենք չհանձնեինք Հադրութը։ Եվ էսպես կարող եմ շարունակել, որ ամեն ինչ թող էստեղ ավերվեր՝ պատուհանի եւ դռան մակարդակով, բայց մենք հայրենիք չկորցնեինք։

– Ի դեպ, ասում են՝ Շուշին չի ընկել, Շուշին հանձնել են, որովհետեւ Շուշիում, մինչեւ եռակողմ հայտարարությունը, պայքարում էին եւ ռեսուրս ունեին չհանձնելու։ Դուք հանդիպել եք տարբեր մարդկանց հետ, այդ թվում՝ ազատամարտիկների, նրանք ի՞նչ էին ասում, մենք ռեսուրս ունեի՞նք Շուշին պահելու։

– Ես շատ մանրամասների եմ տիրապետում, որոնց մեջ կան որոշակի ռազմական գաղտնիքի տարրեր, միայն կարող եմ ասել, որ իսկապես մենք պիտի ընդունենք, որ մենք ձախողել ենք։

– Դուք ասացիք, որ որեւէ քաղաքական օրակարգ չեք սպասարկում, ըստ Ձեզ՝ դրսում հավաքված ուժերն այսօր աթոռակռի՞վ են տալիս, թե՞ իսկապես հայրենիքի փրկության հարցն է։

– Ես որեւէ մեկի հայրենասիրության վրա կասկածելու իրավունք չունեմ, որովհետեւ մեր պատերազմի առաջին իսկ օրերից ես ականատես եղա մեծ մարդկային հոսքերի դեպի ռազմաճակատ, որոնք պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Եվ առավել եւս ես, օրինակ, շատ լսել եմ դաշնակցական շատ ջոկատների սխրանքների մասին եւ դրա մասին չէի կարող չբարձրաձայնել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30