«Ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
– Տեղի ունեցածը ցույց չի տալի՞ս, որ մենք հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված խնդիրներ ունենք՝ հաշվի առնելով, որ ստորագրված հայտարարությունը որևէ կերպ չէր բխում Հայաստանի շահերից:
– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շատ բավարարված է այս ամենից: Ես կարծում եմ, որ ոչ մի բավարարված կողմ էլ չկա իրականում: Նույնիսկ ադրբեջանցիները բավարարված չեն: Բոլորն էլ դժգոհում են, որովհետև այդ հայտարարությունը սկզբունքորեն ոչ մի հարց չի լուծում ոչ մի կողմի համար: Սա իրավիճակային հայտարարություն է, որ տվյալ պահին արյունահեղությունը կանգնեցնեն ու վերջ: Սա առաջին փուլն է, պետք է սկսվի երկրորդ փուլը, երբ պետք է սկսվեն սկզբունքային բանակցություններ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ռուսական զորքերի կարգավիճակի վերաբերյալ և, ամենակարևորը՝ ինչ կապ ունեն Թուրքիայի զորքերը տարածաշրջանում: Այստեղ շատ մեծ թվով բազմակետեր կան, չբացված չակերտներ, որոնք պետք է մեկնաբանվեն: Հիմա շատ կարևոր է, որ նորից հանկարծ ռազմական գործողություններ չսկսվեն, ու նորից արյուն չթափվի: Մենք պետք է ունենանք երաշխիքներ, որ պատնեշն արդեն շարված է, և հետ քայլ դեպի ռազմական գործողություններ չկան: Մեզ այդ երաշխիքները կենսականորեն պետք են: Իմ կարծիքով՝ հիմա Հայաստանը պետք է իր ուշադրությունը սևեռի ինքն իր վրա, իր պետականության վրա, իր ռազմական, տնտեսական, քաղաքական, մշակութային դիրքերն ամրացնելու վրա, իսկ աշխարհաքաղաքական իր ամբիցիաները մի քիչ համաձայնեցնի ռուսների հետ: Բոլոր ոլորտներում մենք շատ թույլ վիճակում ենք գտնվում, հաջողություններ չունենք: Որպես պետություն՝ մենք չենք կայացել, դրանից էլ օգտվեցին ու չարաշահեցին ուրիշները: Դեռևս 2018-ին այդ մասին Իգոր Մուրադյանն էր ասում, որ այդ օրը գալու է, ու այդ օրը եկավ: Բայց մենք հոգեբանորեն պատրաստ չենք լսել մեզ համար տհաճ տեսակետներ, միշտ այդպիսի տեսակետներ արտահայտողներին անվանում ենք դավաճաններ, չունենք իրար լսելու, վերլուծելու սովորությունը: Փոխարենը ունենք իրար ընդհատելու, իրար վրա բղավելու սովորությունը: Նույնիսկ էստեղ համայնքային կառույցներում չկա հայերենի նկատմամբ հարգանք, աշխատանքային լեզուն ռուսերենն է: Չկա հայերեն գրելու ավանդույթը:
Բազմաթիվ հարցեր կան, որոնք բնորոշում են մեզ որպես ուզած պայմանի, ուզած իրավիճակի հարմարվողներ: Պետք է բոլորս այս իրավիճակից եզրակացություններ անենք, վերլուծենք ու հասկանանք, որ պետք է դառնանք իրար չատող, իրար հարգող հասարակություն, ազգ ու պետություն:
Կարդացեք նաև
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: