Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել

Նոյեմբեր 18,2020 09:30

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ կազմով Հայկուհի Հարությունյանի, Լիլիթ Ալեքսանյանի, Արամայիս Փաշինյանի, Նարեկ Համբարձումյանի՝ քննության առնելով Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ N 03/2020 վարույթի նյութերը եզրակացրել է, որ խախտվել են Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի  պահանջները:

Փաստաթղթի մեջ նշված է, որ 2020 թվականի հուլիսի 1-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry համակարգի միջոցով Հանձնաժողովին հասցեագրել է դիմում, որի մեջ ներկայացրել է տեղեկություն այն մասին, որ 2020 թվականի հունիսի 24-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է մուտքագրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի՝ 2020 թվականի հունիսի 23-ի արձանագրությունը՝ ստորագրված Գագիկ Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։

Ըստ նույն աղբյուրի, Էլեկտրոնային գրանցամատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեռևս 2018 թվականի հունվարի 22-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն էր ներկայացվել «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊ ընկերության մասնակցի՝ 2018 թվականի հունվարի 16-ի որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընկերության կանոնադրության մեջ եւ որոշումը ստորագրվել էր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից։

«Դիմումատուն նշել է, որ վերոգրյալը վկայում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից ՀՀ Սահմանադրության «Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը» վերտառությամբ 95- րդ հոդվածի հնարավոր խախտման մասին և խնդրել է Հանձնաժողովին իր լիազորությունների շրջանակներում պարզել քննարկվող գործողություններում անհամատեղելիության պահանջի խախտման առկայությունը։ 2020 թվականի հուլիսի 6-ին Հանձնաժողովը կայացրել է 03/2020 որոշումը՝ անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին։ 2020 թվականի հուլիսի 10-ին Հանձնաժողովը փոստային առաքմամբ որոշումն ուղարկել է Գագիկ Ծառուկյանին»,- ասվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում զետեղված եզրակացության մեջ։

Նաեւ նշվում է, որ վարույթի շրջանակներում Հանձնաժողովն ուսումնասիրել է Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքի անդամների կողմից 2011-2019թթ․ ժամանակաշրջանների համար ներկայացրած հայտարարագրերը և հայտարարագրված տվյալները համադրել ՀՀ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից ստացված տեղեկատվության հետ, ինչպես նաև՝ դիմումով բարձրացված՝ անհամատեղելիությանն առնչվող առերևույթ փաստերի հետ, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերություններին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրությամբ հնարավոր անհամատեղելիության փաստի առկայությունը ստուգելու նպատակով, ապա էլեկտրոնային տարբերակով Գագիկ Ծառուկյանին է ներկայացրել գրություն՝ առաջարկելով ներկայացնել պարզաբանում և դրան կցել փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր հետևյալի վերաբերյալ․

1) «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերություններում գույքային իրավունքները Ս․ Առուստամյանի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը, ցանկացած փաստաթուղթ, որն առնչություն ունի իր մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի կառավարմանը, լիազորությունների փոխանցմանը հավատարմագրային կառավարչին։

2) «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․ Առուստամյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, գործառույթների շրջանակը սահմանող ակտեր, փաստաթղթեր, Ս․ Առուստամյանի՝ որպես «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության հավատարմագրային կառավարչի կողմից կնքված բոլոր գործարքները, կայացված որոշումները։

Դրանց վերաբերյալ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Էմին Խաչատրյանը ներկայացրել է համապատասխան դիրքորոշում:

Փաստաթղթից տեղեկանում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին Հանձնաժողովը տեղեկություն ստանալու համար աջակցության նպատակով դիմել է ՀՀ Կառավարությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ լիազորությունների շրջանակներում է Գագիկ Ծառուկյանը հանդիպել ՀՀ Վարչապետին՝ 2019 թվականի փետրվարի 21-ի ՀՀ Կառավարության N 112 – Ա որոշմամբ ՀՀ Կառավարության հավանությանն արժանացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի շուրջ քննարկման համար։ Այդ նախագծով Կառավարությունը նպատակ էր հետապնդում ապահովել Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցունակությունը։ Սակայն պարզվում է, 2020 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ ՀՀ Կառավարությունը տեղեկություններ չի տրամադրել։

Ի թիվս այլնի, ի պատասխան հանձնաժողովի այն հարցադրմանը, թե իր ո՞ր լիազորությունների շրջանակներում է Գագիկ Ծառուկյանը հանդիպում իր գործընկեր տարբեր գործարարների ու ներդրողների հետ, նրանց հետ քննարկում գործարար ծրագրեր, Ծառուկյանի, փաստաբանը նշել է. «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհի տարբեր երկրներից շատ ներդրողներ գալիս են Հայաստան ներդրումներ կատարելու՝ հաշվի առնելով հենց Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը և նրա հանդեպ ունեցած անձնական վստահությունը, և ամենևին զարմանալի չէ, որ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում նրանց հետ՝ ներդրումային միջավայրը ներկայացնելու և տնտեսության զարգացման նպատակով հնարավոր ներդրումներ ներգրավելու համար։ Ինչ վերաբերում է տարբեր գործարանների կառուցման, սակագների սահմանման վերաբերյալ պայմանավորվածություններին, ապա դրանք երկուստեք ձեռք են բերվել կառավարիչների կողմից»։

Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ ըստ ուսումնասիրությունների՝ բացի օրենքի ձևական խախտումից, առկա է նաև անհամատեղելիության պահանջների բովանդակային խախտում։

Իսկ եզրակացությանը կից Հատուկ կարծիքում նշվում է. «Նման փաստերի հիման վրա անձի վարքագծի մասին պատկերացում ձևավորելու համար Հանձնաժողովը չի կարող կաշկանդվածություն ունենալ։ Առավել ևս, երբ պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության սահմանադրական պահանջը, սահմանված է եղել դեռևս 2005 թվականից։ Այստեղ կարևոր է վերստին հաշվի առնել, որ պատգամավորի նկատմամբ գործունեության անհամատեղելիության պահանջն ավելի խիստ է։ Բացի այդ, նման խախտումների անտեսումները նպաստում են դրանց կրկնությանը, օժանդակում են քաղաքական կոռուպցիայի զարգացմանը՝ խոչընդոտելով երկրի հետագա տնտեսական զարգացմանը »։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30