Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուրդ ընդունեք ձեր սխալները, դադարեք մեղադրել իրար

Նոյեմբեր 18,2020 09:00

Այս պարտությունը հաղթահարելու մի ճանապարհ կա. յուրաքանչյուր քաղաքական ուժ, քաղաքական գործիչ ու պաշտոնյա, որ առնչություն է ունեցել Արցախյան խնդրի արծարծումներին, անմիջական մասնակից է Արցախի շուրջ ծավալված գործընթացներին և իր դիրքորոշումն է հայտնել՝ հավակնելով առանցքային դերակատարության, թող հետադարձ մի հայացք նետի իր գործունեությանը և փորձի հասկանալ իր սխալները: Զուգահեռաբար ամենքը թող խոհեմություն ունենան՝ վերջ տալու միմյանց հանդեպ անհանդուրժողականությանն ու թշնամությանը, դադարեն իրար դավաճան ու հայրենադավ անվանել: Թող դադարեցնեն միտինգային ժամավաճառությունը, կրքոտ գոռգոռոցները իրար վրա՝ դա ցածրակարգ բնազդների բախում է, ամոթալի և անմիտ գզվռտոց է: Գիտակցեն, որ կատարվածը մեկ հոգու պարտություն չէ, որ դա բոլորիս պարտությունն է, և յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր պատասխանատվության չափով տեր կանգնել դրան:

Վասակ Դարբինյան

Սկսեմ գլխավոր պատասխանատուից:

Ակնկալում եմ, որ ՀՀ վարչապետը հանդես գա ուղերձով, որտեղ կիշխի սառը դատողությունը և կբացակայի զգացմունքայնությունը: Խոստովանի, որ սանձազերծված պատերազմում պարտության պատասխանատվությունը առաջին հերթին անձամբ իրենն է, իր քաղաքական թիմինը: Որ ի սկզբանե իրատեսական չի եղել իր արտաքին քաղաքականությունը, հիմնված է եղել իներցիայով ժառանգած առավելապաշտության, սխալ և պարզունակ պատկերացումների և ռոմանտիզմի վրա: Որ հայոց անկոտրում ոգին ժամանակակից սպառազինությանը հակադրելը եղել է իր գլխավոր արկածախնդրությունը, և սա է այս պատերազմում պարտություն կրելու հիմնական պատճառը, սա է պարտության ամենացավալի կողմը: Հայտարարի, որ ելք է փնտրում իրավիճակից ու երաշխավորի, որ այդ ելքը կլինի ամենախելամիտը. արտահերթ ընտրությունը՝ սահմանադրական համապատասխան ընթացակարգերով:

Ակնկալում եմ, որ Ազատության հրապարակը անառողջ կրքերի թատերաբեմի վերածած քաղաքական ուժերը զսպեն իրենց անափ ատելությունը, որը հորդում է այդ սրբազան վայրից՝ ապականելով արդարության համար պայքարի խորհրդանիշ դարձած այդ տարածքը: Այս հրապարակը Արցախյան ազատամարտի խորհրդանիշն է: Արցախի համար պայքարում այն երբևէ չի եղել դավադրության և եղբայրասպանության օջախ:

Քաղաքական ուժերը թող բարի լինեն մի պահ խորը շունչ քաշել ու հիշել, թե ինչ հետագիծ են թողել իրենք անկախ Հայաստանի պատմության մեջ: Թե որն է իրենց արժեհամակարգը: Որքանով է այն համահունչ հայ ժողովրդի ակնկալիքներին՝ մասնավորապես, և ժամանակակից աշխարհի չափանիշներին՝ ընդհանրապես: Թե իրենց որ արժանիքների համար պիտի ժողովուրդը վստահի իրենց, մանավանդ որ բազմիցս չարաշահել են այդ վստահությունը և, ցավոք, հեղինակազրկվել:

ՀՀԿ-ն թող խոստովանի, որ բլեֆներով, խուսանավումներով, շառուփորձանքից օգուտ քաղելու մտասևեռումով, հարցի լուծումը ձգձգելով, անպտուղ բանակցություններով, աշխարհի հզորների առջև ստորաքարշության իր անսպառ պաշարները ծախսելով՝ անցնող ամեն օրվա հետ ավելի է ծանրացրել ստատուս քվոյի բեռը զորակոչից զորակոչ նվազող մատղաշ տղաների ուսերին… Իսկ զինվորները նվազում էին ոչ միայն էն պատճառով, որ բնական վերարտադրության խնդիր էր՝ նախորդ պատերազմի սերունդը լիքը զոհ տվեց, և շատերի տոհմածառերի ճյուղերը կտրվեցին, շատերն էլ արտագաղթեցին,- այլ քանի որ բանակ գնալը ինքնին տաժանակրություն էր, քանի որ թշնամու դիպուկահարի դեմ անպաշտպան լինելու պատճառով օրումեջ զինվոր էր զոհվում, հոռի և բռի բարքերը հանգեցնում էին օրինաչափ դարձած սպանությունների և ինքնասպանությունների, քանի որ բանակի հրամանատարները բանակը կիսաքաղց ու կիսատկլոր էին պահում,- ինչո՞ւ, ուրեմն, ունևորները, ազդեցիկները, ճար գտնողները ծառայությունից չազատեին իրենց զավակներին, ո՞նց դղյակներ կառուցեին վերին արտի ցորեն խաղամոլները, սարսափազդու տեսքով անուղեղ գեներալները և հասարակության աչքից խնամքով թաքնված մանր ու մեծ գրպանահատները:

Հենց միայն այսքանը վերհիշելով՝ ՀՀԿ-ն թող ներողություն խնդրի ու առժամանակ լռի: Թող ձեռք ձեռքի տա ԲՀԿ-ի հետ և խոստովանի, որ բանակից ու հնարավոր ամեն տեղերից անընդհատ գողացել են: ՀՅԴ-ն էլ իր հերթին թող չփորձի հերքել, որ այս խրախճանքին (շարքային նվիրյալները մի կողմ) մասնակից է եղել՝ փորձելով դա քողարկել ռազմահայրենասիրական խրոխտ երգերով, զարմանազան տեսլականներով, ներկուսակցական ընկերվարության հիերարխիկ դրսևորումներով:

Փոքր-ինչ հետ գնամ ու համատարած ատելության, իրար մեղադրելու և ոչնչացնելու այս մոլուցքի մեջ տեսնեմ նաև ականջները Ռոբերտ Քոչարյանի, որի համար, ի դեպ, այս պատերազմում մեր պարտությունը հրաշալի պատեհություն է իր քրեական գործը գոնե առժամանակ գրողի ծոցն ուղարկելու:

Նա չի խոստովանի, իհարկե, որ Հայաստանի նախագահ կարգվեց կեղծիքներով ու խախտումներով, որ դուրս թողեց Ղարաբաղը բանակցություններից, որ հանդես գալով ոչմիթիզականության դիրքերից՝ դավաճանական ու ապազգային անվանեց Հայաստանի առաջին նախագահի դիրքորոշումը և երկիրն ընկղմեց տգիտության, գաղափարազրկության, զոռբայության և նյութապաշտության ճահիճը:

Նա երբեք չի խոստովանի, որ օգտվելով Վազգեն Սարգսյանի միամտությունից ու թուլություններից և շահելով նրա վստահությունը՝ աներևակայելի մտասևեռումով ու հաշվենկատությամբ կարողացավ հեռացնել ասպարեզից հեղինակություն և սեր վայելող բոլոր գործիչներին, տասը տարի շարունակ գռփեց Հայաստանը, Ղարաբաղի հարցը և բուն Ղարաբաղը պահելով որպես խաղաքարտ, որը պիտի խաղացներ մինչև իր ժամկետի արյունոտ ավարտը ու փոխանցեր իր հաջորդին:

Եվ ի՜նչ հմտությամբ կարողացավ մի կողմից չեզոքացնել ներքին հակառակորդներին, մյուս կողմից արևելյան քծնանքով քծնել Ռուսաստանին ու հեռու վանել մեզնից քաղաքակիրթ աշխարհին, երրորդ կողմից՝ հանդես գալ դաշնակցաֆիդայական հայրենասիրության խրոխտ խրտվիլակով, չորրորդ կողմից՝ քանդելով պետության հիմքերը կոռուպցիոն համակարգի շոշափուկներով:

Ակնկալում եմ, որ այս ակնառու բաները ետ պահեն նրան ասպարեզում հայտնվելու գայթակղությունից և Ղարաբաղից այս օրերին բերված խաչքարի պես ծանրանան նրա անփառունակ անցյալի վրա՝ այլևս երբեք որևէ կերպափոխությամբ ի հայտ գալը բացառելով, քանի որ դա չարիքներից առավելագույնն է, որը կարող է պատուհասել հայ ժողովրդին՝ ի հավելումն դառնագույն փորձությանը:

Հետ դառնանք ու գնանք, ի վերջո, դեպի այս պարտության ակունք: Դեպի հաղթանակ, որը տարանք հեռավոր 90-ականներին:

Թող այդ հաղթանակի հայրերը, նրանք, ովքեր դեռ կան ասպարեզում, ովքեր իրենց զավակների ետևից գնացին նույն պատերազմի երկրորդ, երրորդ ալիքը սանձելու և իրենց կիսատ գործը վերջնական հաղթանակի հասցնելու՝ այդպիսով իրենց նվիրական երազանքը կիսատ չթողնելու,- հայտարարեն, որ սխալվել են իրենց ուժերը հաշվարկելիս:

Զարմանալի անիրատես եղբայրներ… Ո՞վ ձեզ խաբեց, որ ձեր սրտերի սահմանը անցնում է անցյալ դարերում կորցրած հայրենիքի հեռավոր հորիզոններով: Որ դուք կարող եք լուծել հարյուրամյա, հազարամյա վրեժը: Որ ձեր հերոսությունը կարող է փոխհատուցել ձեր նախնիների կոտորածների նվաստացումը և հավասարակշռել այն: Ինչու չգնահատեցիք ձեր արածը, ինչու թերագնահատեցիք այն ու չբավարարվեցիք ձեռք բերածով:

Խոստովանեք, որ սխալվել եք, պահանջելով հաղթած երկրի ղեկավարությունից հրաժարական տալ և մեղադրելով նրան պարտվողականության մեջ:

Դու՝ 90-ականների հաղթանակը կռած ու այսօր ձեռքից անվերադարձ բաց թողած, անդառնալի կորցրած նախկին իշխանություն, հայտարարիր, որ վախեցար պաշտպանել քո հաղթանակը: Որ նահանջեցիր հայրենասիրական ռոմանտիզմի առաջ: Որ հանձնեցիր երկիրը առավելապաշտական-ազգային-ազգայնական խաժամուժին: Որ դա ոչ թե արժանապատիվ խաղաղության, ոչ թե խաղաղության կուսակցության պարտությունն էր, այլ խաղաղության կուսակցության կապիտուլյացիան էր դավադիր ու իրենց ազգայնական հռչակած ուժերին:

Յուրաքանչյուրդ խոստովանեք ձեր սխալները, և անցնենք առաջ: Եթե կարող եք՝ գտեք ձեր մեջ պարկեշտություն և երդվեք, որ այսուհետ ոչ մի անխոհեմ քայլ չեք անի, ոչ մի արկածախնդրության մեջ չեք ներքաշվի, ոչ մի պառակտիչ գործ չեք ձեռնարկի: Ձեր երեխայի ու ձեր ծնողի արևով երդվելու պես խոստացեք, որ հետայսու միասնաբար կպաշտպանեք մեր պետությունը, մեր հայրենիքը, մեր մշակույթը, մեր սրբությունները:

Սա է այս մղձավանջից դուրս գալու միակ տարբերակը:

Հակառակ դեպքում ավելի խորն ենք ընկղմվելու ճահիճում:

 

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30