«Ամերիկայի ձայն». Նոյեմբերի 18-ին Մոսկվայում կկայանան ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիայի դիվանագետների խորհրդակցություններ ԼՂ հարցի կարգավորման շուրջ:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մոսկովյան խորհրդակցությունից առաջ ևս կարևորել է կրակի դադարեցումը՝ նշելով, սակայն, որ այստեղ առկա են երկիմաստություն պարունակող դրույթներ: Արտգործնախարարի կարծիքով անհրաժեշտ է հստակություն մտցնել փախստականների, զինադադարի սահմանազատման, Թուրքիայի ներկայության, օտարերկրյա զինյալների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի հարցերում: Այս հարցերն, ըստ ֆրանսիացի դիվանագետի, կքննարկվեն մոսկովյան խորհրդակցության ընթացքում:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով չնայած այն հանգամանքին, որ այս հրադադարը Մոսկվան հաստատել է ինքնուրույն ու այսօր տարածաշրջանում են ռուս խաղաղապահները, չպետք է քննադատել ՌԴ այս կապակցությամբ, քանի որ այսպիսով հնարավոր է դարձել կանգնեցնել արյունահեղությունը:
«Սա ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դադարեցնեն արյունահեղությունը, հաստատեն տևական հրադադար, որը կնպաստի ի վերջո երկարատև խաղաղության ու հաշտության հաստատմանը»,- ասում է դեսպան Կազլյարիչը:
Կարդացեք նաև
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը ևս համակարծիք է՝ հրադադարի ռեժիմը հնարավորություն տվեց դադարեցնելու կրակն ու արյունահեղությունը: Հակամարտությունը ստացել էր անկանխատեսելի միջազգայնացված բնույթ: Այսօր խնդրի կարգավորումը սառեցված է, իսկ դիվանագիտական ջանքերով համաձայնության հասնելու հնարավորությունը հետընթաց է ապրել, կարծում է վերլուծաբանը:
« Անհանգստացնող է այն, որ չնայած Մինսկի գործընթացի հիմքում էր ընկած ՛՛խաղաղություն տարածքների դիմաց՛՛ մոտեցումը, մենք ականատես եղանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության, ուր ասված է, որ մենք վերադարձրել ենք մեր տարածքներն առանց ինքնիշխանության հարցում որևէ պարտավորության: Դա հուշում է, որ նա բացարձակապես շահագրգռված չէ բանակցել՝ խաղաղության հաստատման և այդ ուղղությամբ առաջ շարժվելու հարցում»,- նկատում է Ռուբինը: