Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին իշխանությունների թողած ժառանգությունը և դրա թավշյա պահպանումը ներկայիս իշխանության կողմից

Նոյեմբեր 18,2020 01:25

43 օր տևած արցախա-ադրբեջանական ագրեսիվ պատերազմը ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ: Արդյունքում պարտվեց Հայաստանը, շահեց Ադրբեջանը, հաղթեց Ռուսաստանը: Բաքվում հաղթանակի էյֆորիան է տիրում: Բայց ադրբեջանցին այդքան էլ գոհ չէ կնքված զինադադարի պայմանագրից: Ադրբեջանում տեղի են ունենում ցույցեր՝ ի դեմս Ալիևի: Նրանք համաձայն չեն այն փաստին, որ Արցախի որոշ մասը պետք է անցներ ռուսական խաղաղապահ զորքի հսկողության տակ:

Ադրբեջանը վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ փորձեց պատերազմի մեջ մտնել Հայոց բանակի հետ, սակայն համոզվեց, որ ի վիճակի չի մարտի դուրս գալու, դիմեց Թուրքիային՝ օգնության ակնկալիքով: Վերջինս էլ միջնորդեց ահաբեկիչների ներգրավումը Ադրբեջան, ու ստեղծեց մի այնպիսի քաոսային իրավիճակ, որ Հայաստանը կռիվ տար 3 ուժերի դեմ: Թուրքիան, բացի ահաբեկիչների ներգրավման միջնորդությունը, սատարեց Ադրբեջանին նաեւ դիվանագիտական, քաղաքական և ռազմական ուղղություններով:

Այնուամենայնիվ, Ադրբեջանը կրկին ցույց տվեց իր թույլ պետականամետ մտածողությունը. մի կողմից համաձայնվեց Արցախում տեղակայելու Ռուսաստանի զորքը, մյուս կողմից՝ Թուրքիայի: Վերջնականորեն Ադրբեջանը դարձավ Թուրքիայի ճորտը:

Ռուսաստանն, ի վերջո, հստակ ցույց տվեց, որ հարավում իր սահմանների մոտ այդպիսի վտանգավոր և կեղտոտ խաղեր թույլ չի տալու: Մոսկվան ուներ լիովին իրավական հիմքեր, որպես միջնորդ երկիր հանդես գալու, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողն է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 3 երկրների հետ համաձայնության պայմանագիր կնքելուց հետո, անմիջապես 2000 ռուս խաղաղապահ զինվորականներ ուղարկեց Արցախ 5 տարի ժամկետով: Վերջինս հայտարարել էր, որ պայմանագրի նշված ժամկետը, երբ լրանա, կարող է ևս 5 տարով այն երկարաձգվել, եթե, իհարկե, կողմերից մեկը չհրաժարվի: Նա հավելեց, որ սա արդարացի լուծում էր՝ 2 հակամարտող կողմերի շահերից ելնելով: Ռուսաստանի խաղաղապահ զորքից բացի, տեղակայվեցին նաև ռազմական տանկերը, ինչն էլ, կարծում եմ, ժամանակին ծառայելու է 2 նպատակով. կամ մի գեղեցիկ օր տանկերը հենց ադրբեջանցիների վրա են կրակելու կամ Ռուսաստանը ցանկություն ունի Արցախում հիմնովին ստեղծելու իր ռազմաբազան: Իսկ վերջերս Ադրբեջանի կողմից դիտմամբ խոցված ռուսական ուղղաթիռը, որն անցնում էր Հայաստանի տարածքով, մեսիջ էր Մոսկվային՝ Բաքվի պահանջը ընդունելու:

Այս ագրեսիվ պատերազմն անխուսափելի էր: Դիմադրելն՝ անզոր: Բոլորիս պարզ է, որ Ադրբեջանին մեծագույն առավելություն տվեց իր հարվածային անօդաչու սարքերը: Չնայած դրան՝ մեր զինվորները գիշեր ու ցերեկ քաջաբար կռվեցին թշնամու դեմ: Սակայն, այս թեժ իրավիճակին զինադադարն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր մեզ:

Թե նախկին, թե ներկայիս իշխանությունը գիտեր, որ ուշ թե շուտ տեղի էր ունենալու պատերազմը, պարզապես ժողովուրդը չէր պատկերացնում, արցախցին էլ թմբիրի մեջ էր, որ տեղի կունենար այսքան ցավոտ ու դաժան: Փաստ է, որ այսօր Արցախի տարածքը զգալիորեն փոքրացավ: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի «Զրույց քաղաքացու հետ» ելույթում հայտարարեց, որ բանակը եղել է այս 2 ու կես տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում և բանակի զարգացման համար տարբեր միջոցառումներ են եղել, բայց ոչ բոլորն են եղել արդյունավետ:

Նա շեշտեց նաև, որ անցած տարիների ընթացքում Ղարաբաղի հարցը չենք ուզեցել դարձնել մեկնաբանելի: Այն ուղղակի դարձել է միշտ տարածական, այսինքն, բանակցությունների ժամանակ եղել է տարածքների հանձնումն Ադրբեջանին, բայց չի եղել խորը վերլուծելի կամ քննարկվելիք առարկա:

Այո, երբ հետահայաց անդրադարձ են կատարում, հայկական կողմը այդ հարցը հետաձգել է 25 տարի, և եկավ այն հասունացման պահը և ձևավորվեց այնպիսի իրավիճակ, որ Փաշինյանը ստիպված եղավ ստորագրել կապիտուլացիոն համաձայնագիրը: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմի սկզբից համաձայնվեր Ռուսաստանի առաջարկին և վերադարձներ Ադրբեջանին Արցախի 5 տարածաշրջաններ՝ առանց Ղարաբաղի կարգավորման հարցի ճշգրտման, արդյո՞ք հայ ժողովուրդը, հենց արցախցին պատրաստ էր դրա ընդունմանը, միանշանակ՝ ոչ: Ճիշտ է նույնքան ցավոտ կլիներ, որքան հիմա, բայց հնարավոր կլիներ փրկել հարյուրավոր կյանքեր: Վարչապետը իր ելույթում շեշտեց, որ նա գնացել է այդ քայլին՝ գիտակցելով նրա հետագա վտանգը երկրում պաշտոնավարման հարցում, քանի որ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտություն: Եվ որքան էլ ցավոտ է մեզ համար, այո, սա միջանկյալ լուծումն էր այդ ծանր իրավիճակում:

Հավելեմ, որ մարզպետների, քաղաքապետերի, համայնքապետերի կամ գյուղապետերի կամավոր գնալ-մասնակցելը պատերազմին այդքան էլ տեղին չէր: Ընդհակառակը, նրանք պետք է Զինկոմիսարիատների հետ ակտիվ գործունեություն ծավալեին՝ զորացրված վերջին մեկ տարում կամ գուցե տարիներ առաջ զորացրված տղաների հավաքագրման գործում, որոնք ծանոթ էին զենքին և համեմատաբար կարող էին էլ ավելի լավ կռվել՝ փոխարենը ջարդու փշուր անելու կառավարության շենքի պատուհանները: Եվ ինքնին պարզ էր, որ իրենց մեկնումն ու մասնակցությունն ինչ-որ տեղ քաղաքական դրսևորում ուներ:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համաձայնությանն ու կարծիքին այդ տխրահռչակ պայմանագրի վերաբերյալ, պետք է ընդգծեմ, որ նա չէր կարող չհամաձայնվել Նիկոլ Փաշինյանի որոշմանը, քանի որ ելք չուներ, հասկացել էր Արցախում տիրող և ժամ առ ժամ փոփոխվող ծանրագույն իրավիճակը: Նոյեմբերի 10-ի ելույթում Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ արդեն կորցրել էին Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի շրջանը, Զանգելանի շրջանը, Հադրութի շրջանը, Մարտունու որոշ մասը, Ասկերանի շրջանը և թշնամին արդեն գտնվում էր Շուշիի և Ստեփանակերտի մերձակայքում՝ 2-3 կմ հեռավորության վրա: Այստեղ, ինքնին հասկանալի է, որ այդ տարածքները մեկ օրում կամ մի շաբաթում թշնամին չէր գրավել, այլ՝ սեպտեմբերի 27-ից, մինչդեռ թե Արծրուն Հովհաննիսյանը, թե Արայիկ Հարությունյանը, հայ ժողովրդին թմրացնում էին միայն հաճախ հնչող հուսադրող բառերով. «Ունենք հաջողություններ» և «Հաղթելու ենք» կոչերով: Այնինչ, մեր բանակը պարզապես հերոսաբար դիմադրում էր թշնամուն: Իհարկե, ընդունելի է այն, որ ռազմական դրության ժամանակ պետք է երկրի ներսում բարձր պահվի հասարակության բարոյահոգեբանական հոգեվիճակը, պետք է ժողովրդին նմանատիպ քաջալերող ու ոգեևորող կոչերով հանդես գալ, բայց դրան զուգահեռ պետք է լինեին հնարավորինս ազնիվ ու թափանցիկ հայտարարություններ:

Ուշագրավ է այն, որ Արայիկ Հարությունյանը իր ելույթում ասեց. «Դավաճանել ենք բոլորս», բայց չմանրամասնեց, չբացեց փակագծերը: Պետք է ընդգծեմ, որ երկրում դավադրությունն ունի խորը արմատներ և գալիս է նախկին իշխանությունների թողած գործից: Իր ելույթում պարզ հասկացվում էր նաև այն, որ ռազմաճակատում հրամանատարական կազմը ունեցել է որոշակիորեն թերություններ թե ղեկավարման հարցում, թե զինվորի կողքին անմիջապես կանգնելուն: Իսկ զինվորն իր գործը կատարեց փայլուն, ծառայեց հանուն հայրենիքի, անձնուրաց կռվեց՝ կյանքը նվիրաբերելով հայրենիքին և հիմա էլ անկոտրում ոգով պաշտպանում է սահմանը:

Նոյեմբերի 10-ի գիշերը ժողովուրդը գույժը լսելուց հետո մարդկանց խումբ հավաքվեց Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցով: Ցույցերը վերածվեցին անկարգության, խուլիգանության. ջարդու փշուր արեցին շենքի ապակիներն ու դռները, ներսում՝ գույքը, այնուհետև «Սև ամբոխը» արագ տեղափոխվեց Ազգային Ժողովի դիմաց, որտեղ էլ քավության նոխազ դարձավ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը, այն էլ՝ սեփական երեխայի ներկայությամբ: Այդ «առյուծի կաթ կերած» ստահակները պարտավոր էին կանգնել Արցախում զինվորի կողքին: Բայց…Ցավալի է:

Մարդիկ այսօր Նիկոլ Փաշինյանին երկրի դավաճան են համարում: Պարզ է, հասկանալի. ժողովուրդը պատրաստ չէր այդ գույժին, լցված էր հաղթանակի հավատով: Արցախցին խորը վշտով է լքում այսօր տարիներով դժվարությամբ ստեղծած տունն ու տեղը, իր ձեռքով ստեղծած այգին, իր հայրենիքը, ցավոք, կանգնեց փաստի առաջ:

Տեղի ունեցան ներքին ցնցումներ: Այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարված է: Երկրի ներսում խռովություն է տիրում: Դրա հետ մեկտեղ ակտիվացել են ընդդիմադիր 17 կուսակցություններ և հանրահավաք են կազմակերպում Ազատության հրապարակում: Նրանք, հենվելով ժողովրդի ցասման էյֆորիայի վրա, հրապարակավ համարում են Նիկոլ Փաշինյանին ազգի դավաճան և պահանջում հրաժարականը: Նախկին իշխանության քաղաքական գործիչներ, նոր ակտիվիստներ, այլ կուսակցականներ, որոնք ունեն աղքատիկ անցած ճանապարհ, խաթարում են հիմիկվա, այն էլ իրենից թույլ, երկրի քաղաքական իրավիճակը: Կարծում եմ պետք է վերջ տրվի իրենց էժան մանիպուլյացիաներով ինքնահաստատվելուն կամ աթոռակռիվ տալուն՝ հանդես գալով անմեղ գառան դիմակներով երկարաշունչ ելույթներին:

Եղածը եղած է: Եվ եթե նրանք այդքան մտածում են հայրենիքի մասին, ավելի ճիշտ է փորձեն այս պահին հստակ ռազմական նախագծով, պլանով և առաջարկներով միասնական հանդես գալ երկրի իշխանավորների հետ: Բա՛վ է, ձեր գոռում-գոչյուն ամպագոռգոռ ելույթներով հանդես գաք: Չէ՞ որ թշնամին ծիծաղում է հայ հասարակության ըմբոստության վրա: Եվ վերջապես, զոհվածների արյունը դեռ չի չորացել դաշտերում:

Ըստ իս՝ սա դավաճանություն չէր Նիկոլ Փաշինյանի կողմից, սա նախկինների թողած կտակն էր ներկայիս իշխանությանը: Նախկին իշխանությունների գործիքակազմը քաջ տեղյակ էր այդ իրողության մասին, որը զգուշորեն փոխանցեց Նիկոլին: Իսկ Նիկոլ Փաշինյանը այս երկու տարիների ընթացում լռեց խոսել կոնկրետ այդ հարցի շուրջ: Այսօր նախորդների սարքած ռումբը պայթեց Փաշինյանի, ներկայիս իշխանության և հենց մեր ձեռքերի մեջ: Եվ հենց այստեղ էլ պետք է ընդգծեմ, որ հենց այնպես չէր կարող զիջել նախկին իշխանությունը Փաշինյանին, և որն էլ վերածվեց թավշյա հեղափոխության: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հայաստանի ներկայիս Առաջին դեմք, երկրի վարչապետ, պարտվեց թշնամուն և ոչ թե դավաճանեց իր քաղաքացուն:

Այսօր ծնկած է հայ ազգը, բայց տապալված չենք, ամեն ինչ մեր ձեռքում է, մնում է հզորանանք, վերելք ապրենք ռազմաարդյունաբերական և կրթության ոլորտներում, զարգացնենք տնտեսությունը, ժամանակ շահենք՝ մարտական ժամանակակից զինամթերք զինելու: Մեզ պետք հիմա և շարունակաբար նոր առողջ մթնոլորտով հասարակություն ունենալ, իսկ արտաքին աշխարհի հետ ամուր ու կառուցողական կապ ստեղծող հմուտ, ավելի լավ բանակցող դիվանագետներ:

Հայոց բանակն արեց առավելագույնը: Մենք ունենք և ունեցել ենք քաջ ոգով անկոտրում զինվորներ, անասելի կամք ունեցող մարտիկներ, որոնք պատրաստ են անգամ վտանգել կյանքը մեր սուրբ հայրենիքի համար: Այո՛, ռազմաճակատում հիմնականում կռվեց զինվորը, զինվորը դարձավ այսօր և գեներալ և հրամանատար: Իսկ բոլոր նահատակված զինվորները պատերազմի ընթացքում պատմություն կերտեցին: Նրանց սխրանքը կհիշվի հավերժ, որոնք դարձան լեգենդներ և պատմության մեջ կմնան անձնուրացության փայլուն ու մնայուն էջեր:

Ծանր է, անխոս, շատ կորուստներ և վիրավորներ ունեցանք, և այսօր ողջ հայությունը սգի մեջ է: Սա էլ կանցնի, հայ ժողովուրդը վեր կհառնի, ժամանակ է պետք, և ետ կբերի իր կորսված շրջանները: Վստա՛հ եմ, հավատացած: Ի գործ…

Գերմաներեն լեզվի դասախոս, լրագրող՝ Արկադի Ալեքյան

17.11.2020թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30