Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդավաճան, անուղղելի լավատեսը

Նոյեմբեր 18,2020 12:30

 Հարցազրույց գեղանկարիչ Շահեն Ալեքսանդրյանի հետ

– Ձեր գործընկերների շրջանում անդավաճան, անուղղելի լավատեսի համբավ ունեք։ Շատերը կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ «իզմերը» գալիս-գնում են, իսկ Դուք անդավաճան մնում եք դասականի շրջանակներում, կտավին հանձնելով բնություն, նատյուրմորտ եւ կենդանիներ, հատկապես՝ ձիեր։ Ձեր աշխատանքներից շատերը, հատկապես ձիեր պատկերող, հանգրվանել են արտասահմանում՝ կոլեկցիոներների հավաքածուներում…

– Համամիտ եմ գործընկերներիս հետ։ Կտավին եմ հանձնում այն, ինչը մտահոգություն, նեղսրտություն չի առաջացնում, հակառակը՝ խաղաղություն ու անդորր է պարգեւում։ Նախընտրում եմ վառ, ուրախ գույներով աշխատել։ Ձեր հարցում ենթատեքստ նկատեցի. ուզում եք ասել, որ չեմ անդրադարձել վերջին 30 տարիների մեր կյանքի վայրիվերումներին։ Իհարկե, ունեմ աշխատանքներ արցախյան բնության պատկերներով, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայի, Ռուսաստանի քաղաքներում, Ավստրալիայում եւ այլն, փորձել եմ կտավին հանձնել արցախյան հերոսների դիմանկարները, ապրել եմ անհանգիստ օրեր՝ վերլուծելով նրանց կերպարներն ու սխրանքը, պատահել է գիշերներ եմ լուսացրել… Բայց դա իմը չէ։ Մի խոսքով՝ ես փորձել եմ ասելիքս հանձնել կտավին, որը կթեթեւացնի ե՛ւ ինձ, ե՛ւ դիտողին։

– Ձեր գործընկերներից մեկն ասաց՝ դիտե՞լ եք Շահենի ձիեր պատկերող ստեղծագործություններից գոնե մեկը, դրանք կարծես լուսանկարներ լինեն…

– Առաջին անգամ հինգ տարեկանում եմ մատիտը ձեռքս վերցրել ու փորձել եմ պատկերել ձի։ Այդ կենդանու նկատմամբ միշտ թուլություն եմ ունեցել։ Ժամերով կարող եմ դիտել ձիերին պատկերող լուսանկարներ, քանդակներ… Դիտում եմ պատմական թեմաներով ֆիլմեր, որտեղ դերասանից ոչ պակաս գլխավոր դերերում են նաեւ ձիերը։ Ձիերի աչքերից անվերջանալի բարություն է հորդում։

– Հայտնի է 18-րդ դարի իտալացի գեղանկարիչ Ջուզեպպե Կաստիլյոնեի ստեղծած շարքը՝ կազմված 10 թղթագլանից, որոնց վրա պատկերված են բացառապես ձիեր…

– Այո, իտալացի բնանկարիչ-միսիոները, Իտալիայից Չինաստան տեղափոխվելով, մեծ ճանաչում ձեռք բերեց հենց ձիեր նկարելով, այդ թվում է նրա «Հարյուր ձի» թղթագլանը։ Ձին խորհրդանշում է հավատարմություն, արագություն, տոկունություն եւ, իմ կարծիքով՝ հաղթանակ։


– Օրերս մեր մշակույթի, արվեստի եւ գիտության գործիչներն ուղերձ են հղել Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին, միջազգային կառույցներին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Ջո Բայդենին…

– Ես միանում եմ այդ ուղերձին։ Իսկապես, Արցախի որոշ տարածքներ այսօր Ադրբեջանի տիրապետության տակ են գտնվում։ Այո, համոզված ենք, որ վտանգված են Արցախում գտնվող հայկական բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք վկայությունն են տարածաշրջանում հայկական բազմադարյա գոյության։ Այս պատերազմի 40 եւ ավելի օրերի ընթացքում թշնամին դիտավորյալ թիրախավորում էր հայկական մշակութային կոթողները։ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ իրականացրել է մշակութային ցեղասպանություն։ Վանդալիզմի արդյունքում արդեն ոչնչացվել են եկեղեցիներ, խաչքարեր, պատմական տապանաքարեր, եւ ուղերձում իրավացիորեն նշված է. «Այդ ժառանգությունը, որը ժամանակին վայելում էր իր արժանի տեղը համաշխարհային ժառանգության գանձարանի մեջ, այսօր այլեւս չի կարնող փոխանցվել ապագա սերունդներին»։ Մշակութային ցեղասպանության ամենացայտուն դրսեւորումը, թերեւս, Նախիջեւանում Հին Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատան տասնյակ հազարավոր խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացումն էր։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30