Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ներկայիս զարգացումները եւ ստեղծված իրավիճակը վտանգում են հայի ինքնությունը

Նոյեմբեր 18,2020 12:00

Միասնական ազգային գաղափարախոսության կյանքի կոչումն այսօր օրակարգային խնդիր է

Արցախյան կոնֆլիկտի թեմատիկան մեզանում նոր երեւույթ չէ։ Ավելին, այն շատ մեծ նշանակություն է ունեցել ժամանակակից հայի ազգային ինքնության ձեւավորման եւ պահպանման համար։ Միայն թե, մարդկության զարգացման ժամանակակից միտումները պահանջում են միասնականության ապահովման համապարփակ ազգային ծրագրի առկայություն եւ տեղեկատվական հոսքերի գլոբալ կառավարում։ Այսուհետ մենք պետք է գիտակցենք, որ մեզանում կատարվող ամեն ինչ տեղեկատվական հասարակության գլոբալ համատեքստում է կատարվում։ Տեղեկատվական հասարակության զարգացման դարաշրջանում փոփոխվում են ոչ միայն պետության գործառույթները տեղեկատվական ոլորտում, այլեւ ի հայտ են գալիս նոր հնարավորություններ եւ սպառնալիքներ։

Հասկանալու համար, թե ինչպես են փոխվում պետության տեղեկատվական գործառույթները, պետք է ամբողջապես գնահատել տեղեկատվական հասարակության հնարավորություններն ու սպառնալիքները։ Եթե «էլեկտրոնային կառավարությունը» դիտարկվում է որպես նոր հնարավորություն, որը թույլ է տալիս էապես բարձրացնել պետական ծառայությունների որակն ու հասանելիությունը, ապա որպես դրա հետեւանք մենք բախվելու ենք նոր սպառնալիքի՝ վիրտուալ համայնքների տարածման հետ, որտեղ ընթերցողներն իրենք են հանդիսանում մեդիայի բովանդակության ստեղծողները, ինչպես մասնագիտական, այնպես էլ դիլետանտային մակարդակի վերլուծություններով։ Ազատ ընտրության եւ տեղեկատվության բազմազանության պայմաններում սկսում է ձեւավորվել ֆրագմենտացիայի (մասնատավածություն – նորմերի, վարքագծի եւ սոցիալական հարաբերությունների թուլացում, քայքայում կամ անկում) ռիսկը, որն ունի տարբեր դրսեւորումներ.

– Միանման դիրքորոշումներ ունեցող մարդկանց խմբային բեւեռացում։ Այս գործընթացի վտանգավոր հետեւանքն այն է, որ նույն գաղափարախոսությամբ առաջնորոդվող մարդիկ ձեւավորում են նոր խմբեր, որոնցում քննարկումները հանգեցնում են առավել ծայրահեղ խմբային դիրքորոշումների ձեւավորմանը, քան խմբի անդամների նախնական տրամադրվածություններն էին։ Բեւեռացման գործընթացին մեծապես նպաստում է նաեւ ԶԼՄ-ներով ծայրահեղ դիրքորոշումներ պարունակող տեղեկատվության տարածումը ռազմական դրության պայմաններում, երբ սոցիալական իրականությանը բնորոշ են միայն հույզեր ու անկայուն հոգեբանական վիճակներ, աֆեկտիվ գործողություններ ու ոչ ռացիոնալ դատողություններ։ Այս ամենն իր հերթին սպառնում է ծայարհեղ գորոծողությունների դրսեւորմամբ։

– Տեղեկատվության/ապատեղեկատվության տարածման ու կեղծ լուրերի շրջանառման համապատկերում ներազգային պառակտման ռիսկի ձեւավորում, որը սպառնում է ազգային ինքնության գոյությանը։ Նշված սպառնալիքն այսօր հստակորեն ուրվագծվում է հայ հասարակությունում՝ սպիտակների ու սեւերի պառակտման երկընտրանքով։ Այնինչ ազգային ինքնությունն ազգի զգացողությունն է որպես մեկ ամբողջություն, ներկայացված ինքնատիպ ավանդույթներով, մշակույթով եւ լեզվով։ Իսկ ազգային ինքնության պահպանումը ազգի պահպանում է նշանակում։

Նշված գործընթացների զարգացումը համացանցում այսօր մեծ վտանգ է ներկայացնում հայ ազգի ժողովրդավարության ապագայի համար, որի համար պետության կառավրությունը պետք է ունենա համախմբման ազգային ծրագիր։ Հասատատուն ռազմավարական նպատակների հասնելու համար անհրաժեշտ է նոր ավելի ճկուն դիվանագիտական մարտավարություն։ Հայության համար սա կարեւոր գերխնդիր է, թե պատմության ընթացքում ձեռքբերումների եւ կորուստների չմոռացվող փաստի, թե աշխարհաքաղաքական բարդ դիրքի, թե գլոբալ տեղեկատվական հասարակություն արդեն կայացած մուտքի առումով։ Հետեւաբար, հայ ազգի ինքության պահպանումը եւ միասնական ազգային գաղափարախոսության կյանքի կոչումն ի վերջո այսօր օրակարգային խնդիր է։

Լիլիթ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ դասախոս,սոցիոլոգ, միջազգային փորձագետ

«Առավոտ» օրաթերթ
17.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30