Դժգոհությունները «իշխանությունը բռնությամբ զավթելը» հանցագործության կամ հանցագործության նախապատրաստություն հանցագործության կազմ չեն առաջացնում
«Հանցագործության նախապատրաստության փուլում կանխվել է պետական գործչի սպանության հանցափորձը, բռնություն գործադրելու միջոցով, իշխանությունը յուրացնելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մասին: Կան ձերբակալվածներ»: Ադրբեջան-Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն համաձայնագիրը ստորագրելուց հետո վարչապետը, այսուհետ՝ Նիկոլը, ասաց, որ այն ստորագրել է բանակի գլխավոր շտաբի պահանջով եւ դրանով փրկել է Ադրբեջանի կողմից դեռեւս չգրավված Արցախի տարածքները: Նա խոստովանեց, որ ստորագրելուց առաջ գիտակցել է, որ դրա առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջանալու են դժգոհություններ եւ կարող է վնասել նաեւ իր ֆիզիկական գոյությանը:
Քրեական իրավունքի տեսությունում այս ալիբին հանգեցնում է ծայրահեղ անհրաժեշտության վիճակ, այսինքն, քրեական պատասխանատվություն չի առաջացնում, երբ արարքը կատարվել է պետական շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար: Այս ալիբին Նիկոլի հերթական խորամանկությունն է, եւ հավաստում է, որ ըստ էության, նա չի տիրապետել պատերազմի իրադրությանը:
Հիմա փորձենք դիտարկել ձերբակալվածներին վերագրված հանցագործությունների քրեաիրավական էությունը:
Կարդացեք նաև
1.Իշխանությունը յուրացնելը, քրեական օրենսգիրք, 300 հոդված.
Քննարկվող հանցագործության օբյեկտը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական հիմքը`մասնավորապես, իշխանության լեգիտիմությունը, իշխանության եւ նրա մարմինների գործելուն, սահմանադրությամբ սահմանված կարգը:
Հանցագործությունը օբյեկտիվ կողմից կատարվում է հետեւյալ այլընտրանքային գործողություններով.
ա.գործողություններ, որոնք ուղղված են իշխանությունը բռնությամբ զավթելուն
բ.գործողություններ , որոնք ուղղված են իշխանությունը բռնությամբ պահելուն
գ.գործողություններ, որոնք ուղղված են բռնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը փոփոխելուն:
2.Պետական-քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը. Քրօրենսգիրք 305
Այս հանցագործության պարագայում, որպես օբյեկտ հանդես են գալիս պետության լեգիտիմությունը, նրա գոյությունը եւ գործունությունը:
Հանցագործությունը օբյեկտիվ կողմից բնութագրվում է պետական կամ հասարակական գործչի դեմ ոտնձգությամբ:
Ոտնձգություն է համարվում տեղի ունեցած սպանությունը կամ`մահափորձը կատարելու գործողությունը, իսկ հանցագործությունը համարվում է ավարտված տուժողին կյանքից զրկելու հասարակական վտանգավոր գործողությունը կատարելու պահից:
Եթե հասարակական վտանգավոր գործողության հետեւանքով վրա չի հասել տուժողի մահը, ապա հղում է կատարվում քրեական օրենսգրքի 34 հոդվածին, եւ արարքը որակվում է հանցափորձ:
Տխրահռչակ համաձայնագիրը ստորագրելու պատճառով ներկայումս հանրապետությունում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը պահանջում են Նիկոլի եւ նրա ղեկավարած կառավարության հրաժարականը, որի առնչությամբ հավաքներ ու երթեր են անցկացվում:
Այդ հավաքները, երթերը եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների ելույթները կամ մասնակիցների դժգոհությունները իշխանությունը բռնությամբ զավթ ելը հանցագործության կամ հանցագործություն նախապատրաստություն հանցագործության կազմ չեն առաջացնում, քանզի դիտավորությունը ուղղված է եղել ոչ թե իշխանությունը բռնությամբ զավթելուն, բռնությամբ պահելուն կամ բռնությամբ սահմանադրական կարգը փոփոխելուն, այլեւ ուղղած է համաձայնագրի չեղարկմանը եւ դրա վտանգավոր հետեւանքների խափանմանը: Բացի այդ, հանցագործության նախապատրաստությունը որպես հանցագործության կատարման սկզբնական փուլ, բնութագրվում է գործողություն կատարմամբ, որոնք ուղղված են լինում հանցագործությունը ավարտին հասցնելու համար:
Դրանք են`հանցագործություն կատարելու համար հանցագործության միջոցներ եւ գործիքներ ձեռք բերելը, հանցագործությանը մասնակցելու համար մասնակիցներ փնտրելը, հավաքագրելը եւ այլ գործողությունները`դեպքի վայրի ուսումնասիրում, պլանների կազմում եւ այլն: Հիշյալ գործողություններ բացակայում են:
Օրինակ, Վահրամ Բաղդասարյանի մեղադրանքի հիմքում դրվել է 2011թ. նրան նվիրած ատրճանակը, որը ոչ մի կապ չունի իշխանությունը բռնությամբ զավթելը հանցագործության նախապատրաստության հետ:
Ինչպես նկատեցինք, պետական կամ հասարակական գործչի սպանությունը հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է կամ պայման է ոտնձգություն գործողություն կատարելն է:
Նիկոլին կյանքից զրկելու գործողությունը տեղի չի ունեցել, ուստի բացակայում է քրեական օրենսգրքի 305 հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կամ հանցակազմը:
Հետեւաբար, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:
Իսկ ինչ վերաբերվում է արցախյան պատերազմների մասնակից, երեք պատերազմների հրամանատար Աշոտ Մինասյանի` Աշոտ Երկաթի, կողմից զենք ու զինամթերք ձեռքբերելուն, պահելուն, եւ իշխանությունը բռնությամբ զավթելը ենթադրյալ հանցագործությանը հանցակից լինելուն, ապա դրանք շինծու են, քանզի զենք-զինամթերքը ձեռք է բերել ոչ թե հանցագործություն կատարելու, այլ հայրենիքը պաշտպանելու նպատակով: Պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ պատերազմի փուլում Նիկոլը ժողովրդին կոչ արեց զենք վերցնել եւ զինվել:
Ինչպես գիտենք, հայտնի համաձայնագրում տեղ է գտել նաեւ Սյունիքի տարածքով Նախիջեանից Ադրբեջան կապող հաղորդակցական ճանապարհների կառուցումը: Մադրիդյան սկզբունքներում նման արձանագրում չկա, հավանաբար, դա Նիկոլի նախկինում ունեցած նկրտումն է, որի իրականացնելու դեպքում Հայաստանը հայտնվելու է թուրք-ադրբեջանական բարբարոսների օղակում:
Թուրք պատմաբան Կադիր Միսիր օղլին հայտարարել է, որ Սեւրի պայմանագրով Օսմանյան կայսրությունը վերացավ, իսկ ղարաբաղյան հաղթանակով կայսրությունը վերածնվում է:
Հավանաբար, Աշոտ Մինասյանը զենք-զինամթերքը ձեռք է բերել ու պահել այս դավը խափանելու համար:
Հավելեմ, որ պետության կողմից իր ուժային համակարգերով քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի կիրառումը , նրանց ազատությունից եւ այլ բռնությունների գործադրումը, զրկելը դիտվում է պետական ահաբեկչություն:
Ներկայիս իրավիճակում, Նիկոլը պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի, իսկ ԱԺ-ն պետք է քննարկման դնի հայտնի համաձայնագիրը եւ ուղարկի ՀՀ սահմանադրական դատարան`սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:
Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
17.11.2020