Անհատական և տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ երեխաները տարբեր կերպ են հակազդում կորստին: Մանավանդ պատերազմական և հետպատերազմական այս օրերին, որքան էլ ընտանիքներում փորձենք պաշտպանել երեխաներին և նրանց շուրջը միայն դրական մթնոլորտ ստեղծենք, ցավոք, երեխային անհնար է կտրել իրականությունից։ Այս օրերին, երբ տարբեր ընտանիքներից պատերազմական գործողությունների ընթացքում կորուստներ են եղել, առավել ևս բարդ է երեխաների համար մտերիմ անձի կորուստը՝ մահը։ Դա լուրջ սթրես է երեխայի համար, որը՝ ըստ մասնագետների կարող է միանգամից չարտահայտվել, այլ ամիսներ անց:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հրապարակված «Երեխան և մտերիմի կորուստը» ձեռնարկում կարդում ենք. «Մանկական վշտին բնորոշ է ժամանակային հապաղում. վշտին երեխայի հակազդումը կարող է դրսևորվել ոչ թե անմիջապես, այլ ավելի ուշ, օրինակ՝ մի քանի ամիս հետո: Քողարկվածություն. երեխան կարող է չունենալ վշտի բացահայտ դրսևորումներ, օրինակ՝ լաց, հույզերի բառային արտահայտում, սակայն կարող են լինել վշտի արտահայտման թաքնված նշաններ՝ փոփոխված վարք, կամակորություններ, եղունգ կրծել և այլն: Անկանխատեսելիություն. երեխայի հուզական պոռթկումները կարող են փոխարինվել հարաբերական հանգստության և անգամ ուրախության ու աշխուժության պահերով: Անհամաչափություն. երեխաները վիշտն ապրում են անհամաչափ և հակված են իրենց տխրությունն արտահայտել դեպքից դեպք՝ երկար ժամանակահատվածի ընթացքում»:
Ըստ հայտնի հոգեբույժ Է. Քյուբլեր-Ռոսի՝ երեխաները կորուստն ապրում են որոշակի փուլերով՝ մերժում, բարկություն, բանակցություններ, տխրություն, ընդունում: Եվ բոլոր այս փուլերում պետք է հատուկ աշխատանք տանել երեխայի հետ:
Հոգեբան Միխայիլ Խասմինսկին կարծում է, որ երեխային հարազատի կորստի մասին պետք է միանգամից հայտնել, ինչքան էլ դա բարդ լինի. «Անորոշությունը վախ է առաջացնում:Այս իրավիճակներում, երեխան ինչ ասես կարող է մտածել, կարող է մտածել՝ ես վատն եմ, դրա համար հայրիկս կամ մայրիկս ինձ լքել են, ես արժանի չեմ լավ ապրելու, ինչու հենց ինձ հետ այդպես վարվեց իմ ամենահարազատ ու սիրելի մարդը: Այս մտքերը կարող են երեխային դրդել տարբեր քայլերի, մինչև անգամ նրան, որ երեխան կսկսի թշնամաբար տրամադրվել իր մյուս հարազատների նկատմամբ՝ մտածելով, որ իրեն չեն սիրում, չեն վստահում, դրա համար էլ չեն ասում ճշմարտությունը»:
Այս դեպքում առաջանում է կարևորագույն մի հարց՝ իսկ ո՞վ պետք է հայտնի կորստի լուրը երեխային: Հոգեբանը կարծում է՝ դա պետք է անի նրա ամենամոտ հարազատը, որին երեխան ամենաշատն է վստահում և որի հետ կարող է իր վիշտը կիսել: Ամենակարևորն այն է, որ երեխան զգա ու հասկանա, որ ինքը միայնակ չէ և կարող է իր հույզերը հանգիստ արտահայտել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Annie Spratt -ի