Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ չենք եղել ո՛չ պատերազմին եւ ո՛չ էլ պատերազմի հետեւանքների հետ աշխատելու»․ իրավապաշտպան

Նոյեմբեր 17,2020 21:35

Ցավոք սրտի, Հայաստանում պատերազմի հռետորաբանությունը բոլոր ժամանակներում եղել է առաջնային, եւ մենք պատրաստ չենք եղել ո՛չ պատերազմին եւ ո՛չ էլ պատերազմի հետեւանքների հետ աշխատելու։ Այս կարծիքին է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Aravot.am-ի հետ զրույցում տիկին Հովհաննիսյանն ասաց՝ ցավոք, խաղաղության մասին մեր երկրում  չի խոսվել, որպեսզի կանխվի պատերազմը։

«Այժմ, երբ ասում են՝ հիմա գոնե խաղաղություն կա  եւ դա լավ է, ես դա մեծ հարցականով եմ դիտարկում»,-ասաց տիկին Հովհաննիսյանը։

Նա նկատեց՝ եթե ասում էին, որ զինված ուժերը պատրաստված են եղել պատերազմին, դա նշանակում է պատրաստ լինել պատերազմի հետեւանքներն  արագ վերացնելուն, իսկ հիմա  կան պատերազմի հետեւանքով առաջացած  շատ խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջում, իսկ համակարգային լուծումներին ընդհանրապես պետությունը պատրաստ չէ․ «Մենք պատրաստ չենք այդ խնդիրները լուծելու, օրինակ՝ այն անձանց, որոնք կորցրել են տունը, աշխատանքը, հայտնվել են Հայաստանում, իսկ աջակցությունն ուշանում է եւ շատ հատվածաբար է լինում։ Ընդ որում, պարզ չէ, թե ի վերջո այս մարդիկ այս ձմեռ կունենա՞ն ապահով ծածկ եւ ամենաանհրաժեշտ պայմանները»։

Մյուս կարեւորագույն խնդիրը, որին եւս պետություն պատրաստ չէ լուծում տալ, դա,  ըստ իրավապաշտպանի, մեր զինծառայողների խնդիրներն են, որ  որոնց վերաբերյալ չկան որոշումներ․ «Նրանցից շատերն ունեն առողջական լրջագույն խնդիրներ, մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներից սկսած եւ վերջացրած հոգեկան առողջության խնդիրները։ Մենք գիտենք, թե նույնիսկ պատերազմական գործողություններից ողջ եւ առողջ վերադարձածներն որքան ծանր հոգեբանական եւ հոգեկան  խնդիրներ են ունենում։  Այս առումով լրջագույն ծրագրեր են պետք իրականացնել։  Կան հոգեբաններ, որոնք աշխատել են ոչ պատերազմական պայմաններում, բայց այդ պրակտիկան բավարար չէ։  Իսկ ահա տարբեր երկրներում, որոնք ունեցել են պատերազմական ծանր իրավիճակներ,  որոնց զինվորները տարբեր երկրներում տարբեր զինված գործողությունների են մասնակցել,  պետական լուրջ ծրագրեր կան, որոնք ուղղվում են տրավմայի հաղթահարմանը։  Այդ մարդիկ դառնում են ծրագրի շահառու եւ ամբողջ կյանքում հսկողության տակ են լինում։ Մեզ մոտ մտքներով չի անցնում ներդնել նման ծրագրեր, որի միջոցով մարտական գործողություններին ականատեսների եւ մասնակիցների հետ կաշխատեն, կկարողանան  ռեաբիլիտացնել եւ վերադարձնել  հասարակություն։ Իսկ դրա բացակայության արդյունքում հասարակության մեջ լինելու է բռնության բավական մեծ տագնապ ու բռնության աճ, իսկ այդ բռնությունը,  ցավոք,  պրոյեկտվելու է ընտանիքների վրա»։

Իրավապաշտպանի կարծիքով՝ Արցախից Հայաստան տեղափոխած երեխաների եւ ուսանողների կրթության խնդիրն այդպես էլ լիարժեք չլուծվեց, եւ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես են վերադառնալու նրանք․ «Կամ ծառայության մեջ գտնող կամ ռազմաճակատ մեկնած սովորողների վարձավճարների հարցն ինչպես է լուծվելու, քանի որ ընտանիքները ծանր վիճակում են հայտնվել, ծնողներ են կորցրել, աշխատանք, եկամուտ եւ այլն»։

Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ հիմա շատ սուր է Հայաստանում ժամանակավոր կացարան գտած արցախցիների կացարանային խնդիրը՝ ընտանիքները մեծամասամբ կանայք եւ երեխաներ են, շատ-շատերը տեղավորվել էին հյուրանոցներում կամ հյուրատներում,  հիմա արդեն պիտի ազատեն  տարածքները․ «Նրանց կացարանի հարցը լուծված չէ։ Եթե պետությունն այս պահին չի կարողացել  երկարաձգել հյուրանոցներում նրանց մնալու հարցը, ապա որտեղ են  գնալու այդ մարդիկ, շատերը վախ ունեն հետ վերադառնալու, շատերի տունը չկա։ Մենք անհատապես փորձում ենք տեղավորել նրանց, բայց մենք տեսնում ենք, որ պետությունը ոչ բավարար քայլեր է ձեռնարկում՝  ասում են կամ վերադարձեք Արցախ կամ էլ այս պահին հարցերը չենք կարողանում լուծել։ Կարծում եմ այս մարդկանց հանդեպ սա շատ անարդար վերաբերմունք է, մանավանդ սարսափի միջով անցած մարդկանց»։

Իրավապաշտպանը նկատեց՝ մենք տեսանք անպատրաստ պետություն, ընդ որում, պետություն, որը  տարիներ շարունակ պատերազմական հռետորաբանություն էր տանում,  եւ երբ քաղհասարակությունը խոսում էր խաղաղության, առանց արյան խնդիրը լուծելու մասին,  թիրախավորվում էր  որպես պարտվողական քաղաքականության կողմնակից․ «Այսօր տեսնում ենք այդ ամբողջի արդյունքը։ Բայց հիմա առաջանայինը մեզ համար մարդկանց աջակցելն է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30