«Իմ որոշումն անբեկանելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա ասաց, որ այդ քայլով իր բողոքն է արտահայտում այս բոլոր երեւույթների դեմ՝ սկսած սեւ փաստաթղթից, որ ստորագրվեց ու հայրենիքի մի մասը, որը չէին գրավել, տվեցինք Ադրբեջանին, վերջացրած ներքաղաքական իրավիճակով. «Մեր երկրում հիմա այնպիսի իրավիճակ է, որ իշխանություն պահելը եւ իշխանություն վերցնելը դարձել է սկզբունքի հարց ու ինքնանպատակ: Ամեն մեկս պետք է այնպես անենք, որ կարողանանք թոթափել այս լարվածությունը, որ այս ամեն ինչից դուրս գանք մինիմալ կորուստներով, եթե այս գիտակցումը չունենանք, չգիտեմ մեզ ինչ է սպասում»:
Հարցին՝ ինչո՞ւ մանդատը վայր չեք դնում, միայն խմբակցությունից եք դուրս գալիս՝ այս ամենից հետո ձեր նպատակը ո՞րն է՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ես պատգամավոր եմ ընտրվել Գեղարքունիքի մարզից ու ես իմ ընտրողներին խոստում եմ տվել: Իմ խոստման մեջ չի մտել այն, որ ես պիտի լինեմ անդամակից, լինեմ այն թիմի հետ, որը այս կամ այն պատճառով Արցախը եւ Արցախին հարող տարածքները տալիս է թշնամուն, ես այդպիսի մանդատ չունեմ, երկրորդը՝ ես չեմ պատրաստվում այն թիմի հետ կիսել պատասխանատվությունը, որը չի ուզում զիջումների գնալ, դա այլեւս ակնհայտ է, որ իշխանությունը պետք է գնա զիջումների, պետք է փոփոխություններ անի, վերից վար պետք է սրբագրի իր արածները: Մենք ունենք դաժան ողբերգություն, անիծված մի փաստաթուղթ եւ չընդունել դա, ասել՝ կարեւորը իշխանությունը պահելն է, ինձ համար՝ ոչ: Ինձ ընդհանրապես պատգամավորական մանդատը չի հետաքրքրում, կարող եմ մանդատս դնել, պարզապես ինձ իմ ավագ գործընկերները շատ խնդրեցին եւ մեր խմբակցությունից ասացին՝ խնդրում ենք, գոնե մի արա դա, մնա խորհրդարանում, որ կարողանանք հասկանանք ինչպես լուծենք երկրի առջեւ ծառացած խնդիրները»:
Թագուհի Թովմասյանը վստահեցրեց, որ իշխող ուժից իրեն սպառնալիքներ չեն եղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ