Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բյուջեի հնարավորություններ էլ չներեն, միեւնույն է՝ Արցախից եկած ընտանիքներին հայավարի ընդունել ենք ու պահելու ենք»․ Ազատանի համայնքապետ

Նոյեմբեր 17,2020 20:25

Շիրակի մարզի 5800 բնակիչ ունեցող Ազատան համայնքն արցախյան գոյամարտի ծանր օրերին ադրբեջանական-թուրքական ահաբեկչության դեմ ոչ միայն պայքար է մղել առաջնագծում՝ գյուղի մեծ թվով սպաների, ժամկետային զինծառայողների, կամավորական խմբերի մասնակցությամբ, այլ հայրենիքին աջակցում է նաեւ թիկունքում։

ՌԴ-ում արտագնա աշխատանքի մեկնած ազատանցիները, որոնք Յակուտսկում, Կազանում, Մոսկվայում, Վլադիվոստոկում դարձել են խոշոր գործատուներ, 20-30 հազար դոլար գումարի չափով գումարներ են հանգանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ի դեպ, Ազատան համայնքն աջակցություն է ցուցաբերում նաեւ Չարենցավանում, Հրազդանում, Երեւանում հյուրընկալված արցախցիներին․ այն Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ գյուղն է։ Ռազմաճակատ եւս օգնություն են հասցրել՝ ծխախոտ, հեռադիտակ, լապտերներ ուղարկելով, այսինքն՝ այն, ինչի կարիքն այդ օրերին եղել է:

 

Համայնքի բյուջեից էլ ամեն կերպ օգնում են Արցախից Ազատանում հյուրընկալված չորս բազմազավակ ընտանիքներին։ Նրանց հագուստ, սննդամթերք ապահովելուց բացի, փորձում են կենցաղային պայմանների՝ ջեռուցման եւ այլ հարցերը լուծել, ավելին՝ ընտանիքներից մեկի համար շինանյութ՝ ցեմենտ, գաջ, ներկ, հատակի ծածկ են գնել, որպեսզի արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված բնակիչների զբաղեցրած տունը, որը 20 տարուց ավելի բնակեցված չէ, նվազագույն կենցաղային պայմաններ ունենա։

Այդ տանն անգամ գազ ու ջուր չկա։ Արցախից եկած վեց երեխա ունեցող մեկ այլ ընտանիքի էլ գումար են հատկացնելու, որպեսզի կարողանան գոնե էլեկտրաէներգիայով տունը տաքացնել։ Ավագանին նիստ է գումարելու, 50-60 հազար դրամ են հատկացնելու ընտանիքներին, որպեսզի կարողանան ջեռուցել տները։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանի խոսքով, բյուջեից արդեն 700 հազար դրամից ավելի ծախսել են, բայց շարունակաբար ծախսելու են։

Ազատանի համայնքապետը

Նշենք, որ Ազատանը դեռ չի խոշորացվել, այն ընդգրկված է համայնքների միավորման ծրագրում, որը պիտի իրականացվեր 2016 թվականին, բայց ժամանակավորապես հետաձգվել է։

Համայնքապետը, սակայն, նշում է, որ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում իրենց համայնքը եւս կմիավորվի․ հենց այդ ժամանակ էլ միավորված 6 համայնքի ղեկավար են ընտրելու։ Ըստ ծրագրի, միավորվելու են Ազատանը, Բենիամինը, Գետքը, Ղարիբջանյանը, Երազգավորսը, Բայանդուրը, իսկ կենտրոնը լինելու է Ազատանը, քանի որ ե՛ւ աշխարհագրական դիրքն է հարմար, ե՛ւ կան բոլոր ռեսուրսները, այդ թվում վարչական շենքի պայմանները։ Միավորվող մյուս համայնքները, ըստ Վարդան Իկիլիկյանի, նորմալ շենքային պայմաններ չունեն, մարզկենտրոն Գյումրիին կապող ճանապարհները եւս բարվոք վիճակում չեն։

Ազատանի համայնքապետարանի շենքը

Ի դեպ, այս գյուղի բնակիչները կտրականապես դեմ են միավորմանը, քանի որ համայնքապետի ասելով, թվարկված գյուղերը հետ են մնացել Ազատանից՝ բյուջեի սղության, կարողությունների պատճառով։ Ըստ Վարդան Իկիլիկյանի, այդ համայնքներում կառուցապատ ճանապարհներ չկան, մշակույթի տուն, մանկապարտեզ չկա, իսկ Ազատանն այս ամենն ունի, ավելին՝ իրենք խոշորացված համայնքներից պակաս ծրագրեր չեն իրականացնում։ Ըստ մեր զրուցակցի՝ այնպես չէ, որ համայնքները միավորվեն, բոլոր խնդիրները կլուծվեն, չնայած որ այսօր կառավարությունը ծրագրերի գրեթե 80 տոկոսը նպատակաուղղում է դեպի խոշորացված համայնքներ։

«2016 թվականին պիլոտային ծրագրերն արեցին, հետո իշխանության փոփոխություն եղավ, ուզում էին իրականացնել համայնքների միավորումը, օրենք ընդունեցին ու ընկան կրակն իրենց ընդունած օրենքի ձեռքը․ համայնքի բնակչությունը պարտադիր կարգով համաձայնություն պիտի տա միավորման, իսկ իրենք ուր գնում էին հանդիպման, ժողովուրդը սվիններով էր դիմավորում։ Թեեւ գնահատականը կտա ժամանակը, բայց մեր կարծիքով միավորումը ժամանակավրեպ է, մենք դեռեւս ֆինանսական տեսակետից, բյուջետային կարողությունների տեսակետից պատրաստ չենք դրան գնալու։ Ես այսպես եմ մտածում։ Այնպես չէ, որ Ազատանում թվարկված ծրագրերն արել ենք ու էլ անելու ոչինչ չկա, լիքը բաներ կան անելու, դեռեւս ցեխոտ, չլուսավորված փողոցներ կան, բայց տարրական կենցաղային պայմանները կողքի գյուղերը չունեն։ Եվ, եթե Ազատանի բնակիչը տեսնում, հասկանում է, որ սա է հնարավորությունը, չեմ կարծում, որ կողքի բնակիչները վաղը նույն ձեւով կհասկանան, որովհետեւ այսօր ազատություն են տվել, մեր ժողովուրդը պահանջատեր է, մեծախոսում են՝ հարկս չմուծեմ, լավ համայնք ունենամ, վարկից խուսափեմ, լավ երկիր ունենամ, ուժեղ պետություն ունենամ, պատերազմական գործողություններին չմասնակցեմ, վերջում պարծենամ, որ ամեն ինչ արեցի։ Ես չեմ ուզում այսօր խոսել, ասել, գիտեք արեցինք, բա պիտի անենք, բա ինչի՞ համար ենք աշխատում, չեմ ուզում արածները ներկայացվեն, ֆետիշացվեն, դրա ժամանակը չէ, հարկավոր է արագ-արագ մտածել ու ավելին անել, հնարավորինս անել, ներգրավել, բերել-սարքել այս պետությունը, մեկ-երկու կյանք, զոհ պակաս տալ, յուրաքանչյուրս նպաստենք մեր երկրի զարգացմանն»,-ասում է Վարդան Իկիլիկյանը։

Մեր զրուցակցի խոսքով, արդեն ակնհայտ է, որ պատերազմական իրավիճակում առավել կարեւոր է դառնում ՏԻՄ-ի դերակատարությունը․ եթե ՏԻՄ-ն ակտիվ չգործի, զինկոմները ոչինչ չեն հասցնի անել, զինակոչը կտապալվի։

«Եթե ուզում ենք բարձրահարկ շենք սարքել, սկզբում ներքնահարկն ենք սարքում։ Մենք ներքնահարկն ենք այս հասարակության մեջ, ու առաջնահերթ օղակն ենք, ինքնագովեստով չեմ զբաղվում, որը բնակչության հետ ամենօրյա հանդիպման մեջ է։ Եթե նախարարը, պատգամավորն ամեն համայնքում տարվա մեջ 2-3 անգամ կարող է հանդիպել ժողովրդին, էլ չեմ ասում ընդհանրապես կարող է չհանդիպել, չլսել նրանց դարդ ու ցավերը, բայց այսօր կառավարությանը վերաբերող հարցերը մեզ են բերում-հասցնում»-, ասում է Ազատանի համայնքապետը։
Նա նշում է, որ անհրաժեշտ է ներքին օղակը վերազինել, ճիշտ ընտրություններ կազմակերպել, որպեսզի ավելի պատասխանատու համայնքի ղեկավարներ ընտրեն, ճիշտ կառավարեն, համայնքի զարգացման ճիշտ ծրագրեր կազմեն, որի արդյունքում էլ կշահի պետությունը, ժողովուրդը։

Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում նաեւ ասաց, որ Ազատան համայնքի բյուջեի հնարավորությունները թեեւ մեծ չեն, սակայն ամեն ինչ անելու են Արցախից ժամանակավորապես իրենց մոտ տեղափոխված ընտանիքներին «նորմալ, հայավարի» ընդունելու։
Մեր հարցին՝ եթե խոշորացված լիներ համայնքը, ավելի մեծ օգնություն կկարողանայի՞ք տրամադրել հյուրընկալված ընտանիքներին, համայնքապետը պատասխանեց, որ մեծ բյուջեի դեպքում էլ մեծ ծախսեր կան։

«Մեր համայնքային բյուջեն ֆոնդային մասով 171 միլիոն դրամ է կազմում, որից գրեթե 90 միլիոնը համայնքի աշխատակազմի եւ երեք ՀՈԱԿ-ների ծախսերն ենք հոգում։ Մոտ 50-60 միլիոն կապիտալ ծախսերի համար է, սուբվենցիոն ծրագրերի ենք մասնակցում, բայց որ իրավիճակն այսպես է, միգուցե մեկ-երկու սուբվենցիոն ծրագրի հայտ մյուս տարվա համար պակաս ներկայացնենք ու փորձենք թե՛ համայնքի միջոցներով, ինչու չէ նաեւ ազատանցի սեփականատերերի միջոցով աջակցել մեր արցախցիներիին։ Էլի եմ կրկնում, թեկուզ բյուջեի հնարավորությունները չներեն, ծրագրերում փոփոխություններ պետք է անենք, պիտի կարողանանք այդ ընտանիքներին պահել։ Մտածում ենք նաեւ իրենց աշխատատեղեր ստեղծելու մասին, այո, իրենք ցանկանում են աշխատել, նրանցից մեկն արդեն աշխատում է ֆերմերի մոտ՝ կարտոֆիլի բերքահավաքի, պահեստային աշխատանքների մեջ է ընգրկված։ Այնպես չէ, որ իրենք եկել, նստել են, ասում են՝ մեզ օգնեք, մենք էլ կօգնենք, որ աշխատանք ճարեն, իրենց գոյությունը պահպանեն»,- Aravot.am-ի հետ զրուցում ասաց համայնքապետը։

Ամենաանմխիթար վիճակում գտնվողը Արցախից եկած Սմբատ Կիրակոսյանի 6 հոգանոց ընտանիքին տրամադրված տունն է։ Այն Սմբատի կնոջ՝ Լեյլի Դավինյանի հայրական տունն է եղել, որտեղ, սակայն, տարիներ շարունակ մարդ չի բնակվել, վերջերս էլ վաճառվել է։ Նոր սեփականատերը այն սիրով տրամադրել է Կիրակոսյանների ընտանիքին։ Սմբատ Կիրակոսյանը շատ զգացված է Ազատանի համայնքապետի ու աշխատակիցների վերաբերմունքից, նրանք ամեն ձեւով օգնում են տունը վերանորոգելու, մարդաբնակ դարձնելու համար։

Սմբատ Կիրակոսյանի ու Լեյլի Դավինյանի ընտանիքը

«Շատ գոհ ենք Ազատանի համայնքապետից, լրիվ անմարդաբնակ տուն էր, պատուհան չկար, ոչ մի բան չկար, գազը քաշել տվեցին, հոսանք չկար, լույսի հարցի լուծեցին, շինանյութ բերեցին, շիֆր գնեցին, էլ չեմ էլ ասում երեխեքին տրամադրած հագուստը, սնունդը»,- թվարկեցին հյուրընկալվածները։ Սակայն, ըստ նրանց, վատ են զգում, սովոր չեն օգնություն ստացողի կարգավիճակում ապրել, Արցախն՝ իր չքնաղ բնությամբ ու բարեբեր հողով արժանապատիվ կյանք էր ապահովել։


Այս ընտանիքի երազանքը հարազատացած Արցախ վերադառնալն է․ սրտով, մտքով Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում են, որը 90-ականների կեսերին՝ արցախյան առաջին պատերազմից հետո հիմնել է հենց Սմբատ Կիրակոսյանը։ Նա արցախյան պատերազմի մասնակից է, գյուղի անունը Մուշ դրեց՝ ի պատիվ իր պապերի բնակավայրի ու դարձավ առաջին բնակիչը։


Նրանք Ազատանից են, սակայն 30 տարի շարունակ բնակվում են Արցախում, իրենց չորս զավակներն էլ ծնվել են այնտեղ։ Մեծ որդին, որը 22 տարեկան է, արցախյան գոյամարտի ակտիվ մասնակիցն է, նա առաջնագծից տուն չի գալիս, չի համակերպվում Ազատանում մնալու հետ, ասում է՝ «ես այս երկրագնդի վրա ի՛մ հողն ունեմ, ի՛մ տունը»։ Սմբատ Կիրակոսյանը եւս ցանկություն է հայտնել գնալ առաջնագիծ, երեք օր մնացել է դիրքերում, սակայն նրան հետ են ուղարկել՝ ասելով․ «Մեծ մարդ ես, դու քոնն արդեն կռվել ես»։ Նա 61 տարեկան է։
Նրանց համար Արցախը պարզապես դրախտավայր է։


«Ցավով թողել, եկել ենք, բայց պարտադիր հետ պիտի գնանք, մենք թուրքին հայրենիք չունենք զիջելու»,- ասում է Սմբատ Կիրակոսյանի կինը՝ Լեյլի Դավինյանը։
«Էս փոքր 10 տարեկան էրեխիս էլ կտանիմ հետս կռիվ, բայց իմ հողերը իրենց չեմ տա, թուրքը չարաչար սխալվում է, չեմ տա իմ հողը», -հուզմունքով ասում է Սմբատ Կիրակոսյանը։

Լեյլի Դավինյանն էլ նշում է, որ իրենք սիրում են չարչարվել, արարել ու ապրել, այդ պատճառով է ինքն արդեն աշխատանք է գտել․ գյուղում կարտոֆիլի բերքահավաքին է մասնակցում, որպեսզի իր քրտինքով վաստակի հացի փողը։ Ըստ նրա, ջեռուցման շրջան է, եւ չեն ցանկանա համայնքապետին մեկ անգամ եւս անհանգստացնել, թե ջեռուցման գումար տուր։
Կինը պատմեց, որ սեպտեմբերի 28-ին տարհանել են իրենց Մուշ գյուղից, սակայն իրենք համառել են, չեն ուզել հեռանալ Արցախից։
«Ասում էինք՝ չենք գնա, թուրքն էլ մեռնի, անունն էլ վրեն, թուրքն ով է, որ մեր տները հասնի, մեր պապական հողն է, Արցախը մերն է, մեզ էլ պիտի մնա»,- ասում է Լեյլի Դավինյանը։

«Լավ տուն էի ստեղծել, տանջվել էի, քարը քարին դրել էի։ Հիմա էստեղ ի՞նչ անենք, էս տարիքներիս զրոյից սկսե՞նք կամ գանք պետությունից կախվե՞նք», -նեղվում է Սմբատ Կիրակոսյանը:

Նրանց ավագ դուստրը՝ Ամալյան, որն այս տարի ընդունվել է Կապանի Եվրոպական համալսարան, ասում է․ «Չեմ հանդուրժի՝ ես մնամ Ազատանում, իսկ թուրքը գա, թեկուզ իմ դրած բաժակով ջրից խմի։ Ձեռքս հնար լինի, սահման կգնամ, շատ եմ սիրում զինվորական գործը, գնամ, թեկուզ մի բաժակ ջուր տանեմ զինվոր եղբայրներիս, պատրաստ եմ»։

Ազատանում իր քրոջ տանը հյուրընկալված 39-ամյա Ելենա Ազիզյանն էլ սրտատրոփ սպասում է իր հարազատ Արցախ վերադարձին։ Նրանց ընտանիքը բնակվում է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում․ Ելենան ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում։ Նա Ազատան է եկել սկեսրոջ՝ 69-ամյա Տանյա Լալայանի ու երեք երեխաների հետ։ Ազատանի համայնքապետարանի աշխատակիցների վերաբերմունքից շատ գոհ է, բայց փշերի վրա է, ուզում է վայրկյան առաջ վերադառնալ։ Ամուսինը՝ Վրեժ Խաչատրյանը, որը դպրոցում աշխատում է որպես պատմության, աշխարհագրության ուսուցիչ, այժմ առաջնագծում էր, նա կամավորագրվել էր։

Ելենա Ազիզյանի ընտանիքը

«Ամսի 28-ին, երբ պատերազմը սկսվեց, չէինք պատկերացնում, որ կռիվ է, հետո ամուսինս ասաց՝ երեխեքին արթնացրու, որ չվախենան։ Ամուսնուս տարան, մենք երեք օր մնացինք Արցախում։ Երեք կռիվ ես եմ տեսել, երկու կռիվ էլ էրեխեքս, բայց հետ ենք գնալու, մեր հողն ենք ուզում, մեր տունը, մենք ամեն ինչ ստեղծել ենք, Աստված տա, խաղաղություն լինի, գնանք մեր տներն, անպայման գնալու ենք։ Այնքան բան ունենք անելու, երեխեքիս երազանքներն այնտեղ են, իրենց դպրոցն են ուզում, իրենց տունը․․ Հուսով եմ՝ շատ շուտ կվերջանա այս մղձավանջը ու կվերադառնանք մեր տները՝ մեր հայը հողը»,- նեղսրտած ասաց Ելենա Ազիզյանը։

Սկեսուրը՝ Տանյա Լալայանն էլ հավելեց, որ Արցախում ամեն ինչ ունեին՝ թե՛ հող էին մշակում, թե՛ անասնապահությամբ զբաղվում։
Երեխաներն էլ շատ են կարոտել հորը, երազում են, որ գա, իրենց տուն տանի։

Մկրտչյանների ընտանիքն էլ, որը վեց անչափահաս երեխաներ ունի, Գյումրիից են, սակայն երկար տարիներ բնակվել են Քաշաթաղի Շիրակ գյուղում։ Նրանք եւս երազում են վայրկյան առաջ վերադառնալ իրենց տունը՝ Արցախ։ Այժմ բնակվում են Ազատանում, այս գյուղի բնակիչներից մեկն իր «խելացի անսանագոմի» կողքին կառուցված լուսավոր մի սենյակը տրամադրել է նրանց։

«Այծ էլ ունեի, ոչխար էլ, խոզ էլ, ապրում էինք մարդավայել, Արցախում հեշտ է ապրելը, ինչ ցանես կաճի, խոտի փողը չէինք տա, ամառ-ձմեռ անասունը դուրսն է։

Գևորգ Մկրտչյան

Երեխեքը գիշերները կրակոցների ձայներից չէին քնում, մնալ չէր լինում, իմացա, որ մեր տունը տրաքցրել են, բայց պիտի վերադառնանք, կյանքն Արցախում է, ես էստեղ ի՞նչ պիտի անեմ, աշխատանք կա՞, մի հազար մետր հող էլ չկա, որ կարտոֆիլ ցանեմ, ապրեմ։ Վեց երեխա ունեմ, մի հատ կթու կով չունեմ, եւ հետո մենք սովոր չենք օգնություն վերցնելու, մենք տվել ենք, չենք վերցրել, այ, այդպես ենք ապրել Արցախում․․․ Շատ դժվար է, որ տանջանքով ստեղծում ես, հետո գալիս ես՝ զրոյի վրա մնացած։ Մեկ է՝ գնալու ենք, թշնամին չերազի տիրանալու մասին, Արցախը մե՛րն է, բնությունը չքնաղ, ծառերը կարծես հետդ խոսում են, աշխատող, արարող մարդու տեղ է», -ասաց Գեւորգ Մկրտչյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30