«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց. պաշտպանության նախարարի այս հայտնի թեզից, փաստորեն, շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձեւավորված անվտանգային համակարգը քայքայվեց»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ապրիլյան քառօրյայի ժամանակ թշնամին ցույց տվեց, որ չի պատրաստվում խաղաղ ճանապարհով լուծել հարցը: Իսկ պատերազմից հետո փոխանակ իրականությանն առերեսվելու եւ ստացած դասերը քաղելու եւ բանակն ուժեղացնելու, չգիտակցելով պատերազմի քաղաքական հետեւանքները՝ այն ժամանակվա ԶՈՒ կոռումպացված ղեկավարությունը պնդում էր, որ մենք հաղթել ենք: Իսկ արդեն այսօրվա լայնածավալ պատերազմի ընթացքում ԶՈՒ ԳՇ-ի կողմից պատերազմը կանխատեսելու, պլանավորելու, ապահովելու եւ ղեկավարելու լիարժեք անընդունակությունը, առաջնագծի անպաշտպանվածությունը, ՊՆ-ի աննպատակ, չհիմնավորված եւ կասկածելի գնումները, ինչպիսիք են՝ պատերազմի ընթացքում չօգտագործված ՍՈՒ-30-նները, պատերազմի համար անհրաժեշտ տարրական չգնումները, օրինակ՝ զրահաբաճկոններն ու սաղավարտները, ԶՈՒ նոր կառուցվածքը, 2019թ.-ից ԶՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կազմալուծումը եւ հատուկ տեխնիկայի գիտակցաբար, նպատակային արժեզրկումն ու ոչնչացումը, զորահավաքի տապալումը, կազմակերպական կարողությունների լիարժեք բացակայությունը, շատ ու շատ այլ հանգամանքներ բերեցին այս վիճակին: Դրանց մասին կխոսվի հետագայում»,-նշեց Քոչարյանը:
Նա շարունակեց. «Եթե ասում եմ՝ ԳՇ-ի այսօրվա թերացումները, դրանք չեն վերաբերում ԳՇ այսօրվա պետ Օնիկ Գասպարյանի կառավարման ժամանակահատվածին: Ասածս վերաբերում է Արտակ Դավթյանին: Գասպարյանն ամիսներ առաջ էր նշանակվել եւ արել է առավելագույնը: Նա իմ ճանաչած ամենաբարոյական զինվորականներից է: Կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ պաշտպանության նախարարը եւ ԶՈՒ այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է հրաժարական տված լինեին, իսկ նրանց կողմից անմիջապես հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ բացարձակ չեն գիտակցում, թե ինչ են արել եւ ուր է տանելու մեզ այս ձախողումը: Այս անձանց անպատիժ մնալու դեպքում բանակում ոչ միայն շարունակվելու են նման երեւույթները, այլեւ լրջագույն սպառնալիք են դառնալու ՀՀ անվտանգության համար»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ