Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառք Աստծո, ամուսինս չտեսավ այս պարտությունը». պատերազմում ընկած Մարատ Հովհաննիսյանի տիկին

Նոյեմբեր 17,2020 17:29

Երեք պատերազմների մասնակից եւ երեք երեխաների հայր 59-ամյա Մարատ Ռոբերտի Հովհաննիսյանը նույնպես ընկավ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նա պատերազմը սկսվելուն պես առաջնագիծ էր մեկնել կրտսեր որդու հետ: Մարատ Հովհաննիսյանի տիկինը` Ռուզաննա Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ պատերազմի լուրը ստանալուն պես՝ ամուսինն անմիջապես կամավորագրվել է ու մեկնել:

Խոսելով ամուսնու զոհվելու մասին` նշում է. «Փառք Աստծո, որ տղաս վերադարձել է…»:

Ապա հավելում է. «Ամուսնուս հետ կռված երեխեքը շատ ծանր են տարել նրա զոհվելը, լաց էին լինում, ասում էին` շատ է օգնել իրենց, ամեն րոպե արթուն է պահել, չի թողել, որ վտանգվեն… Մարատին այնտեղ քավոր էին ասում, որովհետեւ մեր սանիկների երեխաներն էլ էին իր հետ հայրենիքը պաշտպանում, հիմա էլ «Հայդուկ» ջոկատում են, որը դեռ չի եկել: Պատմում էին, թե ինչքան նվիրված մարդ է եղել Մարատը: Ինքը որպես մեծ` տիրություն էր անում երիտասարդներին… Շուշի մարտերին էլ է մասնակցել, Ապրիլյան պատերազմին էլ, որը թեեւ քառօրյա էր, բայց 40 եւ ավելի օրեր այնտեղ է եղել, մինչեւ ամեն ինչ կարգավորվի…Այս անգամ էլ գնաց…Մենք մինչեւ հիմա հույս ունեինք, որ վերադառնալու է, հաղթելու ենք…Փառք Աստծո, որ չտեսավ այս պարտությունը…Եթե տեսներ, շատ ծանր կտաներ, չէր դիմանա»:

Տիկին Ռուզաննան ամուսնուն բնորոշում է որպես շատ հայրենասեր, հոգատար, ընկերների ու հարեւանների կողմից սիրված մարդ. «Առավոտները, որ արթնանում էր, մարդկանց հանդիպելիս ասում էր` բարեւ հայ ժողովուրդ: Ամեն ինչով ձեռք էր մեկնում բոլորին: Հիմա ծանոթ ու հարեւան ասում են` բա մեզ ով է օգնելու…Եթե ողջ լիներ, սահմանից տուն չէր գա, կշարունակեր իր դիրքապահի գործունեությունը` հաղթանակին հասնելու համար»:

Ռուզաննա Սաֆարյանը ցավով է նշում, որ ամուսինն ու այլ սահման պահողներ հայտնվել են թշնամու ռմբակոծության ներքո ու այդ պատճառով զոհվել: Ասում է կուզենար, թեկուզ վնասվածքներով` ողջ մնար, հետո էլ հավելում է. «Կարեւորը ինքը շատ երեխեքի փրկել է, որ չզոհվեն… Երեխաներ են, քնի կարիք ունեին, բոլորին արթուն է պահել…Ոչ մի վայրկյան չի վարանել որդուս իր հետ սահման տանելիս, ասում էր` պիտի գաս, որ հաղթենք, երբեք վատը չէր մտածում, որովհետեւ ինչքան պատերազմ է գնացել, հաղթանակ է ունեցել, նման բան չէր եղել, որ ինքը պարտվեր…Էլի փառք Աստծո, որ ամուսինս չտեսավ այս պարտությունը, շատ ծանր կտաներ…»:

Այժմ Հովհաննիսյանների ընտանիքում նրան նվիրված փոքրիկ անկյուն են ստեղծել, որտեղ նրա լուսանկարներն են, բացիկները, իր մասին պատմող մասունքները:

Մարատ Հովհաննիսյանը պարզ, արհեստավոր մարդ էր, որ ծնվել էր արարելու ու արդար քրտինքով իր տունը պահելու համար, բայց մեր հայրենիքին պարտադրված պատերազմը նրան դարձրեց հայրենյաց զինվոր ու խլեց ընտանիքից: Արցախյան երկրորդ պատերազմում նա անմահացավ այլ հայորդիների հետ միասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Սաֆարյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30