Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբյանի երեխային գրել են՝ «արի մորդ դիակը տար», իսկ Համազասպ Դանիելյանի ընտանիքին սպառնացել ֆիզիկական հաշվեհարդարով

Նոյեմբեր 17,2020 17:20

ԱԺ լիագումար նիստում այսօր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ պատերազմի առաջին օրերին տիրող իրավիճակի մասին, որում նա այդ թվում ներկայացրել է կորուստներն ու սպասվելիք զարգացումները, եթե պատերազմը նույն ինտենսիվությամբ շարունակվի: «Այդ հարցերի պատասխաններն ո՞վ է տալու, Նիկոլ Փաշինյան»,-վարչապետին դիմեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ ռուս գործընկերներն ու քաղաքական գործիչներն արդեն որոշակի հարցադրումներ են անում, ուստի առաջիկայում նշյալի մասին հետաքրքիր բացահայտումներ են սպասվում. «Այո, հնարավոր էր պատերազմի 7-րդ, հետո՝ 10-րդ օրն ունենալ ավելի նպաստավոր բանակցային վիճակ եւ ավելի քիչ կորուստներ»:

Նաիրա Զոհրաբյանն այնուհետեւ անդրադարձավ նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի այսօրվա այն հայտարարությանը, որ ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ դահլիճի կոտրված բռնակների համար: Սրան արձագանքել էր ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը՝ ասելով, որ «դուք էլ պետք է ամաչեք Արցախը հանձնելու համար, դուք իշխանության եկաք ռադիոտունն ու ԵՊՀ-ն ջարդելով»:

Նաիրա Զոհրաբյանը դիմելով իշխանությանը՝ նշեց. «Դուք ոչ թե ջարդել եք ռադիոտան ապակիները, այլ ավերել եք ռադիոտունը: Դուք համալսարանի ռեկտորին թույլ չէիք տալիս…նրա սիրտը վատացել էր, խնդրում էր, որ միջանցք բացեիք, որ դուրս գա, իսկ դուք թույլ չէիք տալիս: Դուք իմ երեխային այս օրերին գրել եք՝ «մամայիդ դիակը տարել ենք բժշկականի կողքի մորգ»…ձեր ֆեյքերը, որոնք համակարգվում են ձեր պատգամավորներից մեկի կողմից: Գրել եք՝ «դագաղը տարեք եւ մամայիդ դիակը վերցրեք»…սա եք դուք՝ դուք, որ խոսում եք բռնության կոչերից: Ասում եք, թե որդեկորույս մորը բերել ենք, որ հանրահավաքում ելույթ ունենա: Տղաներ եւ աղջիկներ, այս ի՞նչ եք ասում, լուրջ եք խոսո՞ւմ…դուք Ռոբերտ Աբաջյանի «ֆեյք» պապիկ էիք պեղել ու հիմա բարոյական իրավունք ունե՞ք խոսելու, որ որդեկորույս մայրը հարցերի պատասխաններ է պահանջում»:

«Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանն էլ իր հերթին մեջբերեց Օնիկ Գասպարյանի հայտարարության այն հատվածը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մերժել են պատերազմը կանգնեցնելու փորձերը, եւ իրենք էլ ստիպված շարունակել են պատերազմը՝ փորձելով թշնամուն ստիպել նստել բանակցային սեղանի շուրջը: «Երեք անգամ աշխարհի առաջնորդները փորձել են կանգնեցնել պատերազմը: Ուստի այս պարզ բաները պետք չէ միակողմանի եւ ձեռնտու կերպով ներկայացնել»,-համոզմունք հայտնեց Դանիելյանը:

Նա նաեւ ասաց՝ նախորդ մեկ շաբաթում ինքն ու իր ընտանիքը ստացել են հայհոյանքներ, անեծքներ, դարձել ֆիզիկական հաշվեհարդարի թիրախ. «Ես գիտակցաբար որոշել եմ նվազագույն քայլ անել եւ չարձագանքել դրանց: Դա թուլության նշան չէ, այլ օրվա հրամայական՝ հանդարտեցնել կրքերը, անկախ նրանից, թե դա որքանով է արդար: Հանրության բոլոր շերտերին հորդորում եմ ցուցաբերել օրինակելի վարք, որը ցուցաբերվել է պատերազմի օրերին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30