Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված 27-ամյա գյումրեցի լեյտենանտը կրթվել էր Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում

Նոյեմբեր 17,2020 17:07

Ադրբեջանաթուրքական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է գյումրեցի 27-ամյա Անդրանիկ Էդվարդի Խաչատրյանը։ Անդրանիկը փայլուն ռազմական կրթություն էր ստացել. ավարտել էր Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիան՝ (Royal Military Academy):

Նրանք երկու եղբայր են, երկուսն էլ առաջնագծում են եղել, Անդրանիկը՝ որպես զինվորական է իր պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ, եղբայրն էլ կամավորագրվել ու մեկնել է ռազմաճակատ։

Եղբայրն ապրիլյան պատերազմի մասնակից է, այդ ժամանակ վիրավորվել էր։ Այս մասին մեզ տեղեկացրեց Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Մարինե Գրիգորյանը։

«Անդրանիկը շատ խելացի, համեստ, կազմակերպված երիտասարդ էր։ Հայրը մահացած էր, երկու եղբայրն են, երկուսն էլ յուրահատուկ, շատ հայրենասեր են։ Երբ դպրոցն ավարտեց, բավականին բարձր միավորներով միաժամանակ ընդունվեց երկու բուհ՝ պոլիտեխնիկական համալսարան․ անվճար էր ընդունվել, և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Անդրանիկը նախընտրեց գնալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարան։ 3-րդ կուրսից քննություն հանձնեց և գնաց սովորելու Մեծ Բրիտանիայում։ Բոլոր քննությունը հանձնել էր գերազանցությամբ և Հայաստանից միակն էր, ով գնաց, երկու տարի սովորեց թագավորական ռազմական ակադեմիայում։ Վազգեն Սարգսյանում սովորել է գերազանց, գերազանց սովորողներին, ովքեր անգլերեն լավ գիտեին, ընտրում էին, որ քննություն հանձնեին ու գնային ուսումը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում շարունակելու։

Ավարտելով թագավորական ռազմական ակադեմիան՝ նա վերադարձավ հայրենիք ու անցավ ծառայության, լեյտենանտ էր, հետո դարձավ ավագ լեյտենանտ։ Աշխատում էր Նոյեմբերյանում, պատերազմի ժամանակ գնաց Արցախ։ Այնտեղ երկու եղբայրն էլ վիրավորվել էին․ փոքր եղբոր ձեռքն է վիրավոր եղել, իր ոտքը, եղբայրը Անդրանիկին մեքենա է նստեցրել, մեքենայի մեջ տեղի չի եղել, որ ինքն էլ նստի, բժիշկը եղբորն ասել է՝ դու մյուս մեքենայով կգաս։ Այն մեքենան, որի մեջ եղել է Անդրանիկը, ճանապարհին ռմբակոծել են»,-պատմեց Մարինե Գրիգորյանը։

Անդրանիկն ամուսնացած չէր։

Դպրոցի փոխտնօրենը նաև ասաց, որ դասերը սկսվելուն պես հերոսի անունով դասասենյակ կբացեն։

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցը հրապարակել է հերոսի լուսանկարները, գրելով․ «Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի տնօրենությունը մեծ ցավով հայտնում է, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է դպրոցի նախկին սան Անդրանիկ Էդվարդի Խաչատրյանը (1993թ.):

Բացառիկ համեստ ու խելացի Անդրանիկը կրթությունը Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում ստանալուց հետո ուսումը շարունակել է Անգլիայի Royal Military Academy-ում:

Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում Անդրանիկ Խաչատրյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք, խոնարհում ու խնկարկում հրամանատար Անդրանիկ Խաչատրյանին ու հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30