Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բան արած լինեի, արդեն 5 օր ազատության մեջ չէի լինի». Աշոտ Անդրեասյանը՝ Մանե Գեւորգյանի հրապարակած տեսանյութի մասին

Նոյեմբեր 17,2020 16:54

«Դեպքից մեկ օր հետո ես ԱԱԾ-ում բացատրություն եմ տվել, թե ինչի՞ համար եմ գտնվել ԱԺ շենքում: Ես այնտեղ եմ եղել բազմաթիվ պատգամավորների հետ եւ միակ նպատակն այն է եղել, որ պետական գույքը չվնասվի, որ բախումներ չլինեն: Ես նաեւ ԱԱԾ քննիչին ասել եմ՝ եթե մի տեսանյութ կլինի, որտեղ ես ինչ-որ բանի հարվածում եմ, որտեղ կոչ եմ անում, որ հարվածեն ինչ-որ բանի՝ ես պատրաստ եմ դրա համար պատասխանատվություն կրել: Բայց այս ամենը սադրանք է, զրպարտություն է, որը ես չեմ ընդունում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտմիության ղեկավար Աշոտ Անդրեասյանը:

Տեսապատկեր վարչապետի խոսնակի տեսանյութից

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնության դեմ բողոքող քաղաքացիները ներխուժել էին կառավարության շենք, կառավարական առանձնատներ, խորհրդարան, ծեծի ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այսօր վարչապետի խոսնակն է տեսանյութ հրապարակել, որտեղ երեւում է, որ կառավարության շենք ներխուժողներից են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԲՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը, Սեւակ Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը:

Աշոտ Անդրեասյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Աշոտ Անդրեասյանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ վարչապետի խոսնակի հրապարակած տեսանյութում խոսակցությունները լսելի չեն եւ ընդամենը մի պահ է երեւում ինքը. «Ինչո՞ւ չեն դնում այն հատվածները, որտեղ ես մեր հայրենակիցներին հորդորում եմ, որպեսզի պետական գույքը չվնասեն, որ չմտնեն սենյակներ եւ համակարգիչները չկոտրեն… Իրենց գործելաոճին մենք ծանոթ ենք արդեն 2,5 տարի: Փորձում են միշտ՝ ում վրա եւ ինչ կարող են սարքել: Այսինքն, ԱԺ-ում ես հորդորում էի, որ մեր պատգամավորների սենյակները ջարդե՞ն, հա՞, խելքին մոտ չի: Քննությունը գնում է, մեղավորները կպատժվեն»:

ԲՀԿ ԵՄ ղեկավարը նաեւ հավելեց, որ թե խորհրդարանի, թե կառավարության շենք՝ ցուցարարների մուտք գործելու պահին ինքը չի եղել, ավելի ուշ է հասել, երբ մարդիկ արդեն ներխուժել են շենքի տարածք: Նաեւ ասում է՝ կան տեսագրություններ, թե ինչպես էին ցուցարարները ամբիոնների վրա կանգնում, ծխում եւ ինքն էլ հորդորում է՝ նման բան չանել, իսկ փոխարենը ջրի շշերով հարվածներ է ստանում: Նա ինքն էլ կողմ է, որ մեղավորները՝ պետական գույքը վնասողները, պատասխան տան:

Հարցին՝ ովքե՞ր էին ջարդարարները, մանավանդ, որ խոսակցություններ են շրջանառվում թե իշխանության կողմից հատուկ ներդրված սադրիչներ են եղել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես ջարդողներից ոչ ոքի չեմ ճանաչում: ԲՀԿ ԵՄ անդամներից ոչ մի հոգի չի եղել, որ ինչ-որ բան է ջարդել: ԱԱԾ-ն շատ լավ էլ վերահսկում է իմ հեռախոսազանգերը՝ կարող են հետեւել եւ իմանալ՝ ինչ-որ մեկին կոչ արե՞լ եմ իջնել ինչ-որ տեղ, ջարդեն ինչ-որ բան: Կարծում եմ, որ նման բան արած լինեի, արդեն հինգ օր ազատության մեջ չէի լինի: Ու այս իրավիճակում, որ այսքան զոհ ունենք, այսքան սոցիալական խնդիրներով մարդիկ, այսքան հող ենք կորցրել ու քաոսային իրավիճակ է երկրում, բոլորը իրար մեղադրում են՝ իրենք էլի իրենց ռեպերտուարի մեջ են՝ մարդկանց գլխին ինչ-որ բաներ սարքել, ինչ-որ ոչ կարեւոր բաների հետեւից ընկնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30