Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գենետիկ բնավորությո՞ւն

Նոյեմբեր 17,2020 16:41

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր, «հանուն լավ ապրելու», այս, հատկապես 22 տարիների ընթացքում, վարկաբեկեցին Արցախն, արցախցիներին ու արցախյան հաղթանակները։ Այդ գաղափարախոսությունը 2008թ․ դարձավ շարժում, որի և վերջին կարգախոսն էր՝ «ազատվել ղարաբաղցի տականքներից»։ Հավանաբար, այս ամբոխն այժմ հրճվանքի մեջ է, նրանք միմյանց են այցելում և տոնում իրենց հաղթանակը։ Այս ամենը երևում է նրանց հրապարակային գրառումներից և ելույթներից։

Հարց առաջին․

-Հարգելի պատմաբաններ և վերլուծաբաններ, ցույց տվեք ինձ մեկ այլ պետություն, որի խայտառակ պարտությունից հետո, երկրի ղեկավարը մնա պետության գլխին։ Եթե նա ինքնասպան չլինի, կամ, լավագույն դեպքում հրաժարական չտա, ողջ, այո՝ ողջ ժողովուրդը կընդվզի։ Իսկ Հայաստանում ոչ միայն ողջ ժողովուրդը չի ընդվզում, այլ ժողովրդի ներկայացուցիչներն, օրինակ` տաքսու վարորդները , «խորը» վերլուծություններ են անում․ «Այո, նա պետք է գնա, բայց ո՞վ լինի»։ Սա, թերևս ճիշտ հարցադրում կլիներ, սովորական պայմաններում՝ օրինակ` տնտեսական ձախողման։

Բայց սա դեռ ոչինչ, բա տարբեր քաղաքական-հասարակական գործիչներն ու մտավորականները։ Սրանք բացահայտ պաշտպանում են պարտությունը, ձախողումը, հազարավոր պայծառ երիտասարդների մահերը։ Բա էլ ոնց բացատրես, սրանց կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի արդարացումն, իհարկե, հաճախ մշուշապատ ձևակերպումներով։ Հարգելիներս, ցանկացած բացատրություն, արդարացում, «նախկինների» այպանում, կողմնակի պաշտպանություն վարչապետին, նշանակում է ծափահարել կապիտուլյացիան, չունենալ , ոչ միայն ազգային, այլ մարդկային արժանապատվություն։

Հա, մոռացել էի, դուք «հպարտ» եք։ Հպարտ եք, որ կորցրեցիք Արցախը, Շուշին․ որ վաղը կկորցնեք Սյունիքը։ Ձեզ համար հպարտությունը միայն ձեր բարեկեցիկ կյանքն է, Հայաստանո՞ւմ, թե՞ այլ երկրում, կարևոր չէ։

Երկրորդ հարցս․

-Ցույց տվեք մեկ այլ երկիր, պետություն, որը հանուն հարևանների հետ խաղաղության, առավել բարեկեցիկ ապրելու համար, պատրաստ է հողային զիջումների։ Տարիներ շարունակ Ռուսաստանը և Ճապոնիան չեն կնքում խաղաղության պայմանագիր հարավային Կուրիլյան չորս կղզիների պատճառով։ Այդ կղզիները Ռուսաստանի համար, որպես տարածք, առանձնապես մեծ նշանակություն չունեն, բայց ցանկացած զիջում կբերի այլ առավել մեծ զիջումների և Ռուսաստանը կփլուզվի։ Տարիներ շարունակ տարածքային վեճ գոյություն ունի Հնդկաստանի և Պակիստանի միջև՝ Ջամմու և Քաշմիր նահանգների նկատմամբ։ Տարածքային վեճեր գոյություն ունեն իսպանախոս, կաթոլիկ Հարավային Ամերիկայի տարբեր երկրների, օրինակ` Բոլիվիայի և Պարագվայի միջև։ Այլ օրինակներ, նույնպես կարելի է բերել։ Եվ ինչո՞ւ այս պետությունները չեն գնում զիջումների։ Պատասխանն ավելի քան պարզ է, զիջողը՝ պարտվողն է, նվաստացողը, ապագայում այլ տարածքներ նույնպես զիջողը։ Եվ վերոնշյալ երկրների ոչ ղեկավարները, ոչ քաղաքացիները, վիճելի տարածքները չեն անվանի «անպետք հողեր» ( Սերժ Սարգսյան), կամ «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր ( Նիկոլ Փաշինյան)։

Այո, նորագույն պատմության մեջ կա նաև այլ օրինակ։1978թ․ Քեմփ-Դևիդում կնքվեց Իսրայելա-Եգիպտական խաղաղ պայմանագրի հուշագիրը, որը մեկ տարի անց դարձավ պայմանագիր։ Պայմանագրով Իսրայելը Եգիպտոսին վերադարձրեց Սինայի թերակղզին, իսկ Եգիպտոսը ճանաչեց Իսրայել պետությունը։Եվ ամենակարևորը, առաջինը զիջումների գնաց, ոչ թե Իսրայելը, այլ Եգիպտոսը։ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը խնդրեց Իսրայելին կնքել վերոնշյալ պայմանագիրը։

Ինքս ոչ թե եղել եմ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա նվիրյալներն են այպանում այլոց անվանելով «հայդատականներ» և «ոչ մի թիզ հողականներ», այլ կողմ եմ եղել հողային զիջումների, բայց միայն Իսրայել-Եգիպտոս վերը բերված օրինակով։ Այսինքն, ճանաչվում է Արցախի անկախությունը, իհարկե, մեծ ցավով, զիջվում առավելագույնը 5 շրջաններ։ Գիտեմ, թե ինչ կասեն ընդդիմախոսները․ մենք չենք կարող համեմատվել Իսրայելի հետ, նրա թիկունքին ԱՄՆ-ն էր։ Այո, ամեն պետություն ձեռք է բերում դաշնակիցներ, գործում է հաշվի առնելով այլ երկրների, հատկապես իր դաշնակիցների շահերը, ոչ թե թշնամանում նրանց (Ռուսաստան) և այլ հնարավոր դաշնակիցների (Իրան, Չինաստան) հետ՝ ձեռք չբերելով նորերին։

Այժմ, ցանկանում եմ, ի տարբերություն, իմ նախորդ հրապարակումների, խոսել անուններով։Այս անունները որ տալիս եմ, տալիս եմ մեծ ցավով, քանի որ նրանց հետ ունեցել եմ ջերմ, շատերի հետ ընկերական հարաբերություններ։

Իզաբելլա Սարգսյան, Վահրամ Մարտիրոսյան, Վասակ Դարբինյան, Վարդան Հարությունյան և Լևոն Տեր-Պետրոսյանի այլ աջակիցներ։ Չնայած, ձեր տեսակետներին համաձայն չեմ, բայց դուք անկեղծ եք։ Վերջապես, չնայած հազարավոր զոհերին, դուք հաղթանակ տոնեցիք, կատարվեց ձեր առաջնորդի «կանխատեսումը» ՝ Արցախը կործանվում է։ Եվ զարմանալի չէ, որ դուք պաշտպանում եք վարչապետին և հնարավոր իշխանափոխությանը կհամաձայնեք, միայն եթե երկիրը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը։

Լևոն Բարսեղյան, դու 2016թ․Սերժ Սարգսյանին, իրավամբ այպանում էիր, որ 800 հեկտարն անվանում էր «անպետք հողեր», մասնակցում էիր «Սասնա Ծռերի» ապստամբությանն աջակցող ցույցերին, ձերբակալվում և 2018թ․ ասում «այլևս ոչ մի թիզ հող»։ Ի՞նչ պատահեց, կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր, վտանգի տակ է Սյունիքը և դու շարունակում ես հայհոյել նախկիններին, պաշտպանել վարչապետին և կանխատեսում հնարավոր նոր ընտրություններին նրա հաղթանակը։

Հովսեփ Խուրշուդյան, դու նույնպես մասնակցում էիր «Սասնա Ծռերի» ապստամբության պաշտպանության ցույցերին, դեմ էիր Լավրովի պլանին և հողեր հանձնելուն։ Ամիսներ առաջ, մեր վերջին նամակագրության մեջ, վստահություն հայտնեցիր, որ վարչապետն Արցախը ոչ մի գնով չի հանձնի և նա վարպետորեն մանևրում է։

Ստեփան Գրիգորյան, 2016թ․ ասում էիր, որ Յուրի Խաչատուրովը, հողերը ծախել է, 2018թ․անդամագրվել էիր «Սասնա Ծռեր»-ին և կողմ էիր Քուռ-Արաքսյան հանրապետությանը։

Արմեն Հովհաննիսյան, ձեր չգիտեմ ինչ խմբով գոչում էիք «Հող հանձնողին, հանձնենք հողին»։

Եվ, վերջապես «Սասնա Ծռեր»․․․․

Հարգելիներս, ձեզ ի՞նչ պատահեց։ Միայն չասեք, թե նախկիններն են մեղավոր։ Դա արդեն ծիծաղելի է։

Մի բան կարելի է եզրակացնել, որ դուք կամ անկեղծ չեք եղել, կամ այժմ վախենում եք, կամ որ սարսափելի է, ձեզանից ոմանք և այն ժամանակ և այսօր պատվեր են կատարում։

Անընդունելի և ծիծաղելի են նաև ոմանց «արդարացումները», թե «ո՞ւմ հետևից գնանք, նախկինների՞․․․»։ Այո, սա ընդամենը «արդարացում» է և համակերպում հայրենիքի կորստի հետ։

Երկիրը կործանվում է , դուք նախկիններ և ներկաներ եք փնտրում։ Նախկիններն աչքիս լույսը չեն եղել և չեն։ Բայց նորից եմ կրկնում, երկիրը կործանող անձը պետք է հեռանա, թե ո՞վ նրան կփոխարինի, իհարկե կարևոր է, բայց վարչապետն ու նրա հպատակները պետք է հեռանան։

Մտածում եմ, միթե՞ պարտությունը, հայրենիքը հանձնելը, այն արդարացնելն ու դրանով հրճվելը մեր մեջ արդեն գենետիկ բնավորություն է դարձել։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաչիկ says:

    Մի ճշդում միայն. Պոլիվիան Չիլէի հետ դէպի ծով (Խաղաղական Ովկիանոս) ելքի համար հողային հարց ունի, ոչ թէ Փարակուայի: Իսկ ճիշդ օրինակը մի գուցէ Արգենտինան է, որ թէև պարտուեցաւ 1982ին Հարաւ Ատլանտեան Պատերազմին այնուամենայնիւ չէ հրաժարուել Մալվինեան Կղզիների պահանջատիրութիւնից:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30