Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են, և իրավիճակը կայուն է:
Ելույթ ունենալով ԲՐԻԿՍ երկրների համաժողովում՝ Պուտինը խոսել է համաշխարհային և տարածաշրջանային անվտանգությունից և հիշեցրել, որ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թևակոխեց սուր փուլ:
«Ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ ջանքերը, որպեսզի օգնի դադարեցնել ռազմական գործողությունները մեր բարեկամ երկու պետությունների միջև և մղել նրանց գտնելու փոխզիջումային լուծում: Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ լիարժեք դադարեցնել կրակը և Լեռնային Ղարաբաղում տեղակայել ռուս խաղաղապահների կոնտինգենտ»,- ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ դա արձանագրվել է եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները:
Կարդացեք նաև
«Կարևոր է, որպեսզի հիշատակված պայմանավորվածությունները պահպանվեն: Ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են, իրավիճակը կայունանում է: Այդպիսով ստեղծվել են պայմաններ՝ հակամարտության երկարաժամկետ և բազմաձևաչափ կարգավորման համար, ընդ որում արդարացի հիմքով, հաշվի առնելով ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերը»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ