Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպա լիգայի C լիգայի երկրորդ խմբի 6-րդ տուրում պետք է հյուրընկալեր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Սակայն Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված անկայուն վիճակի պատճառով մեր թիմը հարկադրված է տանտիրոջ կարգավիճակով այդ հանդիպումն անցկացնել չեզոք երկրում՝ Կիպրոսում:
Թբիլիսիում Վրաստանի նկատմամբ տարած անչափ կարեւոր հաղթանակից հետո մեր թիմն արդեն ժամանել է Նիկոսիա եւ նախապատրաստվում է վաղը Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայանալիք խաղին: Այդ հանդիպումը սպասարկելու է շոտլանդական բրիգադը Բոբի Մադենի գլխավորությամբ: Նրան օգնելու են Դեւիդ Ռումը եւ Գրաեմ Ստյուարտը: Չորրորդ պաշտոնյան Դոնալտ Ռոբերտսոնն է:
Խմբի մրցաշարային աղյուսակում Հայաստանը 8 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ Հս. Մակեդոնիան մեկ միավոր ավել ունի եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաղթելու դեպքում մեր ընտրանին կշրջանցի մրցակցին եւ դուրս կգա առաջին տեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ