Մոսկվան կներդնի բոլոր ջանքերը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտարարության վերանայում թույլ չտալու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հիմա չենք տեսնում որևէ փորձ, վերախմբագրելու, վերանայման ենթարկելու այն հայտարարությունը, որն արվել է… Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նման փորձեր չլինեն, հաջողությամբ չպսակվեն»,- ասել է Լավրովը:
Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի կառույցները Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության օրինակով կմիանան Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը:
«Մենք ակնկալում ենք, որ կմիանան նաև մարդասիրական այլ կառույցներ, առաջին հերթին Միացյալ Ազգերի Կազմակերպության կառույցները: Ես նկատի ունեմ Փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի վարչությունը, Մարդասիրական հարցերի կոորդինացման վարչությունը, և իհարկե, Լեռնային Ղարաբաղում խիստ է դրված նաև մշակութային ժառանգության պահպանման հարցը: Եվ այստեղ իր դերակատարությունը կարող է ունենալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան սպասում են մանրամասների, թե ինչ դերակատարություն է ունենալու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում:
«Ինձ համար տարօրինակ էր դա լսել… Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ նման հայտարարությունները կամ արտացոլում են նման արտահայտություններ անողների ոչ բավարար տեղեկացվածությունը, կամ թյուրիմացության արդյունք են»,- ասել է նա:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ի սկզբանե սերտորեն աշխատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի կազմում է նաև ԱՄՆ-ը: Նրա խոսքով՝ վերջին 10 օրերին Ղարաբաղի թեման «ամենամանրամասն կերպով» երկու անգամ քննարկվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ, ինքը՝ Լավրովը, մոտ մեկ ժամ այդ մասին խոսել է իր ֆրանսիացի գործընկերոջ հետ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ