Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու առեղծվածային դեպք՝ արցախյան եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ եւ հետո. (Տեսանյութ)

Նոյեմբեր 17,2020 18:00

Մի-24 ռուսական ուղղաթիռի ծրագրված խոցում՝ ծափողջյունների ներքո

Նոյեմբեր 9-ին կեսգիշերից անց Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրմանը նախորդել ու հաջորդել են երկու իրադարձություններ, որոնց վերաբերյալ ակնհայտ է թեման փակելու մղումը:

Սկսենք եռակողմ հայտարարության ստորագրմանը նախորդածից: «Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել… Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին», հաղորդեց ՀՀ ԱԻՆ-ը:

Հայաստանի տարածքում, որտեղ ռազմական գործողություններ չէին ընթանում, եռակողմ հայտարարության ստորագրումից մոտավորապես 6 ժամ առաջ ադրբեջանական կողմից խոցվեց ռուսական Մի-24 ուղղաթիռը:

Ռուսաստանյան լրատվականները հաղորդեցին, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է ռուսական մարտական մեկ ուղղաթիռ, նշվեց, թե ենթադրվում է, որ այն խոցվել է Նախիջեւանի տարածքից: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը հետաքննություն է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե ովքեր են կրակ բացել ուղղաթիռի վրա: Միջադեպի հետեւանքով ուղղաթիռի 2 օդաչուները զոհվեցին, երրորդը՝ վիրավորվեց։ ՌԴ նախագահը նշեց անձնակազմի զոհված անդամների անունները՝ անձնակազմի հրամանատար Յուրի Իշուկն ու ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինը։

Տեղեկությունը տարածվելուց քիչ անց պաշտոնական Բաքուն անմիջապես խոստովանեց, որ ռուսական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի զինվորականների կողմից: Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում էր․ «Ուղղաթիռի թռիչքը իրականացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական մերձակայքում, հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ակտիվ ռազմական բախումների պահին։ Թռիչքը իրականացվել է օրվա մութ ժամանակահատվածում, փոքր բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելեց, թե նախկինում նշված տարածքում ՌԴ ռազմաօդային ուժերը չեն նկատվել. «Նշված հանգամանքների համատեքստում եւ տարածաշրջանում լարված իրադրության եւ ռազմական բարձրացված պատրաստականության լույսի ներքո, հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ, հերթապահ ռազմական հաշվարկով որոշում է կայացվել կրակ բացել»: Բաքուն ներողություն հայցեց ողբերգական միջադեպի կապակցությամբ, հավաստիացրեց, թե «պատահական բնույթի» միջադեպը ուղղված չէ ընդդեմ ռուսական կողմի եւ պատրաստ են «փոխհատուցել»: Նախիջեւանի զինվորական դատախազությունը ուղղաթիռը խոցելու քրեական գործը հարուցեց «ծառայության հանդեպ անփույթ վերաբերմունքի» հոդվածով:

Բաքվի բացատրությունը Մոսկվային, որքան էլ տարօրինակ է, բավարարեց այն դեպքում, երբ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը նոյեմբերի 12-ին նշեց, թե Մի-24–ի խոցման պատճառների մասին վերջնական եզրակացություններ դեռ չկան: ՌԴ ԱԳՆ հայտարարություն էր տարածել` նշելով, որ ՌԴ-ն սպասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումների շուտափույթ իրագործմանը՝ ՀՀ տարածքում խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի մեղավորներին հետաքննելու եւ պատժելու վերաբերյալ։

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին «Ռոսիա սեգոդնյային» նոյեմբերի 12-ին հայտնելով, որ Մի-24 ռուսական ուղղաթիռի խոցման պատճառների մասին վերջնական եզրակացություններ դեռ չկան, նաեւ հավելել էր. «Պատերազմը պատերազմ է, ամեն ինչ էլ պատահում է։ Հանձնաժողովն աշխատում է, եզրակացություններ դեռ չկան։ Պարզվել է, որ երեկո էր, ինքնաթիռը ցածր է թռել, այդ պատճառով ռադարների տեսադաշտում չի հայտնվել։ Իսկ այնտեղ ռազմական դրություն է, երիտասարդ տղաները տեսել են, որ ռազմական ուղղաթիռ է թռչում, եւ ահա նման որոշում է կայացվել»:

Մինչ համացանցի ռուսական հատվածում սկսեցին հեգնել ու քննադատել Ռուսաստանի իշխանությունների ներողամիտ կեցվածքը, նշելով, թե կրկին հաղթեց. «Չէ՞ որ մենք Ադրբեջանից լոլիկ են գնում» տրամաբանությունը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը շտապեց պարզաբանել, որ վճռորոշ դեր է խաղացել Բաքվի հայտարարությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց` Բաքվի ակնթարթային արձագանքը թույլ տվեց, որ Ռուսաստանն ընդունի ադրբեջանական կողմի ներողությունը խոցված ուղղաթիռի համար, որովհետեւ Ադրբեջանն անաչառ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատժելու պատրաստակամություն է հայտնել։

Պաշտոնական մասով՝ այսքանը: Սակայն այժմ քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց համաձայն չի կարելի բացառել, որ ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանի թուրքամետ ուժերը փորձել են ձախողել Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության ստորագրումը:

Իսկ այն, որ պաշտոնական Անկարան կարող է դժգոհ լինել այդ համաձայնագրից՝ ներքին տեղեկատվություն ունենալու անհրաժեշտություն էլ չկա: Անհերքելի է, որ Էրդողանը Հարավային Կովկասն իր ազդեցության գոտի է համարում, Անկարային ղարաբաղյան հակամարտության կողմ է պաշտոնապես հայտարարել, չի թաքցնում Լեռնային Ղարաբաղում թուրքական ռազմական ներկայության անհրաժեշտ լինելու իր համոզումը: Այս պայմաններում՝ Անկարան կուզենա՞ր, որ ռուս խաղաղապահները մտնեին «իր ազդեցության գոտի»… Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Հետեւաբար, տրամաբանական է, որ Ադրբեջանում թուրքամետ ուժերը շահագրգռված էին համաձայնագրի տապալմամբ։ Այս համատեքստում կարելի է գտնել բացատրություն, թե ինչու Մոսկվան ու Բաքուն այդպես արագ իրենց դիվանագիտական ժեստերով փակեցին ուղղաթիռի, ակնհայտորեն, ծրագրված խոցման պատմությունը հետեւյալ արդարացմամբ՝ Ադրբեջանը տեղի ունեցածի պատասխանատվությունը վերցրեց իր վրա, իսկ Ռուսաստանը «բարեհոգաբար ներեց»:

Նկատենք, որ ռուսական խոցված ուղղաթիռի կադրերից համացանցում առավելապես տարածվել էին հեռու պլանից արված մեկ-երկու տեսանյութ: Սակայն մեզ հաջողվեց տելեգրամյան ալիքից գտնել դեռեւս չոչնչացված մի տեսագրություն, որն արված էր ադրբեջանցիների կողմից՝ բավական մոտ տարածությունից: Դրանում հստակ երեւում է, որ մինչեւ ուղղաթիռի խոցումն արդեն իսկ սկսվել էր տեսանկարահանման պրոցեսը, այսինքն՝ նկարողները գիտեին, որ խոցման հրաման է եղել եւ սպասում էին խոցմանը:

https://www.youtube.com/watch?v=s1jWT6v4ZVc

Խիստ ուշագրավ է, որ ռուսական ու ադրբեջանական մամուլը գերադասում է չտարածել հենց այն տեսագրությունը, որն ապացուցում է, որ նպատակային, ծրագրված ոչնչացման հրաման է եղել, հստակ լսվում են, թե ինչպիսի ծափողջյունների, հիացական բացականչությունների ու սուլոցների ներքո են խոցել ռուսական ուղղաթիռը: Յութուբում այս տեսանյութը նույնպես չկա, առավելապես տարածվել են ընդհանուր պլանից արված նկարահանման կադրեր՝ նաեւ արդեն ուղղաթիռի խոցումից հետո:

Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի՝ «պատերազմը պատերազմ է, ամեն ինչ էլ պատահում է» ցինիկ մեկնաբանության առիթով արդեն արցախյան եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մոսկվան ստիպեց Բաքվին պարզաբանումներ ստանալ: ՌԴ-ում «մեծ սխալ» որակեցին ՀՀ օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի վերոնշյալ հայտարարությունը. «Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ», նշեցին ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով. «Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլեւս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»:

Երկիմաստ հայտարարություններ, անշուշտ, առավել քան ծիծաղելի կլինեին: Անհերքելի փաստերը հետեւյալն են. ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Իսկ այնտեղ կարող էին լինել վարձկան ահաբեկիչներ, որոնք ուղղակի իրականացրել են թուրքական զինվորականների հրահանգը:

Հիմա այս թեմայի շուրջ ընդարձակվելը մի տեսակ արգելված է ռուսական եւ ադրբեջանական շրջանակների համար, սակայն տպավորություն է ստեղծվում, որ արցախյան եռակողմ հայտարարությունը ստորագրելուց առաջ տեղի ունեցած այս սադրանքը Մոսկվան ու Բաքուն միահամուռ ուժերով շատ արագ հարթեցին, որպեսզի ինչ-որ գաղտնիք ջրի երես դուրս չգա: Ու այստեղ մեկ վարկած կա՝ դա կարող է լինել Անկարայի մղումը՝ թույլ չտալ զինադադարի եւ տարածքների հանձնման վերաբերյալ հայտարարության ընդունումը, որի արդյունքում ռուս խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում:

Պաշտոնական Բաքուն արդեն նոյեմբերի 13-ին «ոչ տեղին» որակեց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել էր, որ Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական Մի-24-ի խոցման մասին դեսպանի հայտարարությունը՝ «պատերազմում, ինչպես պատերազմում», համարում են «ոչ տեղին»: «Արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները եւ պաշտոնատար այլ անձինք պարտավոր են զերծ մնալ ինքնագլուխ հայտարարություններից», հավելել էր նա:

Պայթյուն Ադրբեջանում՝ եռակողմ հայտարարության ստորագրումից րոպեներ անց

Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդող մեկ ուրիշ առեղծվածային դեպք կա: Նոյեմբերի 10-ի լույս գիշերը անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը եռակողմ հայտարարություն են ստորագրել՝ հրադադարի, տարածքների վերադարձի եւ ռուսական խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, ադրբեջանական տելեգրամի տարբեր աղբյուրներ, բառացիորեն անմիջապես այդ տեղեկատվության տարածումից հետո տարօրինակ մի լուր հաղորդեցին, թե «Բաքվում պայթյունի ձայներ են լսվում»:

«Sputnik Азербайджан»-ը տելեգրամյան էջում գրեց. «Բաքվի տարածքում լսվեց հզոր պայթյունի ձայն: Որոշ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Սումգայիթի տարածքում»: Քիչ անց նույն «Sputnik Азербайджан»-ն արդեն տարածքի բնակիչների կողմից հեռախոսով արված լուսանկարներ հրապարակեց՝ գրելով. «Պայթյունը տեղի է ունեցել Սումգայիթի եւ Խըրդալանի միջեւ»:

Ամեն դեպքում, պարզ է, որ առեղծվածային պայթյունը Ապշերոնի շրջանում է եղել, սակայն արդեն մի քանի օր է անցել, ոչ ոք չի խոսում այս պայթյունի հանգամանքների մասին, բացառությամբ ադրբեջանցի որոշ ընդդիմադիր փորձագետների դատողությունների, որոնք ակնարկում են, որ դա հստակ սադրանք է եղել՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո: Նկատենք, որ հայկական կողմին մեղադրելու փորձ անգամ չի եղել Ադրբեջանի կողմից, ինչը խոսուն վկայություն է այն մասին, որ Բաքուն դա ուղղակի բացառում է, հակառակ դեպքում՝ կարող էին որպես հարմար «առիթ»՝ հայկական կողմին մեղադրել:

 

Մինչդեռ ադրբեջանական ընդդիմադիր փորձագետներից որոշների մոտ պայթյունի միջադեպը հստակ «սադրանք» որակողներ կան, անուղղակիորեն պայթյունի հեղինակի հարցում կարծես նախապատվություն է տրվում մեղադրանքի սլաքն ուղղել դեպի ռուսները՝ որպես պատասխան քայլ ռուսական ուղղաթիռի խոցմանը, կամ որպես ստիպողական քայլ, որպեսզի Ադրբեջանն ու Թուրքիան չհրաժարվեն հայտարարության ստորագրումից:

Սակայն այս դեպքում էլ ամենեւին չի կարելի բացառել թուրք զինվորականների գործոնը, որոնք պաշտոնական Անկարայի դժգոհության պայմաններում իրենց ահաբեկիչ վարձկաններով նպատակ են ունեցել եռակողմ հայտարարությանն ի պատասխան քայլ անել՝ տապալելով եռակողմ համաձայնության կիրառումը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30