Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կողմից առկա ապացուցողական բազան շատ ավելի ուժեղ է՝ ի տարբերություն Ադրբեջանի». Արա Խզմալյան

Նոյեմբեր 17,2020 15:02

«Պատերազմի ավարտը չի փոխում այն հասանելի միջոցները, որոնք հասու էին ՀՀ-ին և անհատներին իրենց դեմ խախտումների առնչությամբ պաշտպանություն իրականացնելու մասով»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի համար գործնական հնարավորությունները, որոնք կային պատերազմի օրերին, այժմ պահպանվում են: Նա նշեց՝ գործ ունենք կյանքի իրավունքի, որոշ դեպքերում անձնական անձեռնմխելիության, ընտանեկան կյանքի իրավունքների խախտումների, սեփականության իրավունքների խախտումների և այլնի հետ կապված:

Նա փաստեց՝ շարունակվում են նաև ռասսայական խտրականության արգելման կոնվենցիայի խախտումներն Ադրբեջանի կողմից, որոնց առնչությամբ կարծես առաջին քայլը կա արված. ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է ուղարկել Ադրբեջանին՝ պահանջելով դադարեցնել: Ըստ Արա Խզմալյանի՝ սա հետագայում Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացնելու համար լավ նախապայման է:

Նա նաև փաստեց՝ այսօր առավոտյան լրացուցիչ պահանջ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) կապված նոյեմբերի 11-ին գերեվարված՝ իր բնորոշմամբ հափշտակված անձանց հետ: Այս առիթով ասաց. «Մենք գործ ենք ունենալու նաև միջպետական վեճերի հետ ՄԻԵԴ-ում: Կլինեն նաև բազմաթիվ անատական գանգատներ»:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ապացուցողական բազան, որ Հայաստանն ունի և հիշեցմանը՝ ադրբեջանական կողմը հեռացրեց հայ գերիների գլխատման մասին տեսանյութը, ռազմական գերատեսչությունը հերքեց այդ փաստը, Արա Խզմալյանը պատասխանեց. «Հերքել կամ չհերքելը գործնականում որոշիչ դեր չեն խաղում. կարևորը լինի համապատասխան բազան: Այն, որ պատերազմի օրերին Արցախում գործել են միջազգային լրատվամիջոցներ, այդ տեսանկյունից մեր կողմից առկա ապացուցողական բազան շատ ավելի ուժեղ է՝ ի տարբերություն Ադրբեջանի»:

Հարցին՝ վարձկանների հարցով իրավական ի՞նչ ակտերով է պատասխանատվություն ենթադրվում, մանավանդ ՀՀ-ն սկսել է Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման դեմ ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի վավերացման գործընթացը, Արա Խզմալյանը պատասխանեց. «Ցավոք, բացի այդ կոնվենցիայից պահանջ ներկայացնելու, գործնականում ուրիշ մեխանիզմներ չկան բուն վարձկանների մասով: Բայց անկախ այդ կոնվենցիայից՝ կա ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին կոնվենցիա, որի շրջանակներում գործում է Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը, և այդ մասով պետք է հասկանալ, որ իհարկե, ապացուցողական բազան պետք է օբյեկտիվ գնահատել, բայց նախնական կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ գործ ունենք հենց ահաբեկիչներ վարձելու և, այդ թվում քաղաքացիական անձանց վրա հարձակումների հարցով նրանց օգտագործելու մասով»: Այստեղ նա կարևորեց նաև ՀՀ-ի կողմից ձերբակալված վարձկանի վկայությունը, որտեղ նա պատմում է, որ իրենց խոստացել են գումար ամեն սպանված հայի համար:

Գերեվարված անձանց հետ կապված, թե ինչ պատասխանատվության կարող է ենթարկվել Ադրբեջանը, Արա Խզմալյանն այս առիթով ասաց. «Բոլոր այն դեպքերում, երբ կարելի է պարզել կոնկրետ հանցագործություն իրականացրած անձի ինքնությունը, պետք է հարուցել անհատական քրեական գործեր, և այդ անձանց որևէ երկրում հայտնվելու դեպքում բերել անհատական պատասխանատվության դաշտ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանից փոխհատուցում պահանջելու մասին հայտարարությունը նա համարեց զուտ հայտարարություն և նշեց՝ համադրելի ծավալի պահանջներ կարող է նաև Հայաստանը ներկայացնել:

Հարցին՝ Ադրբեջանին և Թուրքիային քրեական պատասխանատվության կանչելու հնարավորություններ կա՞ն, այդ երկրների ղեկավարությունը կարո՞ղ է քրեական պատասխանատվության ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար, Արա Խզմալյանը պատասխանեց. «Գործնականում ես դա կբացառեի, եթե խոսում ենք բարձրագույն պաշտոնատար անձանց մասին՝ նախագահի: Պաշտոնավարման ընթացքում նա ունի անձեռնմխելիություն, քանի դեռ Հռոմի կանոնադրությունը վավերացված չէ, չեն կարող խոսել քրեական պատասխանատվության մասին: Բնականաբար, Ադրբեջանի տարածքում բացառված է, մնում է այն, որ հնարավորինս ապացուցողական բազա ձևավորվի առանձին անհատների մասով, որոնք մասնակից են եղել այս կամ այն հանցանքին, չեզոք՝ երրորդ երկրում նրանց հայտնվելու դեպքում տեղում դատավարություն լինի, արտահանձնման կամ ձերբակալության հարցով տանել աշխատանքներ: Բայց միջազգային քրեական դատարանի դռները գործնականում փակ են մեր առաջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30