«Ատելությունից եք խոսում: Տիկին Նազարյան, այդ տեսանյութը, որ հրապարակել եք, ի՞նչ եք տեսնում: Տեսնում եք, որ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն իրենց անվտանգությունը վտանգելով՝ պետական կառույցներն էին պաշտպանում, երբ դուք բոլորդ անհետացել էինք: Դա եք դուք»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով խորհրդարանի փոխնախագահին՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը:
Հիշեցնենք, որ Լենա Նազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ ըստ խորհրդարանի անվտանգության աշխատակիցների՝ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը եղել է խորհրդարան ներխուժած ջարդարարության հեղինակներից: Նաիրա Զոհրաբյանն էլ Լենա Նազարյանի ասածները սուտ է որակել:
Դահլիճից հարց հնչեց Աբովյանին՝ «ումի՞ց էիք պաշտպանում»: Աբովյանը պատասխանեց. «Չգիտեմ, բայց դրա հետ մեկտեղ հետաքրքիր հարց ունեմ: Ինչո՞ւ է իմ առանձնասենյակից կորել նոթբուքը: Նոթբուքի դարդը չեմ անում, ուղղակի շատ հնարավոր է, որ այդ ամենը, այո, ուղղորդված է եղել, որպեսզի այդ մարդկանց ջարդարար հանեք: Բացի դա, տիկին Նազարյան, տեղադրել եք տեսանյութ՝ ամենալկտի հայհոյանքներով եւ սպառնալիքներով: Մեզ սպառնո՞ւմ եք: Նրա համար, որ ասում ենք՝ Արցախը չի կարելի հանձնե՞լ…Այսօր այստեղ ի՞նչ եք քննարկում: Համազգային աղետի մակարդակը չե՞ք հասկանում: Մամուլի տեղեկություններով՝ ձեր ընդդիմախոսներից մեկին դանակահարել են: Տիկին Նազարյան, հիմա ո՞վ է ատելություն գեներացնում: Բացեք նայեք ձեր դրած տեսանյութերը, գուցե ձեր հեռախոսը գողացել են, չգիտեմ: Մի հատ բացեք նայեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ