«Իմանալով, որ ինձ փնտրում են՝ ինքնակամ ներկայացել եմ եւ քննիչի որոշմամբ ձերբակալվել եմ: Ձերբակալման որոշումը բողոքարկել եմ: Մեկ նիստով դատարանը եւ ձերբակալման եւ կալանքի հարցն է քննել եւ որոշել է, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է եւ մերժել է կալանքի միջնորդությունը եւ դատարանի դահլիճից ազատ են արձակել»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանը: Նա մեղադրվում է նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը «կառավարության շենքի վրա հարձակման» գործով:
Հիշեցնենք, նոյեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնության դեմ բողոքող քաղաքացիները ներխուժել էին կառավարության շենք, կառավարական առանձնատներ, Ազգային ժողով, նաեւ ծեծի ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին : Այսօր, վարչապետի խոսնակն է տեսանյութ հրապարակել, որտեղ երեւում է, որ կառավարության շենք ներխուժողներից են նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Մանուկյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը, ԲՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը, Սեւակ Խաչատրյանը, Հովհաննես Հարությունյանը:
Հարցին՝ ինչո՞վ կբացատրեք ձեր վարքագիծը, ընդունո՞ւմ եք ձեր մեղավորությունը, ի վերջո, կառավարության շենք եք ներխուժել եւ պետական գույք եք փչացրել, Նարեկ Մանթաշյանը պատասխանեց. «Ես որեւէ գույք չեմ փչացրել: Ես ընդամենը մտել եմ կառավարության շենք՝ փնտրելու թիվ 1 մեղավորին: Այնտեղ չեմ գտել՝ գնացել եմ այլ տեղերում ման գալու: Որեւէ գույք չեմ վնասել անձամբ, իսկ որ այդ մասսայի մեջ կարող են լինել նաեւ այնպիսի մարդիկ, որ վնասում էին… Նույն Նիկոլ Փաշինյանը 2018-ին ռադիոտունը որ ջարդում էին, որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց»: «Առավոտի» կողմից նկատենք, որ իրականում Ռադիոտան վրա հարձակման համար մեղադրանք էր առաջադրվել Տիգրան Մազմանյանին:
Հետաքրքրվեցինք՝ անվտանգության աշխատակիցներ կայի՞ն շենքի մոտ եւ ինչո՞ւ նրանք չարգելեցին ցուցարարների մուտքը կառավարության շենք: «Ես հիմա անվտանգության աշխատակիցների գործողություններին, որ գնահատական տամ՝ կստացվի այդ տղաներին փաստով մեղադրանք եմ առաջադրում, որովհետեւ իրենք էլ են հայրենասեր տղերք եւ հասկանում են, որ դավաճանություն է եղել»,- ասաց Նարեկ Մանթաշյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ձեր վարքագիծը, ձեր արարքը արդարացվա՞ծ եք համարում, մեր զրուցակիցը արձագանքեց. «Իմ արարքում քրեորեն պատժելի որեւէ բան չի եղել: Ես 40 օր առաջնագծում, մարտերին մասնակցելուց հետո, որ իմացել եմ իմ հողը ծախել են, եկել եմ ցասումի իմ ձայնն եմ բարձրացրել»:
Նարեկ Մանթաշյանն ասաց, որ մարտերին մասնակցել է սեպտեմբերի 28-ից մինչեւ նոյեմբերի 7-ը: Եղել է Հադրութում, Կուբաթլուում, Քարվաճառում, Մարտակերտում, Շուշիում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից