«Նախաձեռնությունն արդեն մուտքագրել ենք: Ուզում ենք իմանալ՝ ժամը 16:00-ին գալո՞ւ եք ԱԺ խորհրդի նիստին»,-ԱԺ լիագումար նիստում այսօր խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք՝ ընդդիմության նախաձեռնությամբ այսօր 18:30-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ՝ ռազմական դրության ռեժիմը չեղարկելու հարցով: Օրակարգը հաստատելու համար դրանից առաջ պետք է գումարվի ԱԺ խորհրդի նիստ:
«Այդ ժամը հայտարարությունների ժամ է, որը սահմանված է կանոնակարգով»,-պատասխանեց Լենա Նազարյանը:
Էդմոն Մարուքյանը նորից ասաց. «Մենք նախաձեռնել ենք արտահերթ նիստ: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ժամը 16:00-ին ԱԺ խորհրդի նիստ է լինելու: Խորհրդի անդամ «Իմ քայլի» պատգամավորները, հանձնաժողովների նախագահները եւ փոխխոսնակները գալո՞ւ են, որ նիստը կայանա: Ասեք՝ իմանանք: Եվ, արտահերթը լինելո՞ւ է թե ոչ»:
Կարդացեք նաև
Լենա Նազարյանը պատասխանեց. «Ես անպայման ներկա կլինեմ որպես նիստը վարող, իսկ խմբակցության իմ գործընկերների որոշման մասին տեղյակ կպահենք լրացուցիչ կամ իրենք կհայտնեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ