ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր արել ու ստեղծված իրավիճակի հետ կապված իր լուծումներն առաջարկել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ զարմացել է նախագահի առաջարկից. «2018-ին բազմահազարանոց, հարյուր հազարանոց հրապարակներում հավաքվող մարդկանց Արմեն Սարգսյանը չանդրադարձավ: Նա ասում է, որ կա պահանջ ու դա լուծման ճանապարհ է, այնինչ հրապարակներում երեկ եղել է տարբեր հաշվարկներով 2-3 հազար մարդ: Պարոն Արմեն Սարգսյանի այդ կոչից հետո բազմաթիվ մարդիկ սկսեցին գրել, որ խնդրում ենք վարչապետին հրաժարական չտա, մենք երկիրը Ռոբին, Սերժին, նախկին թալանչիներին տալու չունենք, նրանց հետ պահեք»:
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Հայկ Սարգսյանն ասաց, որ հիմա ծանր իրավիճակ է, ունենք զոհեր, վիրավորներ, կորոնավիրուսով վարակվածներ. «Ու պարոն Արմեն Սարգսյանը, որ կորոնավիրուսից միշտ վախենում է, բոլորս գիտենք, որ մարդ է ընդունում, 50 մետր հեռու է նստում, որ հանկարծ չվարակվի, այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին: Չի կարելի այս պայմաններում խոսել դրա մասին»:
Իսկ երբ հիշեցրին, որ դուք կորոնավիրուսի հաստատված դեպքերի պարագայում քարոզարշավ էիք անում՝ Սարգսյանը հերքեց՝ ասելով, որ իրենք դադարեցրել են քարոզարշավը, բայց թե երբ են դադարեցրել, դա երեւի արդեն կարեւոր չէ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ