ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ առջեւում բանակցություններն են, պետք է կարողանանք քաղաքական լուծումներով իրավիճակ փոխել ու այդ լուծումների համար է, որ ընդդիմությունը պահանջում է կառավարության հրաժարականը. «Մենք գտնում ենք, որ մարդիկ նոր քաղաքականությամբ, նոր սկզբունքներով պետք է կարողանան բեկում մտցնել դիվանագիտական հարթակում»:
Նա ասաց, որ ՀՀ նախագահի հետ չեն հանդիպել, բայց տարբեր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Արմեն Սարգսյանի կողմից հստակ մատնանշվել են այսօրվա ստեղծված խնդիրներն ու լուծումները: Նա կրկին վստահեցրեց, որ հիմա պաշտոնի կռիվ չի գնում, այն անձը, ով պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա՝ նրա համար չափազանց բարդ մեկնարկի հնարավորություն է այսօր ստեղծված. «ԲՀԿ ներկայացուցիչները երբեք իրենց չափաբաժին պատասխանատվությունից չեն խուսափել, ներկայումս էլ չեն խուսափում պատասխանատվություն վերցնելուց»:
Իշխանական պատգամավորները, օրինակ, Լենա Նազարյանը հայտարարել է, որ հիմա պետք է սպասել, վիճակը կայունանա՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց. «ԱԺ կին փոխնախագահ Լենա Նազարյանը ստում է եւ ասում է, որ ԲՀԿ պատգամավորները մասնակցել են խժդժությունների, սուտ է, նա կենթարկվի, կսկսենք իրավական գործընթաց: Երկրորդ հարց՝ Լենա Նազարյանն այն կինն է, մայր, երբ որ փորձում են սորոսական ԶԼՄ-ներով խեղաթյուրել իմ, Գեւորգ Գորգիսյանի խոսքը ու ասել, որ մենք արյան կոչեր ենք անում, նայեք Լենա Նազարյանի էջը նա շեյր էր անում այն իբր ֆեյք ազատամարտիկների, կամ միգուցե իրական ազատամարտիկների կոչերը, որոնք ասում էին՝ հեսա դիրքերից իջնենք, գալու ենք մտնենք ընդդիմադիր պատգամավորների տները: ԱԺ փոխնախագահը իր էջում դնում է բռնության կոչեր եւ հետո մեզ է մեղադրում իրենց ֆեյք ինդուստրիաներով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ