Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավիթ Մանուկյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եղել է այն մարդկանց խմբում, որոնք ներս են խուժել կառավարության շենք եւ ջարդուփշուր արել այնտեղի գույքը». Լենա Նազարյան

Նոյեմբեր 17,2020 12:42

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին, թե ստեղծված իրավիճակից դուք ի՞նչ լուծում եք տեսնում՝ պատասխանեց, որ լուծումը հրաժարականը չէ, բայց լուծումներ կան. «Քննարկվում են: Քանի դեռ որոշումներ չկան, ես չեմ կարող ասել»:

Հարցին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր առաջարկներն է արել, այն է՝ ԱԺ արտահերթ ընտրություններ, ազգային համաձայնության կառավարության ստեղծում, համաձայն չե՞ք նախագահի առաջարկի հետ՝ Լենա Նազարյանը պատասխանեց, որ բոլոր հնարավոր լուծումներն ու առաջարկները քննարկվում են. «Ես չեմ կարող հստակ ասել, բացահայտել, եթե քաղաքականության մեջ որեւէ բան հրապարակային չէ, դա չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունեցել: Քննարկումներ տեղի են ունենում ե՛ւ մեր խմբակցությունում, ե՛ւ վարչապետի հետ»:

Հարցին՝ նորմա՞լ է խորհրդարանական երկրում, երբ վարչապետը փաստաթուղթ է ստորագրում, իսկ դրան ԱԺ նախագահը, պատգամավորները, փոխնախագահները տեղյակ չեն՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Այդ փաստաթղթի ստորագրումը տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, պարզվեց, որ այդ փաստաթուղթը ոչ թե վատ առաջարկ էր, որը պետք է քննարկվեր ու մերժվեր, այլ իրավիճակով էր թելադրված, ռազմական դրությամբ էր թելադրված»:

Հարցին՝ սպասում եք՝ իրավիճակը կայունանա, ի՞նչ պետք է տեղի ունենա, որ կայունանա՝ Լենա Նազարյանը պատասխանեց. «Եռակողմ հայտարարության ստորագրման օրը տեսաք, որ խմբերով մտան կառավարության շենք, մտան ԱԺ: Հիմա այդպիսի երեւույթներ չկան, բայց մենք պետք է համոզվենք, որ որեւէ բռնություն ու բռնության կոչեր չպետք է լինեն: Երեկ մենք տեսանք, որ Գեւորգ Գորգիսյանը եւ տիկին Զոհրաբյանը նման բան են ասել»:

Դիտարկմանը, որ Նաիրա Զոհրաբյանը հերքում է, ասում է, որ երեկ ԲՀԿ-ն չի մասնակցել խժդժությունների՝ Լենա Նազարյանը պատասխանեց, որ լրատվականների վերնագրերը այլ բան էին ասում. «Բացի այդ, կառավարության անվտանգության աշխատակցի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հավաստմամբ հայտարարության ստորագրման օրը պատգամավոր Դավիթ Մանուկյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եղել են այն մարդկանց խմբում, որոնք ներս են խուժել կառավարության շենք եւ ջարդուփշուր արել այնտեղի գույքը, դա ոչ մի աղերս չունի բողոքի արտահայտման եւ քաղաքակրթության հետ: Երբ այդ երեւույթները կդատապարտվեն նրանց կողմից, այդ դեպքում թող պահանջեն հրաժարական: Այս պայմաններում հրաժարական պահանջելը, երբ որ կառավարություն են ներխուժում ու ջարդուփշուր անում, իրենք ո՞նց են պատկերացնում՝ հրաժարականի դեպքում ինչ կարող են անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30