«Պատերազմի մեկնարկի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, հարց տվեցի խորհրդարանի ղեկավարին՝ ո՞ւմ եք դիմում, միջազգային հանրությա՞նը, ո՞վ է քո ռազմավարական գործընկերը, ինչո՞ւ չէիր դիմում Ռուսաստանին: Ասե՞լ եմ՝ Վլադիմիր Վարդանյան, զանգե՞լ եմ քեզ, չեմ ասե՞լ, որ հայտարարության տեքստում լրացնեք, ո՞ւմ եք անհասցե դիմում։ Ու, ի՞նչ եղավ, էդ միջազգային հանրությունն ի՞նչ արեց»,-ԱԺ լիագումար նիստում այսօր նման հարցադրումներ արեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով «Իմ քայլի» պատգամավորներին:
Նա շարունակեց. «Դեռ ամսի 29-ին, երբ Ռուսաստանի Պետդումայում քննարկվեց այդ հարցը, լավ կլիներ, որ մինչև այդ դիմած լինեինք: Նրանք զանգեցին ու ասացին, որ երկու ժամ հետո միջնորդական առաքելությամբ գալիս են Երեւան, Ստեփանակերտ, հետո՝ Բաքու: Ձեզանից եղավ հետևյալը՝ ի՞նչ խաղաղապահ, ի՞նչ խաղաղապահի մասին է խոսքը։ Բայց այդ ժամանակ ռազմական դիտորդների մասին էր խոսքը։ Հիմա ի՞նչ ենք անում»:
Ապա Մելքումյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Եթե դու չես տիրապետում իրավիճակին, չես տիրապետում՝ ի՞նչ է լինելու, հետեւաբար՝ ինչո՞ւ պետք է այդքան զոհերը լինեին։ Պետք է զոհվեին, նոր հասկանայի՞ք։ Բա որտե՞ղ էր քո արտաքին քաղաքականությունը։ Զոհրաբ Մնացականյանից բացի էլ պաշտոնյաներ չկա՞ն, որոնք պետք է հրաժարական տային, գնային: Պարտված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել։ Նոր իշխանություններ, նոր բանակցություններ՝ սա է միայն օրակարգը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ