«Համազասպ Դանիելյան, ինչպե՞ս է ձեր աղջիկ Շուշին: Հուսամ՝ լավ է: Պարոն Դանիելյան, մենք ձեր աղջկա ձեռքը բռնած՝ մի օր անպայման գնալու ենք Շուշի՝ այն Շուշին, որը հանձնեց ձեր գերագույն գլխավոր հրամանատարը: Այն Շուշին, որի վերաբերյալ նա ասաց՝ պատերազմը կանգնեցնելու ցանկացած սցենարի դեպքում այն պետք է հանձնվեր առանց մարտերի: Կարծում եմ՝ բոլորս եք տեսել Քարինտակից բարձրացվող մեր զինվորների դիերի կադրերը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր, այս դահլիճում կարող է եւ պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցնել նոր ավերածություններ անել: Հեռացնել նրան իշխանությունից»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
Ապա նա կոչ արեց իր եւ Գեւորգ Գորգիսյանի խոսքերը չխեղաթյուրել. «Մենք արյան կոչ չենք արել»: Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ արյան կոչ է արել Նիկոլ Փաշինյանը, որն ասաց՝ «վրեժ լուծենք»: «Մեր երկրում չի լինելու քաղաքացիական պատերազմ: Ես ունեմ իմ մեղքը: Ես գիտեի, թե ինչպիսի մարդու հետ գործ ունենք: Գուցե վախեցա, որ դուք կբերեք եւ իմ երեխայի տան դիմաց կդնեք այն դագաղները, որոնք դրեցիք այն կանանց առաջ: Հիմա այլընտրանք չունենք՝ այս ամբիոնից քննարկվելու է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ